Առաջընթաց բոլոր ուղղություններով
Տնտեսական շահ, թե քաղաքական մեծ խաղ
04 Մար 2013  

Ամենազոր ժամանակը

Բավականին ժամանակ է անցել, ինչ մեր այցելուների հետ չենք հաղորդակցվել ավանդական դարձած վերլուծական բնույթի հրապարակումներով, որոնցով սովորաբար փորձում էինք մեր տեսակետը արտահայտել այս կամ այն քաղաքական գործընթացի վերաբերյալ: Բայց նորից ուզում ենք կրկնել այն, ինչ բազմիցս ենք ասել. 2rd.am-ը դասական իմաստով լրատվամիջոց չէ, այլ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը,և մենք օրվա հրատապ թեմաներին անդրադառնում ենք այնքանով միայն, որքանով այն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի անվանն ու գործին: Այդ իմաստով, անցած ամիսն ինչ որ իմաստով բացառիկ էր: Մի կողմից Ղարաբաղյան շարժման 25 ամյակն էր նշում ողջ հայությունը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության բնակչությունը ներքաղաքական կարևորագույն իրադարձության` նախագահի ընտրության մասնակիցը դարձավ: Վերջինի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը արտահայտել է իր վերբերմունքը, և առիթ ու իմաստ չկար, որպեսզի մեր կայքէջն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենար այն լուսաբանելու գործում: Առանց այդ էլ դրան էին լծված մեր բոլոր լրատվամիջոցները` տպագիր, թե էլեկտրոնային: Իսկ, այ Ղարաբաղյան շարժման 25 ամյակը շատ լավ առիթ էր, որպեսզի մեր կայքէջն ավելի մեծ ծավալով իրականացնի այն նպատակները, որոնք ըստ էության դրել էր իր առաջ ստեղծման օրից: Այն է` Ռոբերտ Քոչարյան քաղաքական ու պետական գործչի վաստակի և անվան արդարացի գնահատումը և մասսայականացումը: Ու քանի որ նրա գործը սերտ առնչվում է Ղարաբաղին ու Ղարաբաղյան շարժմանը, ավելի ստույգ հենց նա է այդ հզոր շարժման մի քանի իրական հիմնադիրներից մեկը, ապա պարզ է, որ մեր փետրվարյան նյութերի մեծ մասը պիտի վերաբերեր հենց Ղարաբաղին, որ նույն է թև նաև Ռոբերտ Քոչարյանին: Սկսելով ԼՂՀ ՊՊԿ պատմական կոչի ու նույն կոմիտեի առաջին նիստի տեսագրության հրապարակումով, այնուհետև մեր էջերում զետեղեցինք այդ ժամանակների ու Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող "Պետք էր ապրել" տեսաֆիլմը, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը "Մոսկովսկիե նովոստի"  թերթին, Մոսկվա-Երևան հեռուստակամուրջը, որի հյուրը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչպես նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահի հարցազրույցը ԼՂՀ և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին և այլ նյութեր: Մեր այս հրապարակումներին արձագանքները հուշում են, որ բոլորը չէ, որ գիտեն ոչ հեռավոր անցյալի մեր պատմությունը, որն անշուշտ մեր երկար դարերի պատմության կտրվածքով էլ եզակի հաղթական էջերից մեկն էր: Ահա, մի կողմից չիմացությունը, մյուս կողմից հերոսական այդ պատմության մասնիկը լինելու գայթակղությունը բազմաթիվ փառասեր մարդկանց մղում է կեղծիքի ու ինքնագովեստի: Ցավալի է, որ այդպիսով ոչ միայն Սուտլիկ որսկանների  թիվն է ավելանում ու ավելանում, այլև Ղարաբաղյան շարժման մեջ ու հաղթական պատերազմում իրենց լուման ներդրածներն են  չափազանցնում սեփական դերակատարությունը այն աստիճան, որ փորձում են ներկայանալ որպես  դեմքեր, ումից իբր կախված էր Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը: Իսկ եթե նրանցից մեկը նաև որոշակի նյութական միջոցների է տիրապետում, իսկ այդպիսիք նույնպես քիչ չեն, ապա դժվար չէ գտնել մի լրագրողի, որը ներբող-հոդված կթխի, օպերատորի կամ ռեժիսորի, որը ձոն-ռեպորտաժ կպատրաստի, և նույնիսկ պատմաբանի, ով պատմական ակննարկ կձևի նրա հագին: Սա պատմության ու պատմական փաստերի խեղաթյուրման ոչ միակ, բայց ռեալ ճանապարհներից մեկն է: Պխտոր ջրերի այդ ձկնորսները հաջողում են նաև իսկական գործիչների համեստ լռության հետևանքով: Սակայն միշտ էլ գալիս է պղտոր ջրերի պարզվելու ժամանակը և գետի հորձանուտի մեջ խաղեր տված տաշեղները մնում են գետի տիղմոտ ափին, իսկ հաստատուն  խարիսխ և հուսալի առագաստներ ունեցողները շարունակում են իրենց նավարկությունը դեպի հավերժություն: Ասել կուզի, որ պատմական տեսանկյունից թեթևսոլիկ դեմքերը որքան էլ փորձեն իրենք իրենց և իրենց գործին ծանրակշիռ տեսք ու կեցվածք տալ, միևնույնն է` ամենազոր ժամանակն ամեն ինչ դնում  է իր տեղը, և բոլորն են հասկանում, թե ովքեր են հերոսները և ովքեր հերոս խաղացողները: Ճշմարտության հնարավորինս արագ բացահայտման ու մասսայականացման այս կարևոր գործի առաքելությանը մասնակից լինելու վստահությամբ ենք մենք մեր գործն անում և հետևողականորեն շարունակելու ենք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի հսկայական դերակատարությունը թե պատերազմում հաղթանակի և թե հայոց երկու պետությունների կայացման ու ամրապնդման գործում: Օգտվելով Ղարաբաղյան շարժման հոբելյանից` այս կարևոր թեմայով էինք տարված և ականջի հետև էինք գցում նույնիսկ նախընտրական լարված շրջանում Ռոբերտ Քոչարյանի հասցեին թույլիկ կսմթոցները:

Այնուամենայնիվ մի քանի նման հարցեր կան, որոնք չենք կարող առանց մեկնաբանության թողնել, որպեսզի չստեղծվի պատրանք, թե նրանց հեղինակները քիչ թե շատ մոտ են ճշմարտությանը:

Դրանցից առաջինը ամեն վատ բան Ռոբերտ Քոչարյանի ուսերին բարդելու քրոնիկ հիվանդների հերթական հայտարարությունն էր, թե ՀՀՇ –ի կործանման պատճառն ու մեղավորը ՀՀ երկրորդ նախագահն է: Այս դեպքում, կարելի է ախտորոշել, որ հակաքոչարյանիզմ հիվանդությունն այնքան է կուրացրել  ու բթացրել նրանց, որ չեն հասկանում, որ այդպիսով գովում են Ռոբերտ Քոչարյանին: ՀՀՇ կարկառուն լիդեր Լ.Տ.Պ-ն հայտարարում է, թե ժողովուրդն ատում է այդ ՀՀՇ բառը, թե աղանդավորների գեղական կլուբ է այն: Պիտի ավելացնենք, որ ժողովուրդը միայն այդ բառ անվանում չէ, որ ատում  է, այլ հհշականներին ու նրանց կառավարման տարիները,և ուրեմն պատիվ կբերեր Քոչարյանին ատելի այդ աղանդի վերջը տվողը լինելը: Սակայն, ցավոք, իրականությունը միանգամայն այլ է: 

Թե ով քանդեց ՀՀՇ-ն, պատմությունը նույնպես ցույց կտա: Բայց արդեն իսկ պարզ է, որ պաշտոնամոլությունը, եսասիրությունը, ներքին գզվռտոցն ու  կոռումպացվածությունը այդ կուսակցության կազմալուծման պակաս կարոր նախադրյալներից չեն: Այնպես որ, այն ինչ կոռոզիայի է ենթարկվում ու քայքայվում է ներքին ժանգից, հարկ չկա, որ դրսից էլ քանդվի:

Երկրորդ զավեշտալի հայտարարությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը թաքուն աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նույնիսկ ղեկավարում է նրան: Նման պնդումներ անողներն արդեն միայն հակաքոչարայնականությամբ չէ, որ տառապում են: Նրանց ճշգրիտ ախտորոշմամբ միայն հոգեբույժները կարող են զբաղվել: Իսկ, թե ով է կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքին, հենց այդպես չի պարզվի: Հարկ է մի շատ լուրջ գիտական կոնֆերանս հրավիրել, զեկուցումներ հանձնարարել ասենք Հայրիկյանին, էպոսագետին ու Արամ Հարությունյանին: Թե չէ չափից ավելի եք հզորացնում Րաֆֆի Հովհաննսիյանի թիկունքը` մասոններով ու առհասարակ արևմտամետներով, ամերիկամետներով ու ռուսոֆիլներով:
  
Եվ վերջապես երրորդ մունետիկը, որ սուտ լուր է բերում, Գառնիկ Մարգարյան ազտամարտիկների "նշանավոր" վետերանն է: "Առավոտ"-ի սիրահոժար էջերից արդեն մի քանի անգամ նա ազդարարում է կոռուպցիայի դեմ պայքարի իր ազգափրկիչ ծրագրի մասին: Այդ պայքարի ծրագրով, նա կոռումպացվածների ու անիրավորեն հարստացածների մի երևակայական ցուցակ է կազմել, որի առաջին հորիզոնականում Ռոբերտ Քոչարյանի անունն է:
 
Ակնհայտ է, որ Գառնիկ Մարգարյանը կոմունիստների բառով ասած, անցյալի մնացուկ է, քանզի Քոչարյանի մասին բոլոր այն բոբոյական հեքիաթները, որոնցով փորձում էին միամիտներին խաբել ու վախեցնել, հերքվել են վաղուց: Մենք դեմ չենք, որ իսկապես պայքար ծավալվի կոռուպցիայի ու երկիրը թալանածների դեմ, բայց առանց ժամանակավրեպ ու աչառու գործիչների կեղծ ցուցակների: Իսկապես արժե պարզել, թե ով ինչի տեր է դարձել մեր երկրում անկախության տարիներին և ինչ ճանապարհներով: 

Իսկ այս շաբաթ /չորքեշաբթի և հինգշաբթի օրերին/ մենք կներկայացնենք Դավոսի տնտեսական համաժողովին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին պատմող նյութերը: Իսկ շաբաթը կավարտենք մարտի 8-ի շնորհավորանքով, որովհետև ինչպես ամենուր, մեզ համար էլ կանանց տոնը ամենաուրախներից է:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: