Ակտիվ մարզական հանգիստ
Շնորհավորում ենք
29 Օգո 2013  

Առողջ ապրելակերպի առավելությունները

Այնպես ստացվեց, որ 2rd.am-ի աշխատակազմն իր ամառային արձակուրդներն անցկացրեց Երևանում: Իր անհարմարություններով հանդերձ, այս փաստը պատեհություն էր ընձեռում հետևելու մեր մամուլին, էլեկտրոնային կայքերին ու հեռուստատեսությանը: Անկեղծ ասած՝ բավականին զվարճացել ենք և պատրաստ ենք ձեզ հետ կիսել մեր ուրախությունը հայրենական մամուլի և մի քիչ էլ քաղաքական դաշտի վերաբերյալ:

Նախ, իր ողջ շքեղությամբ փայլեց հակակոռուպցիայի ռահվիրա ու միաժամանակ հակակոռուպցիայի գեներալ-գնդապետ, կնյազ Գառնիկ Մարգարյանը՝ սերժանտ Արբակ Խաչատրայանի նվագակցությամբ: Ու ոչինչ, որ նրանց այսօր ընդամենը մեկ լրատվամիջոց է հարթակ տրամադրում. նրանք թերևս վստահ են, որ մի արմանբաբաջանյանով էլ գարուն կգա /այս դեպքում՝ ամառ/: Մենք սկզբում որոշել էինք առավել մանրամասն անդրադառնալ նրանց ազգանվեր գործունեությանը, բայց, ավաղ, չհասցրեցինք: Մեր լրատվամիջոցներից որոշները այն օրը գցեցին այս ընկերներին, ներկայացնելով նրանց անցյալի ողջ պերճանքն ու թշվառությունը, որ մենք թերևս կլռենք, քանզի, որպես հայեցի դաստիարակված մարդիկ, սովոր չենք ընկածին հարվածել: 
Հիմա անցնենք մեր ուրախության այլ աղբյուրներին: «Առավոտ» թերթի և նույնանուն կայքի մի հրապարակման համաձայն /հարցազրույց մի մոլի ՀՀՇ-ականի հետ/, արցախյան պատերազմի տարիներին ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ (!!!) Ռոբերտ Քոչարյանը խնդրել է (!!!) Սասուն Միքայելյանին (???)` իրեն գրանցել իր ջոկատում, բայց պայմանով, որ ինքը չի մասնակցելու մարտական գործողություններին ))): 

Համաձայնեք. այս միտքն արժանի է Նոբելյան մրցանակի, սակայն միայն այն դեպքում, եթե դրա հեղինակը բժշկից համապատասխան թուղթ ներկայացնի Նոբելյան կոմիտե: Կասկած չկա, որ պարոն Արամ Աբրահամյանը, որ անհուն հարգանքով ու սիրով է լցված երկրորդ նախագահի հանդեպ, մի լավ ծիծաղել է այս հարցազրույցը դիտելիս: Բայց, այնուհանդերձ, որոշել է հրապարակել: Չէ՞ որ սկզբունքներն ու մասնագիտական պատվախնդրությունը վեր են ամեն ինչից, նույնիսկ փողից՝ անագամ ԱՄՆ դոլարների տեսք ունեցողից:
 
Ասածի առհավատչյան՝ «Առավոտի» մեկ այլ ամառային հրապարակումն է այն մասին, որ Նոյեմբերյան տանող ճանապարհով անցնող վարորդները բարի խոսքերով չեն հիշում Ռոբերտ Քոչարյանին: Հարցրեք ինչու՞: Քանի որ նրա օրոք  ավելի անվտանգ ճանապարհ է կառուցվել: Հին ճանապարհը գնդակոծվում էր ադրբեջանցիների կողմից, եվ շրջանցիկ ավելի ապահով ճանապարհ կառուցվեց: Իսկ ինչո՞ւ են վարորդները ոչ լավ բառերով հիշում Քոչարյանին: Գուշակեք երեք փորձից... Դե, որովհետև ճանապարհը հիմա լավ վիճակում չէ: Ահա, պարոնայք, թերթի էջերում արտացոլված ժողովրդական ցասումի կառկառուն օրինակ: 

Իսկ մոտ մեկ ամիս առաջ «Առավոտի» մի խմբագրական ընթերցեցինք, ուր հեղինակը կոչ էր անում մոռացության մատնել քաղաքական առասպելները, որովետև նրանք խոչընդոտում են մեր քաղաքական դաշտի էվոլյուցիային /թե՞ ռեվոլյուցիային, անկեղծ ասած լավ չենք մտապահել/: Մասնավորապես, ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին կոչ էր արվում մոռանալ այն առասպելը, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տնտեսական աճ է եղել: Դժվար բան եք առաջարկում, պարոն Աբրահամյան: Ավելի դյուրին խնդիր դրեք, թե չէ մարդիկ կմոլորվեն: Օրինակ, դադարել հավատալ այն առասպելին, թե կա Հայաստան աշխարհում մի /մեկ-երկու կամ հը-հը՝ երեք/ազնիվ ու օբյեկտիվ թերթ, որի խմբագիրն անկաշառ է, որ չի մասնակցում իշխանական խորհրդակցություններին, պատվերներ ու հանձնարարականներ չի կատարում և գրում է միայն համոզմունքներից ելնելով: 

Առանձին, բայց կարճ շնորհակալական խոսքի նյութ է տալիս, անշուշտ, նաև «Ժամանակ» թերթի խմբագիրը, նույն ինքը՝ 1-ին լրատվական կայքի Արման անունով հայտնի, եվրոպական կոնկրետ արժեքների ջատագով Արման Բաբաջանյանը: Եվ ոչինչ, որ նա հասարակությանը հայտնի է որպես մեկ-երկու աննշան խարդախությունների հեղինակ ու մասնակից /չար լեզուներն ասում են՝ երկու-երեք/: Միևնույնն է, մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան` մեր կայքի լուսանկարները հետևողականորեն ու ջանասրտորեն տարածելու համար: Ճիշտ է, այդ լուսանկարներին ուղեկցող տեքստերը հաճախ առնչություն չեն ունենում Երկիր մոլորակի հետ, բայց ոչինչ. ամեն ինչ միանգամից չի լինում: Կգա ժամանակը /ի նկատի ունենք ժամանակը, այլ ոչ թե «Ժամանակը»/ և ամեն բան իր տեղում կհայտնվի: 

Հիմա եկեք դիմավորենք մեր նոր մասնակիցներին՝ «slaq.am»-ին ու «168 ժամ» թերթին, որոնք դարձան մեզ համար հակասական զգացմունքների և անզուսպ ապրումների պատճառ: Նախ, Սլաքը ամառվա ոչ շոգ օրերից մեկին մի գեղեցկագույն առանձնատան լուսանկար էր հրապարակել և ներկայացրել այն որպես Ռոբերտ Քոչարյանի շքեղ սեփականություն: Մի պահ ուրախության անկեղծ պահ ապրեցինք երկրորդ նախագահի և իր ընտանիքի համար, բայց, ցավոք, առանձնատունը չէր համապատասխանում իրականությանը: Պարզելը դժվար չէր. մենք գնացինք այդ տան հասցեով, և առաջին իսկ պատահած Բենտլիով հարևանից պարզեցինք, որ առանձնատունն իրականում բոլորովին այլ մարդու է պատկանում: Իսկ «168 ժամ»-ին խոր տվայտանքների առիթ էր տվել մեր արձակուրդը, այնչափ, որ մի պահ հուզվեցինք, հասկանալով, թե նվաստներիս ամեն մի աննշան գործողություն ինչպիսի զգացողություններ է պարգևում այդ լրատվամիջոցի ներկայացուցիչներին: Գրվել էր մի յուրահատուկ մինի-վերլուծական առ այն, թե արդյո՞ք մեր կայքէջի աշխատակազմը իսկապես արձակուրդի է մեկնել, թե՞ դա քաղաքական պոնտ է, թե՞ Քոչարյանն է արձակուրդ մեկնել, թե՞ երկուսս էլ միասին ենք մեկնել, թե՞ չենք մեկնել, բայց մեկնելու ենք: Մեր բակի Վնաս մականունով լուսահոգի Գագոն կասեր հաստատ այս կապակցությամբ դժվար կացության մեջ ընկնելու իմաստն արտահայտող մի նախադասություն, որը, ցավոք, չենք կարող հրապարակել՝ Լեզվի տեսչության սահմանած հրապարակային խոսքի կանոնները չխախտելու նպատակով:

Այսքանով, իհարկե, ամառը չի ավարտվում. այդպես, տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանն է կանգանած Երևանի տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարողների, ինչպես նաև օֆշորային սկանդալի հեղինակների թիկունքին: Պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի մատն է խառը նույնիսկ  ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների որոշակի լարման մեջ: Դե, իսկ գլոբալ տաքացման գործում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն «ակնհայտ է»:
  
Իսկ ինքը` Ռոբերտ Քոչարյանն, ըստ երևույթին առանց տեղյակ լինելու, որ այսքան բանի մեջ է խառնված, պահպանում է արտակարգ մարզական վիճակն ու ֆիզիկական կոփվածությունը: Վկան Սևանում իրականացրած մեր նկարահանումները, որոնք այս օրերին ներկայացրեցինք մեր կայքում: Մեր հետարձակուրդային առաջին վերլուծականի մի քիչ տարօրինակ վերջաբանը, որը վերաբերում էր երկրորդ նախագահի դավանած առողջ ապրելակերպին, ամենևին էլ աննպատակ չէր: Իսկապես մեր մեդիա դաշտում շատացել են նրանք, ում առողջ ապրելակերպը պետք է օդի ու ջրի պես: Զբաղվեք սպորտով, տիկնայք և պարոնայք, թե չէ սպորտը կզբաղվի ձեզնով:

***

Ավելացնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև Սևանի առագաստանավային ակումբի սաներին, շփվել երիտասարդ մարզիկների հետ: Այդ մասին տեսանյութը կարող եք դիտել մեր կայքի լուրեր բաժնում:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: