

Մշտական ուշադրության ներքո պահելով երկրի գյուղատնտեսությունն ու հատկապես` գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների ավելացումը, 2006 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում:
Նախագահը նախ այցելել է Եղվարդի նոր հիմնվող այգիներ, Արզնու "Լինդա" մսամթերքի արտադրամաս, Ձորաղբյուրի "Արտաշես" պահածոների եւ հյութերի գործարան եւ "Արամուսի բարիքներ" ջերմատնային տնտեսություն:
Հիշյալ ձեռնարկությունների ղեկավարները նախագահին են ներկայացրել իրենց ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը, նաեւ` դրանց առնչվող խնդիրներ:
Շրջայցի ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գոհացնող է համարում հանգամանքը, որ եթե նախկինում նմանատիպ այցերի ժամանակ գործարարները բարձրացնում էին չինովնիկական խոչընդոտների մասին հարցեր, ապա այսօր նրանք արդեն խոսում են արտադրության ընդլայնման եւ զարգացման ծրագրերին վերաբերող խնդիրների մասին: