

Երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով որևէ մարզ էր մեկնում, ուրեմն հիմնական նպատակներից մեկը տվյալ մարզի գյուղատնտեսական կամ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկությունների խնդիրներն էին:
Բնականաբար Շիրակի ու Լոռու մարզերում նախագահը բազմիցս եղել է նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքներն ու ծրագրերը վերահսկելու նպատակով: Նրա` 2004 թվականի հունիսյան այս օրերի աշխատանքային այցը Լոռու մարզ տարբերվում էր այն իմաստով, որ նախագահը ցանկնում էր ծանոթանալ մարզի մի շարք արտադրական ձեռնարկությունների աշխատանքին, առհասարակ մարզի արդյունաբերական խնդիրներին:
Հանրապետության նախագահն առաջինն այցելել է նորակառույց "Զոսեկար" ՍՊԸ, որը զբաղվում է մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրությամբ: Այնուհետեւ եղել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող "Հելեն արտ" ՍՊԸ-ում, "Սլացք" ավտոնորոգման գործարանում:
Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է նշված ձեռնարկությունների արտադրական ծավալներին եւ զարգացման ծրագրերին: Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Թուֆենկյան հիմնադրամի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրը, որը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ մեկ ամսից:
Լոռու մարզպետարանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել մարզի ղեկավարության եւ արդյունաբերողների հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրապետության նախագահը ասել է, որ քննարկման հիմնական թեման եղել է մարզում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը:
Այցի ավարտին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ռոբերտ Քոչարյանը դիտել է Հրանտ Մաթեւոսյանի "Աշնան արեւ" ներկայացումը: