

2008 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հոգեւոր խորհրդի պատվիրակությանը` վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանի գլխավորությամբ:
Ընդգծելով տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գնահատում է ավետարանականների կատարած աշխատանքը եւ դրա շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտը:
Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու Հոգեւոր խորհրդի անդամները գոհունակությամբ նշել են, որ իրենց գործունեության ընթացքում մշտապես զգացել են պետության եւ երկրի ղեկավարի քաջալերական վերաբերմունքը:
Հանրապետության նախագահին ներկայացնելով հումանիտար, կրթական, մշակութային ոլորտներում Եկեղեցու կողմից կատարվող աշխատանքն, ավետարանականներն ասել են, որ իրենց նպատակն է դաստիարակել ոչ միայն քրիստոնյա, այլեւ` հայեցի եւ հայրենասեր երիտասարդներ: Հոգեւոր խորհրդի անդամները նաեւ ասել են, որ բարեգործության հետ մեկտեղ ներկայումս սկսել են իրականացնել զարգացման ծրագրեր:
Նշելով, որ 2008 թվականը կարեւոր տարի է Հայ Ավետարանչական ընկերակցության համար` տոնվելու է Հայ Ավետարանական ընկերակցության 90-րդ տարեդարձը, վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը Նախագահին տեղեկացրել է այդ առիթով նախատեսվող միջոցառումների մասին:
Նա ներկայացրել է նաեւ "Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին" գործող օրենքի վերաբերյալ Հայ Ավետարանական Եկեղեցու մոտեցումներն ու առաջարկությունները:
Մեր կայքի մշտական այցելուները հիշում են, որ ամիսներ առաջ ներկայացրեցինք նախագահի աշխատակազմի նախկին աշխատակցուհի Իրինա Ղուլինյանի "Նախագահական հումոր" հավաքածուն, որում նա ի մի էր բերել տարբեր առիթներով նախագահ Քոչարյանի սրամիտ ու հումորային արտահայտությունները: Քանի որ հիշյալ հավաքածուում երկու դրվագ կար Ռոբերտ Քոչարյան-Ռընե Լևոնյան մեկ այլ` 2006 թվականին տեղի ունեցած հանդիպմումից, հարկ համարեցինք բաց չթողնել դրանք կրկին ներկայացնելու առիթը:
2006թ. հանդիպում էր Հայ ավետարանչական եղեկեցու պատվիրակության հետ: Զրույցի ընթացքում Ռընե Լեւոնյանը Նախագահին առաջարկեց գնալ Շվեյցարիա, որտեղ ցույց կտա փաստաթղթային ապացույցներ առ այն, որ դեռ 1800-ականներին Շուշիում ավետարանչական եկեղեցի է եղել: Նախագահն ասաց. "Կարծում էի` պիտի ասես գնանք Շուշի": Հետո էլ թե. "Գերապատվելի, բա ո°ւմ հաշվին ենք գնում` ի°մ, թե° քո": Ռընե Լեւոնյանը թե. "Պարոն Նախագահ, ախր ավետարանչականի միջոցները...", Նախագահը ծիծաղելով ընդմիջեց. "Չեղավ, չեղավ, մեր հարեւանությամբ ԱՄՆ դեսպանատան շենքն եք առնում ու դեռ միջոցներից դժգոհո°ւմ...":
Հետո Ավետարանչականի խնդիրների մասին խոսեցին, ու դրանցից մեկի լուծման համար Նախագահը խոստացավ միջնորդել: Ընդ որում, խոսքը ֆինանսական միջոցներ տնտեսելու հնարավորություն ստեղծելու մասին էր:
Ակնհայտորեն լավ տրամադրություն ունեցող Նախագահը կրկին դարձավ Ռընեին. "Գերապատվելի, հիմա էլ հո միջնորդություն արեցի: Դե հիմա ասա` ո°ւմ հաշվին ենք գնում Շվեյցարիա": Ռընե Լեւոնյանը չհապաղեց. "Պարոն Նախագահ, Շվեյցարիան Ձեր հաշվին, Շուշին` իմ": "Այ մարդ, էդքան միջնորդեցի` վարձքս Շուշի°ն էր...": Ամբողջ պատվիրակությունը քահ-քահ ծիծաղում էր Նախագահի ու Գերապատվելու մենամարտի վրա: