

2006 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ նոյեմբերի 15-ին Բեռլինում հանդիսավորությամբ բացվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպանության նոր շենքը, որը գտնվում է քաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում: Դեսպանության նոր շենքի բացմանը ներկա է եղել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:
Դեսպանության շենքում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հանդիպումը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահն ու ԳԴՀ կանցլերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: Ռոբերտ Քոչարյանն ու Անգելա Մերկելը պայմանավորվել են առաջիկայում աջակցել գործարար կապերի ակտիվացմանը, մասնավորապես բանկային, ապահովագրական, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են նաեւ համալրել իրավապայմանագրային բազան, մասնավորապես համաձայնագիր ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու մասին:
Հայաստանի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Եվրամիության եւ Հայաստանի գործակցության թեմաները: Ա. Մերկելը նշել է, որ Գերմանիան մտադիր է Եվրամիության նախագահությունը ստանձնելուց հետո ակտիվ աշխատանք ծավալել Նոր հարեւանության ծրագրի շրջանակում, եւ այդ համատեքստում կատիվանա նաեւ Հայաստանի հետ շփումը:
Ռ. Քոչարյանը Գերմանիայի կանցլերին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ:
Նոյեմբերի 16-ի առավոտյան ՀՀ նախագահն այցելել է Բեռլինի քաղաքապետարան եւ հանդիպում ունեցել քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ: Քաղաքապետը ներկայացրել է քաղաքի խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուղիներ գտնել` ակտիվացնելու Երեւանի եւ Բեռլինի միջեւ համագործակցությունը:
Հանդիպումից հետո Ռ. Քոչարյանը քաղաքապետի հետ շրջել է Բեռլինի պատմական հրապարակում` Բրանդենբուրգյան դարպասների շրջակայքում:
Նոյեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ է ունեցել ազդեցիկ Բերտելսման հիմնադրամում: