

Եթե նախորդ մի քանի ամիսներին ԱՊՀ իր գործընկերների հետ գրեթե բոլոր հանդիպումներում Վլադիմիր Պուտինը հաղորդում էր անշեղորեն աճող ապրանքաշրջանառության մասին, ապա նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խոսակցությունը նա սկսել է միանգամայն հակառակ հայտարարությամբ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անկում է ապրում:
Ինչպես հաղորդում է "Ռոսիյսկայա գազետա"-ն, Վ. Պուտինի ասելով, դրա պատճառը մեկն է` երկկողմ հարաբերությունների դիվերսիֆիկացման ցածր մակարդակը: Գործնականում, լիովին աշխատանքը դադարեցրել է վերակառուցման նպատակով փակված "Արմենալ" մետալուրգիական կոմբինատը, որն զբաղվում էր փայլաթիթեղի արտադրությամբ Ռուսաստանից մատակարարվող ալյումինից: Դրան գումարած, ռուսական ալմաստների շուկայի ազատականացման արդյունքում Ռուսաստանի ընկերություններն ավելի հազվադեպ են դիմում հայ երեսակողների ծառայություններին: Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանին ամենեւին էլ չեն վախեցնում Վլադիմիր Պուտինի եզրահանգումները: Նա կարծում է, որ մոտ ժամանակներս իրավիճակն արմատապես կփոխվի: Նրա կանխատեսմամբ, "Արմենալ"-ի արդիականացումից հետո, որն իրականացվում է ռուսական միջոցներով, "ապրանքաշրջանառությունը, պարզապես, կկրկնապատկվի": Իսկ այժմ Հայաստանի նախագահին առավելապես հուզում է հայ սպաների (շուրջ 150 մարդ) պատրաստումը Ռուսաստանի ռազմական բուհերում: "Մենք լիովին կբավարարենք ձեր պատվերը", նրան հանգստացրել է ՌԴ նախագահը: Քոչարյանը Պուտինին խնդրել է անել ամենայն հնարավորը, որպեսզի հայ սպաներին Ռուսաստանում ընդունեն ինչպես յուրայինների: Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներն անդրադարձել են նաեւ Վրաստանում առկա իրավիճակին: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն պատրաստվում անտարբեր հետեւել լարվածության սրմանը Կովկասում: Թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս հույս ունեն համոզել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Երեք շաբաթ անց Աստանայում Միխայիլ Սաակաշվիլիին դրանում կհամոզեն ԱՊՀ գագաթաժողովի բոլոր մասնակիցները:
Հանդիպումից հետո երկու նախագահների համատեղ ասուլիսում Վլ. Պուտինը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է լինել երաշխավոր եւ միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացումՙ եթե Երեւանն ու Բաքուն ցանկանան: Վ. Պուտինի ասելով, Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքուն քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին աջակցելու համար հավելյալ միջոցների հարցը: Սակայն, ավելացրել է Ռուսաստանի նախագահը, այդ հարցում առայժմ մեծ առաջընթաց չկա, սակայն շատ կարեւոր է, որ հակամարտող երկու կողմերը փոխզիջումների գնալու ցանկություն ունեն եւ անում են ամեն ինչՙ ընդունելի փոխհամաձայնության հանգելու համար: Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ ընդունել է 2005 թվականի սկզբին Հայաստան այցելելու Ռոբերտ Քոչարյանի հրավերը:
www.azg.am
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: