Очередной успех ООО "Капавор"
Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ
02 Նոյ 2011  
02.11.2011  |  17:15   |   Թերթեր և ամսագրեր

Ճոպանուղին պետք է զարգացման խթան դառնա

Ծաղկաձորի ճոպանուղին հավանաբար վերջին տարիներին Հայաստանում իրականացված ամենանշանակալի կառույցներից մեկն է։ Նրա շինարարությունը սկսվել էր 2004թ. հունիսին, իսկ վերջին ակորդը հնչեց երեկ՝ եզրափակիչ 3-րդ գծի շահագործմամբ։ Առաջին երկու գծերը գործարկվել էին անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին։ Առաջինը Թեղենիսի գագաթից բաժանող 350 մ ուղին անցան կառուցման ակտիվ ոգեշնչողներ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ 
   
   
Մինչ այդ, երրորդ գծի մեկնարկային հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Բացելով այն, Ի.Զաքարյանը ներկայացրեց որոշ թվային տվյալներ, որոնց մի մասը արդեն նշել ենք «Հայոց Աշխարհ»-ի առաջին էջում զետեղված նախաբանում։ Ուստի կրկնությունից խուսափելու համար անցնենք ճոպանուղուն եւ նրա շինարարությանն առնչվող վիճակագրական մյուս ցուցանիշներին։ Սպորտկոմիտեի ղեկավարը նշեց, որ ճոպանուղու տարածքում կան 7200, 2500, 2200 եւ 1600 մ երկարությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող հրաշալի դահուկային ուղիներ։ Իսկ 1 մլրդ 355 մլն դրամի շինարարական աշխատանքներն իրականացրել են «Էներգոցանցշին» ԲԲԸ-ն եւ «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ընդ որում, ճոպանուղու ստեղծման 4 մլրդ 172 մլն դրամից 3 մլրդ 972 մլն-ն հատկացրել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, 140 մլն-ը՝ Հայաստան համահայկական հիմնադրամը եւ 60 մլն-ը՝ «Հայերկաթուղի» ընկերությունը։ Շնորհակալական խոսքում չմոռացվեցին նաեւ մյուս հովանավորները. «Մուլտի գրուպ» կոնցեռնը՝ ճոպանուղու տարածքում հանգստի շինություններ կառուցելու, իսկ էներգետիկայի նախարարությունը՝ 35 հազար կիլովատ հզորությամբ հատուկ ենթակայան կառուցելու համար։ Նաեւ երախտագիտությամբ նշվեց անշարժ գույքի կադաստրի եւ մաքսային պետական կոմիտեների, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանման շուրջ 200 զինվորների եւ սպաների աջակցությունը շինարարության ընթացքում։ Եւ, իհարկե, շնորհակալական խոսք ասվեց նաեւ տարբեր մասնագիտության տեր անձանց՝ վարորդներ, բանվորներ, մեխանիկներ, կռունկավարներ, աշխղեկներ եւ այլք, բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերով ստեղծվել է ծաղկաձորյան հրաշքը։ Շինարարության ընթացքում աչքի ընկած 16 մասնագետներ երեկ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեցին 200 հազարական դրամով։ Իսկ «Կապավոր» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գարի Գրիգորյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ «Անանիա Շիրակացի» մեդալի։ Ռ.Քոչարյանը նկատեց, որ պարգեւի է արժանի նաեւ նույն կազմակերպության նախագահ Մարատ Հակոբջանյանը, բայց նա արդեն պարգեւատրվել է Սելիմի ճանապարհի կառուցման համար։ «Ամբողջ շինարարության ընթացքում դրսեւորած բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար» ձեւակերպմամբ ՀՀ նախագահի շնորհակալագրերին արժանացան տարբեր կազմակերպությունների եւ նախարարությունների ղեկավար աշխատակիցներ։ 
   Ի.Զաքարյանի խոսքերով, ճոպանուղու շինարարության նկատմամբ Ռ.Քոչարյանի ընդգծված վերաբերմունքի վկայությունն են ընթացքում տեղի ունեցած 7 աշխատանքային այցերը եւ 3 հատուկ խորհրդակցությունները։ Իտալական «Լայթներ» ընկերության տնօրեն Օսկար Թիրլինգը հավաստեց, որ ծաղկաձորյան ճոպանուղին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Նրա ձմեռային արագությունը վայրկյանում 2,8 մետր է, իսկ ամառայինը՝ 1,5։ «Ուրախ ենք նաեւ, որ մեզ է վստահվել մատակարարելու «Պրինոդ» ընկերության դահուկահորեր մշակող 3 մեքենաներ։ Մեր մասնագետները շուտով կժամանեն, որպեսզի այդ մեքենաների համար վարորդներ վերապատրաստեն»,- նշեց Թիրլինգը, հավելելով, որ հենց «Պրինոդի» մեքենաներն են օգտագործվել դահուկային սպորտի վերջին 3 աշխարհի առաջնությունների ժամանակ եւ դրանցով են պատրաստվելու նաեւ փետրվարին Թուրինում մեկնարկող ձմեռային օլիմպիադայի դահուկահորերը։ Նա հույս հայտնեց, որ «Լայթների» եւ Հայաստանի համագործակցությունը նոր դրսեւորումներ կստանա։ 
   
Արարողության ավարտին Ռ.Քոչարյանը, միանալով առատորեն հնչած շնորհակալական խոսքերին, նշեց. «Հենց սկզբից որոշվել էր, որ եթե կառուցում ենք, ապա միայն լավագույն տարբերակով։ Հիմա պետք է մտածենք ճոպանուղին ճիշտ օգտագործելու, ինչպես նաեւ Ծաղկաձորում եւ մոտակա գյուղերում ծառայությունների մատուցման ոլորտը զարգացնելու մասին։ Պետք է կարողանանք ճոպանուղին օգտագործել ոչ միայն սպորտի, այլեւ տուրիզմի զարգացման նպատակներով, ինչը կարող է բավական լուրջ ազդեցություն ունենալ նաեւ մեր տնտեսական քաղաքականության վրա»։ Միաժամանակ նախագահը կոչ արեց լուրջ ուշադրություն դարձնել այս տարածքի բնապահպանական խնդիրներին, նշելով, որ նախատեսվում է շարունակել Ծաղկաձորի անտառապատման եւ բարեկարգման ծրագրերը։ «Որակյալ ծառայություններ մատուցելով, կարծում եմ, կկարողանանք ապացուցել, որ Հայաստանը ձմեռային մարզաձեւերով եւ տուրիզմով զբաղվելու համար հրապուրիչ երկիր է»,- ասաց Ռ.Քոչարյանը։ 
   
Վերջում երկրի ղեկավարը նկատեց, որ երեւի պետք է դահուկային մարզաձեւերով զբաղվելու նորմատիվներ սահմանել գործադիր իշխանության ներկայացուցիչների, հատկապես ղեկավարների համար։ Եւ որպես նշանաբան հնչեցրեց. "Բոլորս դահուկների վրա"։

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: