Մասնակցություն երկու տարբեր նիստերի
"Նա հանեց մեր երկիրը ճգնաժամից"
30 Ապր 2012  

Ձեր մտավախություններն արդարացված են

Այս շաբաթ կրկին ու կրկին լրատվամիջոցներում բազմաթիվ են անդրադարձները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բայց դրանց մեծ մասին չենք անդրադառնա հեղինակների չնչինության և ասելիքի ոչնչության պատճառով: Թուր Կեծակիով կարագ կտրելու տրամադրություն ու ժամանակ չկա: Դրանցից միայն մեկին կանդրադառնանք մեկ-երկու բառով: 

- Էս ո՞ւր էիր էսքան տարի, չէիր երևում, այ ախպեր: Թե՞ էլի կայիր, բայց քանի որ քեզնից բան չես ներկայացնում, ուղղակի փոքրության պատճառով չէիր երևում: Կարող ես մի հայտնի մարդու համադասարանցին լինելուց զատ, անձնական մեկ այլ "արժանիք" էլ նշել: Եթե չկարողանաս վերհիշել, մենք կհուշենք քո եզակիության մի ապացույցը: Ամեն դեպքում դու միակ մարդն ես, ով չկարողացավ աշխատել նույնիսկ մարզպետի պաշտոնում, և նշանակվելուց երկու-երեք ամիս անց ժողովուրդն ուղղակի լարեց քեզ Երևան: Եվ դու հարկ ես համարում ու թույլ ես տալիս քեզ քննադատել Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ են ասել. "Փչիր, փչիր, բայց չափդ ճանաչիր":

Լևոն Տեր-Պետրոսյանն է անցած տասնօրյակում բազմիցս հիշել նախագահ Քոչարյանին: Լ. Տ. Պ-ն ասես ժամանակացույց է մշակել և փիս խասյաթի համաձայն, ըստ ժամանակացույցի անընդհատ կսմթում է երկրորդ նախագահին: Բայց դրա մեջ մի տեսակ, մազոխիզմի պես մի բան կա: Այնքան է առաջին նախագահը մանր-մունր բզում, բզբզում, մինչև երկրորդը, ավանդույթի համաձայն` մի պինդ քոթակ է տալիս, ու նա սսկվում է "բավարարված": Երևի, ըստ նրա ժամանակացույցի, ջանն էլի քոր է գալիս:

Ռոբերտ Քոչարյանի անվան բազմակի հիշատակումներ են կապված նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի  ելույթների հետ: Հենց Օսկանյանը փոքր-ինչ մրմռացնող խոսքեր է ասում, այսինքն իրեն թույլ է տալիս իշխանությունների գործունեության այս կամ այն բնագավառը քննադատել, անմիջապես հայտնվում են տասնյակ վերլուծաբաններ, ովքեր առանց հոգնելու արդեն քանի ամիս կրկնում են, թե ահա նրա բերանով Քոչարյանն է խոսում: Մի կողմից այդ քաղաքական մեկնաբանները, փիառիստները կամ վերլուծաբանները Օսկանյանին փորձում են վիրավորել ինքնուրույնության պակասի մեղադրանքով, անպատվաբեր համարում Քոչարյանի "մարդը" լինելը, մյուս կողմից վստահ են, որ կգա պահը և նա կպայթեցնի  ու կմասնատի ԲՀ կուսակցությունը: Բացի Օսկանյանից, էլի մարդիկ կան, ովքեր գրում և  խոսում են թերությունների մասին: Հակառակ կողմը, այդ կարծիքներին ականջ դնելու փոխարեն, տենդագին փորձում է փորփրել այն ամենն, ինչ հնարավոր է փորփրել, որպեսզի հասկանա, գտնի պատվիրատուին, պարզի, թե ով է վճարել այս կամ այն հոդվածի կամ ելույթի համար: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները կարող են նաև գաղափարական շարժառիթներ ունենալ: Նրանց համար անըմբռնելի է, որ ինչ-որ մեկը կարող է դժգոհ կամ գոհ լինել հայրենիքի նկատմամբ սիրուց, ժողովրդի վիճակի մասին մտահոգություններից, պետության  ու հասարակության բարոյական ամրության վերաբերյալ  անհանգստություններից դրդված: Չէ, միայն պատվեր ու փող: 

Մյուս հարցը, որն առիթ դարձավ դարձյալ հանիրավի տալու Ռոբերտ Քոչարյանի անունը` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Զոլյանի պաշտոնանկության թեման էր: Մոտեցումներն էլի տարբեր ու հակադիր էին, բայց ի՞նչ փույթ, թե տրամաբանությանը հակառակ է, որ միմյանց հերքող, ժխտող գնահատականները անպայման պիտի Ռոբերտ Քոչարայնի հետ կապված լինեն: Մի կողմից տարածվեց լուրը, թե Զոլյանին գործից հանել են, որովհետև մտել կամ ցանկացել է մտնել ԲՀ կուսակցություն, դե իսկ չեք մոռացել, չէ՞, որ ԲՀԿ-ն Քոչարյանի համար է "ստեղծված", մյուս կողմից այդ պատմությունը կապեցին երկրորդ նախագահի օգնականի հետ, ընդհուպ մինչ լուրը, թե նա է ուզում դառնալ Բրյուսովի ռեկտոր: Այս ամենն իհարկե ծիծաղելի է, բայց ինչքան ավելի զվարճալի է այս համատեքստում դիտվում մեր պահոցում եղած տեսահոլովակներից մեկը, որում այս պատմության գործող անձանցից  ոմանք երկրորդ նախագահի ուշադրությանն ու բարեհաճությանն արժանանալու համար տրնգի են պարում նրա առաջ: Հիշողության կորուստը մարդու ամենամեծ թշնամին է, գոնե այս բանը կարող եք հիշել, պարոնայք:

Այսքանով այս շաբաթվա վերլուծությունը կարելի էր ավարտված համարել, եթե գոմում մնացած չլիներ ամենամեծ էշը: Այսինքն սոցիոլոգիական այն "անաչառ" հարցումը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանին ձայն կտան ընտրողների 2,5 տոկոսը, եթե մոտակա օրերին լիներ նախագահի ընտրություններ: Բնականաբար մոտակա օրերը 2013 թվականի նախագահի ընտրություններն են, ուստի հարցման պատվիրատուն արդեն սկսել է այդ մասին մտահոգվել: Բա որ իսկապես Ռոբերտ Քոչարյանը վերցնի ու դնի իր թեկնածությունը: Չէ, հիմիկվանից պիտի դրա "դեմն առնել": Ինչպե՞ս: Հասարակությանը մոլորեցնելով, որն ավելի շատ ինքնախաբեություն ու ինքնամոլորեցում է նշանակում:  Իսկ այդ գործը դժվար թե ավելի լավ անի ուրիշ մեկը, քան Ահավորյանը: Հայ սոցիոլոգիայի Բոնչ-Բրուևիչը հարկ է ուզում, կոռ ու բեգյար, և հնարում է, ինչ թիվ, որ պատվիրում եք: Ակամա հիշեցի հեռուստաընկերություններից մեկի մի հաղորդումը, որի ընթացքում Ահավորյանը փորձելով ապացուցել, որ ինքն  ազնիվ ու անաչառ գիտնական է, հիշել էր իր արմատները և ազնվագույն քեռուն: Բայց չհամոզեց, որովհետև դժվար թե այդ լուսահոգի քեռին նրան կրծքով կերակրած լինի, ինչպես Օստապ Իբրահիմովիչին` նրա քեռին: 

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մի գործչի վարկանիշի մասին, ով անմիջական  մասնակցություն չունի այդ ընտրություններին, ոչ մի սոցիոլոգ առանց պատվերի հարցում չի անցկացնի: Լավ, պատվիրվածը պատվիրված, բայց վաստակած փողը քիչ թե շատ "հալալ" զգալու համար գոնե Ահավորյանը մի քիչ նեղություն քաշեր մտածելու, որպեսզի չասեր բաներ, որոնք ծիծաղելի են:  Ինչպես օրինակ պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի "ցածր" վարկանիշի պատճառը նրա ընտանիքի տնտեսական գործունեությունն է:  Հետաքրքիր է, այս "հանճարեղ" վերսիան ինքն է երկնել, թե իրեն պատվեր տվողը: Ամեն դեպքում, ծերացել է մեր խեղճ Ահավորյանը, էլ առաջվա ճարպիկ, "Տելեմարկետի" հաղորդավարի պես էստի համեցեք կանչող առևտրականը չէ, մոռանում է պատվիրատուի բոլոր հանձնարարությունները, ստիպված հաջորդ օրը, պատվիրատուի պարտադրանքով, նորից հարցազրույց է տալիս ընդամենը մեկ` մոռացած հարցի մասին, և այն էլի վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ծերացել է, բայց շարունակում է վարել "Տելեմարկետ" հաղորդաշարը, ու եթե իր ասուլիսի պահին 20 րոպեի ընթացքում զանգ տաս ու պատվիրես մի սոցհարցում, ևս մի սոցհարցում կստանաս անվճար: Լավ էլի, Բոնչ:

Այսքանով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանի մասին մամուլի արծարծումների մեծ մասը վերաբերում է նրա հնարավոր ելույթին կամ հարցազրույցին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան սրվում է սպասումը, թե խոսելու է արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ է խոսելու: Մի կողմից այդ սպասումը հույսի սպասում է նրան վստահող ու հավատացող զանգվածների համար, մյուս կողմից` մտատանջություն է ու մտավախություն նրանց համար, ովքեր իրենք իրենց խաբում են պատվիրված հարցումներով: Մենք, բնականաբար, առաջին խմբի մեջ ենք, բայց և համամիտ ենք երկրորդ խմբի հետ: Մտավախության ու մտատանջության առիթ նրանք իսկապես ունեն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: