Դաստիարակել ոչ միայն քրիստոնյա, այլ նաԵՎ` հայրենասեր երիտասարդներ
Բանակցությունների այդ փուլը Ռամբույե արվարձանում
10 Փետ 2012  

Եռօրյա պաշտոնական այց Շվեդիա

2006 թվականի փետրվարի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել էր Շվեդիայի Թագավորություն: 

Փետրվարի 8-ին Շվեդիայի Թագավորական պալատում տեղի ունեցավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը Թագավոր Կարլ XVI Գուստավի հետ: Հայաստանի նախագահի եւ Շվեդիայի վարչապետ Գյորան Պերսոնի հանդիպումից հետո ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր` ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: 

Տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններ քննարկվեցին նաեւ փետրվարի 8-ին կայացած հայ-շվեդական գործարար համաժողովում, որին մասնակցեցին շվեդական 15 ընկերություններ:

Եռօրյա այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ ունեցավ նաեւ Շվեդիայի Խորհրդարանի նախագահ Բյորն ֆոն Սիդովի, ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի` Ղարաբաղյան հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի, շվեդահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես եկավ Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Ստոկհոլմի Ֆոնդային Բորսայի եւ Investor group ու Ericsson ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ստոկհոլմում նախագահը շփվել է շվեդահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքին առնչվող բազմաթիվ հարցերի:

Խոսելով Փարիզում Ադրբեջանի նախագահի հետ ունենալիք հանդիպման մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չէր ցանկանա կանխագուշակել, թե ինչ արդյունք կլինի, սակայն կարող է ասել, որ շատ զգուշավոր լավատեսության հիմքեր կան: "Արդյունքի հասնելու համար կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որոշ քաղաքական ռիսկերի գնան: Վերջին երկու-երեք օրվա ընթացքում Ադրբեջանում հնչած հայտարարություններից այն տպավորությունն եմ ստացել, որ այդ քաղաքական կամքն այնտեղ կամ չկա, կամ բավարար չէ: Այդ պատճառով իմ լավատեսությունը Ֆրանսիայի հանդիպման նկատմամբ բավականաչափ նվազել է", - նշել է նախագահը:
 
Հարգելի այցելու,

Ձեզ ենք ներկայացնում նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Շվեդիայի Արտաքին քաղաքականության ինստիտուտում

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ Շվեդիա Հայաստանի նախագահի առաջին այցի շրջանակում ձեր առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար:
Որոշեցի օգտվել այս հնարավորությունից, որպեսզի առավել մանրամասն արտահայտվեմ Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության նպատակների եւ առաջնահերթությունների իրագործման մասին:

Մի քանի խոսք Հայաստանի մասին: Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է 17 դար առաջ, հայկական այբուբենը գոյություն ունի 1600 տարի, իսկ թատերական արվեստը Հայաստանում ունի 20 դարի պատմություն: Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ինքը հիմնադրվել է 2787 տարի առաջ: Սակայն հայերն այդ դարերի միջով անցել են փշոտ ճանապարհով: Հայաստանը գտնվել է քաղաքակրթությունների, կրոնների եւ կայսրությունների խաչուղում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նրանց հակադրությունները հաճախ տեղի են ունեցել Հայաստանի տարածքում` նրան բռնագրավել են, ավերել, զրկել անկախությունից:

Տարածաշրջանում երբեւէ բնակված ոչ բոլոր ժաղովուրդներն են դիմացել այդ փորձություններին: Անհետացած շատ ժողովուրդների անուններ հայտնի են միայն մասնագետներին: Մեր ամբողջ պատմությունը գոյատեւման, լեզվի, կրոնի եւ ինքնության պահպանման պայքար է: Ծանր փորձությունները, որոնց գագաթնակետը եղավ 1915 թվականի Եղեռնը, պատճառ դարձան աշխարհի շատ երկրներում հայկական սփյուռքի երեւան գալու: Այդպես ձեւավորվեցին ազգային բնավորության առանձնահատկությունները եւ մեր մասին մյուս ժողովուրդների պատկերացումները:

Տիկնայք եւ պարոնայք,

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 15-ամյակը: Այս տարիների ընթացքում Հայաստանում հաջողությամբ իրագործվել են արմատական բարեփոխումներ քաղաքական համակարգում, տնտեսությունում, դատաիրավական եւ սոցիալական ոլորտներում:

Բարեփոխումների իմաստն անցումային շրջանը, նրա դժվարությունները հաղթահարելն էր եւ անցումը շուկայական հարաբերությունների:

Բարեփոխումների ընթացքը բարդացավ մեզ պարտադրված պատերազմով, շրջափակումով եւ խստագույն էներգետիկ ճգնաժամով: 90-ականների սկզբին եւ կեսերին երկրի սոցիալական վիճակը օրհասական էր: Այդ մարտահրավերներին մեր պատասխանը եղավ վերափոխումների տեմպի արագացումը, ռեսուրսների կենտրոնացումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ փոխլրացման սկզբունքի կիրառումը արտաքին քաղաքականությունում: Անդրադառնամ արտաքին քաղաքական կոնտեքստին: Դրա էությունը օգուտ փնտրելն է տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հակադրությունների հարթեցումից, այլ ոչ թե դրանց սրացումից: Այսինքն, ակտիվ դիրքավորում մեր գործընկեր պետությունների շահերի դրական համադրման գոտում:

Որպես հետեւանք, Հայաստանին հաջողվեց կառուցել հասկանալի եւ կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Իրանի հետ: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես քաղաքական ոլորտին, այնպես էլ տնտեսական, հումանիտար եւ ռազմական համագործակցությանը:

Այսպես Հայաստանը հաջող համատեղում է իր զարգացած ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում եւ աճող ներգրավվածությունը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի ծրագրերում: Մենք կարծում ենք, որ այսպիսի փոխլրացումը համահունչ է խաղաղության եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին եւ վտանգներին: Մենք պետք է սկզբունքորեն նոր մակարդակի հասցնենք միջազգային ահաբեկչությանը հակազդելու մեր ջանքերը: Անհրաժեշտ է միահամուռ փնտրել եւ վերացնել ահաբեկչություն ծնող պատճառները եւ չսահմանափակվել միայն դրա հետեւանքների դեմ պայքարով:

Հայաստանը ձգտում է մեծացնել իր ներգրավվածության մակարդակը գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացներում: Ակնհայտ է, որ համաշխարհային տնտեսության մեջ առավել արդյունավետ ինտեգրացիան հնարավոր է իրագործել լիարժեք տարածաշրջանային համագործակցության միջոցով: Սակայն, Հարավային Կովկասի իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Չկարգավորված հակամարտությունները եւ բարեփոխումներին նվիրվածության տարբեր աստիճանները ստեղծում են խոչընդոտներ, որոնք խանգարում են տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը: Սկանդինավյան երկրների փոխգործակցության փորձը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը, ծավալուն տնտեսական համագործակցության տարարծաշրջան լինելով, կարող է տալ շատ ավելին, քան տարածաշրջանի երեք երկրներից յուրաքանչյուրը կարող է ստանալ միայնակ:

Հարավային Կովկասի ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ կարող է ունենալ կարեւոր կիրառական նշանակություն: Եվրոպական կառույցները կարող են խրախուսել բարեփոխումների ներդաշնակեցումը տարածաշրջանի երկրներում` դրանց տալով ընդհանուր ուղղվածություն: Կարելի է մտածել նաեւ համատեղ ծրագրերի իրագործման մասին, որոնք ի ցույց կդնեն տարածաշրջանային համագործակցության առավելությունները:

Այս հարցում կարեւոր է նաեւ տարածաշրջանին հարեւան երկրների դիրքորոշումը: Այսպես, Հայաստանի անկախության առաջին օրերից սկսած` Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումն, անկասկած, խաղում է չափազանց բացասական դեր: Մեզ բնականոն չի թվում իրավիճակը, երբ Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ վարող երկիրը շրջափակում է իրականացնում Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության մասնակից պետության նկատմամբ:

Տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, էներգետիկ համատեղ ծրագրերը, ապրանքների եւ ծառայությունների ճանապարհին արգելքների վերացումը խոստանում են ակնհայտ օգուտներ բոլորին եւ կբացեն նոր հեռանկարներ ողջ Հարավային Կովկասի համար: Չեմ կասկածում, որ այն դրականորեն կանդրադառնա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

Դեպի կարգավորում տանող ամենակարճ ճանապարհն անցնում է համագործակցության եւ շփումների ընդլայնման միջով: Մենք այդ մոտեցումը բարձրաձայնել ենք ոչ մեկ անգամ եւ պատրաստ ենք դրա գործնական կիրառմանը:

Շվեդիայից ես անմիջապես մեկնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, որը կկայանա Փարիզում: Չծավալվելով մանրամասների մեջ, կասեմ միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շնորհիվ մեզ մոտ ավելացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ փոխըմբռնումը:

Սպասվում են դժվար բանակցություններ, որոնց արդյունքը չէի ցանկանա կանխագուշակել:

Լեռնային ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: Ընդ որում, այն արել է միջազգային իրավունքին բացարձակ համապատասխանությամբ` անցկացնելով անկախության հանրաքվե եւ պաշտպանելով դրա արդյունքներն իրեն պարտադրված պատերազմում: Դա տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում: Իրավիճակը տառացիորեն քրիստոմատիկ էր անկախության ձեռքբերման համար: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Նայեք աշխարհի քաղաքական քարտեզին, նորանկախ երկրներից շատերը ձեւավորվել են տարբեր կայսրությունների փլուզման արդյունքում:

Այսօր ԼՂՀ-ն շարունակում է պետականության արդյունավետ կառուցման ձեռքբերումներով ապացուցել իր անկախության իրավունքը: Այնտեղ կանոնավոր անցկացվում են պետության ղեկավարի եւ խորհրդարանի ժողովրդավարական ընտրություններ, ձեւավորվում է հասուն քաղաքացիական հասարակություն: Բայց ամենակարեւորն այն է, որ այնտեղ մեծացել է մարդկանց մի սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Նրանք երբեք չեն ապրել եւ մտադիր չեն ապրելու Ադրբեջանի կազմում: Խոսքը մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեցած անշրջելի գործընթացների մասին է:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով: Մեր կապիտալը բոլորին հայտնի ձեռներեցությունն է, աշխատասիրությունը եւ բնակչության կրթվածությունը: Այդ ներուժի բացահայտման առավել հասկանալի ճանապարհը ձեռներեցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը եւ բարենպաստ ներդրումային միջավայրն է: Սա նշանակում է տնտեսության, առեւտրային ռեժիմների ազատականացում, մրցակցային միջավայրի ստեղծում եւ ձեռներեցության մեջ պետական միջամտության նվազեցում: Նպատակաուղղված աշխատանքի արդյունքում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ երկրի տնտեսության կառուցվածքում, ինչպես ըստ ոլորտների, այնպես էլ ըստ սեփականությա ձեւերի: Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 85 տոկոսը այժմ արտադրվում է մասնավոր հատվածում, որից 40 տոկոսը` փոքր եւ միջին բիզնեսում: Համաձայնեք, դա ամենեւին վատ չէ հետխորհրդային պետության համար:

Մեզ բնութագրող առանձնահատկություններից է երիտասարդ քաղաքացիների` սեփական բիզնեսով զբաղվելու բարձր մոտիվացիան: Ընթանում է միջին խավի ձեւավորման ակտիվ գործընթաց, որը հայկական հասարակության մեջ անկասկած կձեւավորի նոր պատկերացումներ սեփական ապագայի վերաբերյալ:

Տնտեսական ազատության գործակցով, որն ամեն տարի որոշվում է "Heritage Foundation" ֆոնդի եւ "Wall Street Journal" պարբերականի համատեղ հետազոտությունների արդյունքում, Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է աշխարհում 27-րդ հորիզոնականը:

Վերջին 5 տարիներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է ավելի քան 12.1 տոկոս: Տնտեսության աճը հնարավորություն է տվել ավելի արդյունավետ լուծել սոցիալական հիմնահարցերը, որոնք երկրում դեռեւս շատ են: Մշակված է աղքատության հաղթահարման երկարաժամկետ ռազմավարություն, որը հիմնականն է բյուջետային առաջնահերթությունների որոշման համար: Հայաստանի զարգացման տեմպերը լավատեսություն են ներշնչում, բայց մենք դեռ բարգավաճման երկար ճանապարհի սկզբնահատվածում ենք:

Վերջում ցանկանում եմ ընձեռած հնարավորության համար շնորհակալություն հայտնել Արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավարությանը: Հուսով եմ` կարողացա ներկայացնել մեր մոտեցումները Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության որոշ հարցերի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի հիմնահարցի մասին:

Շնորհակալություն ուշադրության համար եւ ուրախ կլինեմ պատասխանելու ձեր հարցերին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: