

Մեծարգո գլխավոր քարտուղար, հարգարժան դեսպաններ, տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այցելել արաբական աշխարհը համախմբող այս հեղինակավոր կազմակերպության կենտրոնակայան: Եգիպտոսում ես գտնվում եմ պաշտոնական այցով` Եգիպտոսի Նախագահ Հոսնի Մուբարաքի հրավերով: Հիացնում են հազարամյակների պատմություն ունեցող այս պետության ժամանակակից և առաջադեմ պատկերը, զարգացման տեմպերը: Հայ-եգիպտական կապերն ընդարձակ են և բազմաշերտ: Դրանց հետագա խորացումը մեր բանակցությունների հիմնական առարկան է:
Արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններն ու բարեկամությունն ունեն մեծ պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի` մեր ժողովուրդներն ունեն միմիանց ավանդույթների և կրոնի, մտածելակերպի ու կենցաղի խոր իմացություն, ձևավորվել է փոխադարձ վստահություն և հարգանք:
Հայերն ու արաբները մշտապես միմյանց ձեռք են մեկնել ամենադժվարին պահերին: Այսպես եղավ, երբ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց Օսմանյան Թուրքիայում: Արաբական երկրներն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին` ապաստան տրամադրելով և հնարավոր աջակցություն ցուցաբերելով հարյուր հազարվոր մարդկանց: Հայերը ոչ միայն գոյատևեցին արաբական երկրներում, այլև ոտքի կանգնեցին, դարձան այդ երկրների նվիրյալ քաղաքացիներ` պահպանելով ազգային ինքնությունը: Պատահական չէ, որ այսօր հայկական համայնքներ կան գրեթե բոլոր արաբական երկրներում:
Հայ ժողովուրդը երբևիցե չի կարող մոռանալ արաբ ժողովրդի նման վերաբերմունքը, և դա, բնականաբար, իր արտացոլումն ունի նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նպատակամղված կերպով զարգացրել է իր հարաբերությունները արաբական երկրների հետ և մշտապես իր համերաշխությունը հայտնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացում արաբական դիրքորոշմանը:
Մերձավոր Արևելքն այսօր ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենաբարդ և բախտորոշ ժամանակաշրջանը: Տարածաշրջանում ծավալված անհաշտ պայքարը սպառնում է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով երկրներ` վտանգելով ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությանը:
Համոզված եմ, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման գործում առանցքային նշանակություն ունի Պաղեստինի անկախ պետության ստեղծումը: Դա ուղղակիորեն կնպաստի տարածաշրջանում լարվածության չեզոքացմանը, արդար և տևական խաղաղության հաստատմանը: Բոլորս ուզում ենք հուսալ, որ Պաղեստինի նոր կառավարությանը կհաջողվի կայունացնել իրավիճակը ու նոր հեռանկարներ բացել ժողովրդի բարգավաճման ու զարգացման համար:
Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Իրաքի բոլոր համայնքների կողքին պատերազմի զրկանքներն է կիսում նաև իրաքահայ համայնքը: Հայաստանը անկեղծորեն շահագրգռված է տեսնել Իրաքն ինքնիշխան, կայուն և անվտանգ պետություն:
Մեր պատկերացմամբ Իրաքում կարգավորման գործընթացը պետք է ընթանա երեք զուգահեռ ուղղություններով`
- ներքին էթնո-կոնֆեսիոնալ երկխոսության հաստատում,
- շահագրգիռ պետությունների պոզիտիվ ներգրավումը խաղաղ գործընթացին,
- արտասահմանյան ռազմական ներկայության փուլային կրճատում:
Այսինքն, կարգավորումը պետք է ելնի հակամարտող կողմերի հաշտեցման բնական և հասկանալի տրամաբանությունից:
Լիբանանում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը լուրջ մտահոգության պատճառ է հանդիսանում: Լիբանանի հետ մեր կապերն բացառիկ բնույթ են կրում: Այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները մեզ առանձնահատուկ ցավ են պատճառում: Հիասքանչ այդ երկրում կայունության և հուսալի անվտանգության հաստատումը դարձել է հրամայական ամբողջ տարածաշրջանի համար:
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը նշանավորվում է երկու հիմնական սկզբունքներով` ներգրավվածություն և փոխլրացում: Մենք հետևողականորեն ընդլայնում ենք մեր միջազգային ներգրավվածությունը` պահպանելով ավանդական կապերը: Մեր արտաքին կապերը կառուցում ենք մեր գործընկերների շահերի համադրման, ոչ թե դրանց բախման դաշտում:
Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է որպես ազատական տնտեսություն ունեցող ժողովրդավարական պետություն: Առանց բնական պաշարներով հարուստ լինելու` մեզ հաջողվել է վերջին վեց տարիների ընթացքում ապահովել տարեկան երկնիշ տնտեսական աճ, միջինը` ավելի քան 12.5 տոկոսի չափով:
Մենք ձգտում ենք ունենալ գիտատար տնտեսություն և դառնալ մտավոր ծառայությունների տարածաշրանային կենտրոն: Դրա հետ մեկտեղ ակտիվ զարգանում են լեռնամետալուրգիայի, շինարարության, գյուղատնտեսության և սննդամշակման ոլորտները: Հայաստանն ապահովում է մրցակցային գործարարության բարենպաստ պայմաններ և ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ: Երևանում գործում են բազմաթիվ միջազգային կրթական կենտրոններ, այդ թվում` հայ-ֆրանսիական, հայ-ռուսական և ամերիկյան համալսարանները: Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանն ունի հարուստ փորձ արտասահմանցի ուսանողների ուսման կազմակերպման գործում, այդ թվում` արաբական երկրներից:
Մեծ են հնարավորությունները նաև զբոսաշրջության ոլորտում: Մի շարք արաբական երկրներ այդ ուղղությամբ մեծ փորձ են ձեռք բերել, և այն կարող է օգտակար և հետաքրքիր լինել նաև մեզ համար:
Տիկնայք և պարոնայք,
Վստահ եմ, Ձեզ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանը հաճախ ներկայացնում է որպես տարածքային պահանջ կամ կրոնական հակամարտություն: Դա խորապես փոխում է խնդրի էությունը:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում պաշտպանեց իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքնը: Դա պայքար է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի համար:
Արաբական բազմաթիվ պետություններ նվաճել են իրենց անկախությունը ապագաղութականացման շրջանում: Երբ փլուզվում են կայսրությունները, ժողովուրդները ստանում են ինքնորոշվելու հնարավորություն, և դա հանգեցնում է նոր պետությունների առաջացմանը: Խորհրդային Միության փլուզումը հենց այդպիսի զարգացման դասական օրինակ է, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվեց` ստեղծելով իր անկախ պետությունը: Միակ տարբերությունը ժամանակահատվածն է:
Խորհրդային Միությունը փլուզվել է ընդամենը 15 տարի առաջ` նշանավորելով գլոբալ գաղափարախոսական հակադրության ավարտը: Ի դեպ, անկախ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն երբեևէ չի եղել:
Այօր խնդիրը գտել է իր փաստացի լուծումը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ չճանանչված, բայց արդյունավետ պետություն է: Ժողովուրդը պարբերական ընտրությունների միջոցով ձևավորում է իր իշխանության մարմինները: Հանրաքվեով հաստատվել է Սահմանադրությունը, ձևավորվել է կանոնավոր և մարտունակ բանակ, առաջընթաց է ապրում տնտեսությունը:
Իրավական դաշտում Հայաստանը ձգտում է այդ բարդ խնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով և հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: 1994 թվականից հակամարտության գոտում գործում է զինադադար: ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ պարբերաբար տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներ, որոնց ընթացքում փորձում ենք փոխհամաձայնության գալ: Դա բանակցությունների լավագույն ձևաչափը չէ: Կարծում ենք, որ բանակցությունները պետք է վարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև` Հայաստանի մասնակցությամբ: Համարում եմ, որ դա առաջընթացի բացակայության պատճառներից մեկն է:
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ միջնորդական ջանքերը և համարում ենք, որ հակամարտության կարգավորման համար այն լավագույն միջազգային ձևաչափն է: Գործընթացին մեծապես վնասում են դրանից դուրս ղարաբաղյան կարգավորման շուրջ այլ կառույցներում ընդունվող բանաձևերն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները: Ձեր միջոցով կոչ եմ անում Ձեր կառավարություններին ձեռնպահ մնալ տարբեր կազմակերպություններում այս խնդրի շուրջ բանակցային գործընթացի հետ առնչություն չունեցող բանաձևերին միանալուց:
Մեծարգո Գլխավոր քարտուղար,
Մենք բարձր ենք գնահատում Արաբական պետությունների լիգայի դերը արաբական երկրների ինքնիշխանության ամրապնդման և արաբական համերաշխության ապահովման գործում: Չնայած բազմաթիվ փորձությունների, Լիգան շարունակում է ապացուցել իր կենսունակությունն ու կարևորությունը: Մենք համոզված ենք, որ Լիգան կարող է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանում կայունության հաստատման, ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու գործում: Ես հաջողություն եմ մաղթում ձեր գործունեությանն ու բոլոր նախաձեռնություններին:
Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր ժամանակաշրջան: Բարձր մակարդակի վրա են մեր երկկողմ կապերը, ընթանում է շահագրգռված քաղաքական երկխոսություն: Ընդարձակվում է առևտրա-տնտեսական համագործակցությունը, կա ակտիվություն նաև հումանիտար ոլորտներում: Մենք ձգտում ենք էլ ավելի խորացնել հարաբերությունները բոլոր արաբական երկրների հետ` ընդգրկելով փոխշահավետ համագործակցության նորանոր բնագավառներ:
Մենք տեսնում ենք դրա մեծ ներուժը, հատկապես եթե արդյունավետ համագործակցենք նաև Արաբական լիգայի շրջանակներում: Այդ ուղղությամբ արված առաջին քայլն է երկու տարի առաջ Արաբական Լիգայի և Հայաստանի արտգործնախարարության միջև ստորագրված համագործակցության հուշագիրը: Մենք համոզված ենք, որ համատեղ ջանքներով հնարավոր է կառուցել առավել անվտանգ ու բարգավաճ աշխարհ, ուր տեղ չի լինի կրոնական անհանդուրժողականության ու ռասսայական խտրականության, ազգամիջյան թշնամանքի ու ատելության համար: Շնորհակալություն: