25.10.2006. Ռոբերտ Քոչարյանն այցելել է զորամասեր
Մեծ շինարարությունը կշարունակվի
29 Հոկ 2011  
29.10.2011  |  12:09   |   Թերթեր և ամսագրեր

27.10.2005. ՀՀ Նախագահի շրջայցը վերանորոգված մարզադպրոցներ

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով Երեւանում իրականացվում է մարզական կառույցների ու մարզադպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիր:

Երեկ ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց այդ ծրագրով վերանորոգման աշխատանքներն ավարտված մայրաքաղաքի օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում, "Հայաստան" մարզական միության, "Աշխատանքային հերթափոխ" եւ "Աշխատանք" ընկերությունների մարզադպրոցներում: Նախագահն այցելեց հիմնովին վերանորոգված, ժամանակակից տեսք ընդունած բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի մարզադահլիճներ, թեթեւ ատլետիկայի մանեժ, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մարզադպրոցների տնօրենների, առանձին սաների հետ, հետաքրքրվեց նրանց մարզական առօրյայով ու նվաճումներով:

Շրջայցի վերջում Ռոբերտ Քոչարյանն իր տպավորությունները կիսեց լրագրողների հետ. "Բավական լուրջ գումարներ ենք ներդրել "Հայաստան" համահայկական հիմնադրամով` ձգտելով ժամանակակից սարքավորումներով ապահովել մարզադահլիճների եւ օդափոխությունը, եւ ջեռուցումը, ինչը հնարավորություն կընձեռի շուրջտարյա մարզումներ անցկացնել: Մենք մի քիչ շատ էինք պահանջում սպորտից, սակայն ընթացիկ հարցեր էինք լուծումՙ չդրսեւորելով համալիր մոտեցում: Նման ծրագիր իրականացնելու ենք նաեւ հաջորդ տարի` մի քիչ ավելի մեծ գումարով: Բյուջեով աշխատանքները տարվելու են մարզերում, իսկ հիմնադրամի միջոցներովՙ Երեւանում:

Ինձ միայն մի բան դուր չի գալիս, որ մարզադպրոցների մեծ մասը ժամանակին կառուցվել են բակերում, ինչ-որ թաքցված տեղերում, կարծես ավտոտնակներ լինեն: Չունենք մարզակառույցներ, որոնք ճակատային մասով փողոցի վրա լինեն: Պետք է լուծումներ գտնենք ու պայմաններ ստեղծենք հետագայում նման մարզակառույցների կառուցման համար: Ինչ-որ տեղ կարծես սպորտը երկրորդ պլանում է հայտնվել, ինչը սխալ է:
Նախկինում ջանում էինք ուշադրություն դարձնել գոնե օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին: Սակայն եթե չկային ջեռուցվող մարզադահլիճներ, մարզումների համար անհրաժեշտ պայմաններ, ապա հաջողության ակնկալիքներն էլ մեծ չէին: Այժմ փորձում ենք ավելի հիմնովին լուծել հարցը:

Առաջին հերթին, իհարկե, ուշադրություն է դարձվում հենակետային մարզաձեւերին` ըմբշամարտին, բռնցքամարտին, ծանրամարտին: Սակայն պետք է ուշադրություն դարձվեն նաեւ այլ մարզաձեւերին (թեթեւ ատլետիկա, լող եւ այլն): Մարդիկ մարզական տարբեր նախասիրություններ ունեն, ուստի նրանց հնարավորություն պետք է ընձեռել զբաղվելու սիրած մարզաձեւով: Հարկավոր է ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավել սպորտում: Հարկ է մտածել առագաստանավային սպորտի զարգացման մասին: Սեւանում հիանալի պայմաններ կան, ժամանակին մարզաձեւը լավ ավանդույթներ է ունեցել: Ձմեռային մարզաձեւերի զարգացման համար էլ լավ նախապայմաններ են ստեղծվել Ծաղկաձորում":

Ինչպես տեղեկացրեց ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, այս տարվա ծրագրով վերանորոգման աշխատանքների իրականացման համար "Հայաստան" համահայկական հիմնադրամը հատկացրել է 857 մլն 700 հազար դրամ: Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի մարզադահլիճների վերանորոգման վրա ծախսվել է 393 մլն դրամ, "Հայաստան" մարզական միության` 189 մլն, ըմբշամարտի եւ բռնցքամարտի մարզադպրոցների` 134 մլն, "Աշխատանքային հերթափոխի"` 102 մլն, օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման համար`38 մլն դրամ:

Հաջորդ տարի Երեւանում կիրականացվի վերանորոգման 2-րդ ծրագիրը 2,5 մլն դոլարին համարժեք դրամի ընդհանուր արժողությամբ: Մրցութային կարգով շինարարական աշխատանքներն իրականացնում է "Մշակույթ" ԾԻԳ-ը: Հաջորդ տարի նախատեսված է "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնովին վերանորոգել Շենգավիթ համայնքի ծանրամարտի մարզադպրոցը, օլիմպիական հերթափոխի ուսումնարանի վարչական մասնաշենքը, հավաքական թիմերի մարզակենտրոնը, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցները: Նոր Նորքի համայնքում էլ կկառուցվի ըմբշամարտի եւ հրաձգության մարզադպրոց:

Ընդհանուր առմամբ այս երկու ծրագրերով Երեւանում կվերանորոգվեն 15-ից ավելի մարզադահլիճներ, 10 մարզադպրոց: Կա նաեւ կառավարության ծրագիր, որով նախատեսված է հանրապետության մարզերում հիմնովին վերանորոգել 20 խոշոր մարզադպրոցներ: Այս տարվա ծրագրով բյուջեից հատկացված է 1 մլրդ 200 մլն դրամ, հաջորդ տարիՙ մի փոքր ավելի մեծ գումար: Այս ծրագիրը շարունակական է: Նախատեսվում է մինչեւ 2008 թ. վերանորոգել մոտ 50 մարզադպրոց:

Ինչ խոսք, գովելի է, որ պետությունը միջոցներ է տրամադրել իրոք վերանորոգման, ժամանակակից տեսքի ու պայմանների խիստ կարիք ունեցող մարզադպրոցների մարզադահլիճների համար: Հուսանք, որ մարզումների համար ստեղծված իրոք բարվոք պայմանները կնպաստեն միջազգային մրցասպարեզներում մեր մարզիկների նվաճումների բազմապատկմանը:

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: