Վերաբացվեց Ծաղկաձորի ճոպանուղին
Շնորհավոր Ամանոր ԵՎ Սուրբ Ծնունդ
25 Դեկ 2012  

Հաջողված տարի

Ոչ գրված, ոչ էլ նույնիսկ չգրված օրենքի, բայց ձևավորված ավանդույթի համաձայն ընտանիք թե կազմակերպություն Ամանորի նախաշեմին փորձում է ամփոփել իր տարին, հասկանալ ձեռքբերումների ու բացթողումների հաշվեկշիռը: Մենք էլ խույս չտվեցինք այս սովորույթից, սակայն մեր մի քանի արդյունքների մասին կխոսենք սույն հրապարակման վերջում:

Իսկ տարեմուտը որքան էլ քաղաքականացված է մոտեցող նախագահական ընտրություններով, այնուամենայնիվ, Ամանորի տոնական տրամադրությունները նույնիսկ այդ կարևոր քաղաքական իրադարձությունն են ժամանակավորապես մոռացնում:
 
Մեր կայքի խմբագրակազմն էլ արձակուրդ կամ տոնական դադար է վերցնում չորեքշաբթի օրվանից: Արձակուրդը, սակայն, մեզ համար կլինի որոշ իմաստով պայմանական հանգիստ, քանի որ, ինչպես ասացինք, ժամանակը նախընտրական է, և անհրաժեշտության դեպքում կարող ենք վերադառնալ ու թարմացնել մեր էջերի նյութերը: Բացի այդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է հարցազրույց տալ, որի առաջարկը նախագահին նաև մեր կողմից է եղել: Այնպես որ, արձակուրդն իսկապես հարաբերական է գոնե մեզ համար:

Ուզում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել մեր ողջ ժողովրդին: Նաև նրանց, ովքեր այս կարճ ժամանակում դարձան մեր կայքի մշտական այցելուները, առանց խտրականություն դնելու մեզ հետ համամիտների ու հակամետների միջև: Բոլոր նրանց ենք շնորհավորում, ովքեր ողջ տարին արձագանքել են մեր հրապարակումներին, իրենց նամակներով ու առաջարկներով: Նաև նրանց` ովքեր նյարդայնանում էին մեր հաջողություններից, ովքեր առանց աղբյուրը նշելու, մի տեսակ թաքնորեն հղումներ էին անում մեր կայքէջից,  օգտվում առանց անունը տալու, մեջբերումներ անում առանց հասցեն նշելու: Այսպես թե այնպես, բոլորն էլ մեր ընթերցողներն են, և բոլորին ենք Ամանորի շեմին շնորհակալություն ասում: 

Գալիք տարում մեր մշտական այցելուներին նոր անակնկալներ ենք խոստանում: Այդ հնարավորությունը մեզ ընձեռնել են Ռոբերտ Քոչարյան քաղաքական ու պետական գործչի մի քանի երկրպագուներ` օրեր առաջ կայքին տրամադրելով  պատկառելի քանակությամբ նոր տեսանյութեր, որոնք ամբողջությամբ կամ հիմնականում երկրորդ նախագահի գործունեությանն են վերաբերում: Դրանց մեծ մասը սիրողական նկարահանումներ են, ոչ պրոֆեսիոնալ տեսաերիզների վրա են ձայնագրված: Այժմ զբաղված ենք դրանց թվայնացման ու որակի բարելավման աշխատանքներով, և նոր տարում սիրով կներկայացնենք ձեր ուշադրությանը:

Իսկ այժմ  մի քանի խոսք վերը խոստացված ինքնահաշվետվության մասին: Հրապարակումը վերնագրել ենք "Հաջողված տարի" երկու նկատառումով:

Նախ, նկատի ենք ունեցել մեր կայքի աշխատանքները: Կարող ենք վստահորեն պնդել, որ ինչքան էլ դասական իմաստով լրատվամիջոց չենք, այնուամենայնիվ, անցնող տարում 2-rd.am-ը հաստատեց իր տեղը մեր լրատվական դաշտում: Դա են վկայում մեր այցելուների անընդհատ ավելացումը, մեծաքանակ հղումները կայքին, և անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը հենց մեր կայքէջին, որն իր հերթին մեծ չափով ավելացրեց այցելուների թիվը: Տարին հաջող էր նաև երկրպագուների բանակի ավելացումով: Հատկապես ակտիվ երկրպագուների ավելացումով, ովքեր մեր կայքը դարձնում են ինչ-որ իմաստով ինտերակտիվ, որովհետև շատ հաճախ կայքի էջերը ձև ու բովանդակություն են ստանում հենց նրանց տրամադրած նյութերի միջոցով:

Տարին, մեր կարծիքով, հաջող էր նաև հետևյալ իմաստով: 

Դեռևս չորս տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց նախագահի պաշտոնը, ձևավորվեց մի շրջանակ, որը իր նպատակն էր դարձրել երկրորդ նախագահի անվան ու գործի վարկաբեկումը: Նրանք որոշ հաջողություն ունեցան, որովհետև լռում էին նրանք, ովքեր հասկանում էին,  թե որքան մեծ է Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց ճանաչված և դեռ չճանաչված զույգ պետությունների կայացման գործում: Ուզում ենք հուսալ, որ այս անգործությունը որոշ չափով նաև մեր կայքի աշխատանքով վերջ գտավ: Անցնող տարվա ընթացքում էլ թեև պատվիրովի զրպարտանքներ ու վայրահաչություններ եղան մեր մամուլում, սակայն դրանց թիվը մեծ չափով նվազել էր նախորդ տարիների համեմատությամբ: Անշուշտ, դրան առաջին հերթին նպաստեց հենց իր` Ռոբերտ Քոչարյանի այս տարիներին որդեգրած կեցվածքն ու խոսքը: Մի կողմից քայքայված ՀԱԿ-ը` "միլիարդների" ու "բազմաթիվ հանցագործությունների" մասին հեքիաթներով, մյուս կողմից իրենց գրիչը ճարպկորեն վաճառող լրագրողների հուսահատությունն ու անճարությունը թույլ տվեցին ավելի պարզ տեսնել իրականությունը: Անցնող ժամանակը որոշ պղտորված ջրեր պարզեց, և այսօր ավելի հստակ է երևում, թե ով ով է:
 
Այսօր, ինչպես և անցած 10-ից ավելի տարիներին, կրկին կասկածից վեր է, որ մեր երկրի ամենամեծ վարկ ունեցող /ցավոք` սակավաթիվ/ գործիչներից մեկը Ռոբերտ Քոչարյանն է: Ուրախանում են այդ փաստից, թե մռայլվում, արտահայտվում են այդ մասին, թե նախընտրում լռությունը, միևնույն է, բոլորն են հասկանում, որ այդ վարկը մի գեղեցիկ օր կարող է կոնկրետ դրսևորումների ու վաղուց սպասված արդյունքների հանգեցնել: Սրա գիտակցումը մեզ թե ուրախացնում է, և թե պարտավորեցնում առնվազն առանց նահանջի շարունակել մեր ամենօրյա աշխատանքը այն կարգախոսով, որով էլ ծնունդ առավ կայքը. ներկայացնել Ռոբերտ Քոչարյան պետական ու քաղաքական անհատի գործը` առանց գունազարդման, վաստակը` առանց խեղաթյուրումների:
 
Հուսով ենք, որ մոտ է ժամանակը, երբ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը նորից գործուն քաղաքականության մեջ կլինեն, և մենք էլ, լավ իմաստով, անգործ կմնանք: Կամ էլ, պատմության առաջ մեր պարտքը կատարած, կանցնենք Ռոբերտ Քոչարյանի տվյալ պահի գործունեության լուսաբանմանը:

Իսկ մինչ այդ, մեկ անգամ էլ շնորհավորում ենք բոլորիս Նոր տարվա ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թող 2013 թվականը ուրախություն և բարեկեցություն բերի բոլորիս:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: