28.01.2002. Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Բանակի օրը
30.01.2005. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Իտալիայի վարչապետի եվ Հռոմի
02 Փետ 2012  
02.02.2012  |  13:36   |   Թերթեր և ամսագրեր

30.01.2005. Հայաստանը սրտամոտ է իտալացիներին

Երեկ պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք Հռոմ ժամանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը։

Իտալիայի մայրաքաղաք ժամանելուց հետո Հայաստանի ղեկավարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ուղեկցեցին Իտալիայի նախագահի Կվիրինալ կեցավայր։ Այստեղ տեղի ունեցած պաշտոնական դիմավորման տպավորիչ արարողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հանդիպում-առանձնազրույց ունեցավ Իտալիայի Հանրապետության նախագահ Կառլո Աձելիո Չանպիի հետ։ 
   
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց Իտալիայի ղեկավարին՝ այդ հրաշալի երկիր այցելելու հրավերի համար. "Համարում եմ, որ սա լուրջ խթան կդառնա մեր հարաբերությունների աշխուժացման համար։ Սա Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Իտալիա եւ այս այցի հետ մեծ հույսեր ենք կապում։
   
   
Իտալիայի նախագահի հետ բանակցություններում քննարկեցինք երկկողմ հարաբերությունների, եվրաինտեգրման հարցերը եւ տարածաշրջանային ու միջազգային պրոբլեմները։ Վստահ ենք, որ առկա է շատ մեծ ներուժ ե՛ւ քաղաքականության ասպարեզում, ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակութային ոլորտում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար։ Մենք հույսեր ենք կապում Հայաստանի եւ Իտալիայի գործարար շրջանակների միջեւ կապերի ինտենսիֆիկացման հետ։ Այդ առումով մեծ նշանակություն եմ տալիս այն հանդիպմանը, որը տեղի կունենա երեկոյան, արդեն Իտալիայի գործարար շրջանակների հետ"։
   
Հայաստանի ղեկավարը նշեց, որ Իտալիայի նախագահին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Հայաստանում իրականացվում են տնտեսական եւ քաղաքական համակարգերի բարեփոխման ուղղությամբ։ Մեր երկրի ղեկավարը հայտնեց նաեւ, որ Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել Եվրամիության "Նոր հարեւանություն" ծրագրի առնչությամբ եւ վերահաստատել է մեր պետության մտադրությունների ողջ լրջությունը այդ համատեքստում։
   
"Մենք հուսով ենք շատ ակտիվ համագործակցություն ծավալել իտալական կողմի հետ։ Դա կարող է շատ լուրջ խթան դառնալ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար",- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը, եւս մեկ անգամ հույս հայտնելով, որ կշարունակվի մեր երկրների ու պետությունների ղեկավարների երկխոսությունը։
   
Իր հերթին, Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չանպին մասնավորապես նշեց. "Հայաստանը իտալացիներին սրտամոտ երկիր է։ Եւ դեռ հիշում եմ այն զգացողությունները, որ ունեցա Հայաստանի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Մենք առաջիններից մեկն էինք, որ հասանք օգնության։ Մեր երկու պետությունները միավորում են հին մշակութային կապերն ու ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը"։

Իտալիայի նախագահը անդրադարձավ հայ եւ իտալացի ժողովուրդների միջնադարյան ու պատմական այլ առնչություններին, շփումներին, իհարկե չմոռանալով նշել Սուրբ Ղազար կղզու մասին, որը, նրա խոսքերով, պահպանում է հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամության հիշողությունը։ 
   
Իտալիայի նախագահը մասնավորապես նշեց, որ իրենց երկիրը մտադիր է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ ապրանքաշրջանառության ավելացման ճանապարհով։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Իտալիան ցանկանում է մասնակցել Հայաստանում ընթացող մասնավորեցման գործընթացին եւ անցնել մեր երկրում ուղղակի ներդրումներ կատարելուն։

"Ես ջերմորեն աջակցում եմ նախագահ Քոչարյանին այն բանում, որ հետեւողականորեն շարունակում է սկսած բարեփոխումները։ Իրավական պետության ամրապնդումը եւ հասուն ժողովրդավարության կայացումը Հայաստանին մեծ առավելություններ կընձեռեն։ Ես նմանապես կոչ արեցի կառուցողական երկխոսություն սկսել հարեւանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը կարգավորելու նպատակով",- ասաց Իտալիայի նախագահը, ընդգծելով, որ Կովկասը Եվրոպայի համար ռազմավարական տարածաշրջան է եւ անկայունությունը, նրա խոսքերով, թուլացնում է այս տարածաշրջանի զարգացման հեռանկարները։ Նա ընդգծեց նաեւ, որ Իտալիան հենց Եվրամիության ոգով է գործում իր սահմաններում, մասնավորապես Բալկաններում, որպեսզի վերականգնի այդ տարածքում երկխոսությունը եւ խաղաղ գոյակցությունը։ Նմանապես, ըստ Իտալիայի նախագահի, այդպես են առաջնորդվում Կովկասում, որ ժողովրդավարությունը դարձնեն տեւական, եւ այս տարածաշրջանում եւս հաստատվի զարգացում եւ խաղաղություն։ 
   
"Հիմնվելով Եվրամիության արժեքների վրա, Իտալիան Հայաստանին աջակցություն է ցուցաբերելու Եվրամիությանը մերձենալու խնդրում եւ նպաստելու է հայ ժողովրդի առաջընթացին եւ խաղաղ ապագային",- ընդգծեց Իտալիայի նախագահը։ 
   
Նույն օրը մեր երկրի ղեկավարը հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանում։ Նա նախ հանդիպեց պատգամավորական ժողովի կամ Իտալիայի երկպալատ խորհրդարանի ստորին պալատի նախագահ ՖԵՐԴԻՆԱՆՏՈ ԿԱԶԻՆԻԻ հետ։ Վերջինս նախագահի հետ հանդիպման ժամանակ կարեւորեց միջխորհրդարանական կապերի հաստատումը, շեշտելով, որ Իտալիայի խորհրդարանը առանձնապես ակտիվ է խորհրդարանական դիվանագիտության հարցերում։ Նա ակնարկեց նաեւ, որ Իտալիան կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին հատկապես փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը նպաստող օրենսդրության մշակման հարցերում։ 
   
Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց նաեւ Իտալիայի Սենատի նախագահ ՄԱՐՉԵԼՈ ՊԵՐԱՅԻ հետ։ Այս հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Իտալիայի արտաքին առեւտրի ինստիտուտ, ուր տեղի ունեցավ հայ-իտալական գործարար համաժողովը։ 
   
Հայաստանում իտալական կապիտալի մասնակցությամբ գործում է շուրջ երեք տասնյակ ընկերություն, եւ այս երկրի գործարարները մասնակցում են Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հյուրանոցային բիզնեսը, շինարարությունը եւ թեթեւ արդյունաբերությունը։ Սակայն, ինչպես նկատեց Ռոբերտ Քոչարյանը, անհրաժեշտ է զարգացնել ու ավելի աշխուժացնել կապերը։ Նախագահը շեշտեց, որ Հայաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը եւ այս առումով կարեւորեց Իտալիայի փորձը։ Ռոբերտ Քոչարյանը կանգ առավ նաեւ այն խնդրի վրա, որ միայն վերջին տարիներին աշխուժացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների շնորհիվ մի քանի անգամ աճել է մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը՝ անցյալ տարվա տվյալներով հասնելով շուրջ 68 մլն դոլարի։ 
   
Ինչ վերաբերում է փոքր ու միջին ձեռներեցությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը որոշակի ձեռքբերում համարեց եւ այն, որ այս ոլորտի տնտեսավարողների մասնակցությունը կամ չափաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում հասել է 40 տոկոսի։ 
   
Գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ հայերն իրենց էությամբ նախաձեռնող ժողովուրդ են, ինչը կարող է նպաստել մեր երկու երկրների միջեւ հատկապես գործարար կապերի զարգացմանը։ Նմանապես նպաստավոր է երկու ժողովուրդների խառնվածքի ընդհանրությունը։ Նախագահը ավելացրեց, որ Եվրոպայի "Նոր հարեւանություն" ծրագրի շրջանակներում արդեն անհատական կոնկրետ գործողություններ է մշակվել յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Հայաստանի առումով եւ դա կարող է նպաստել մեր երկրի տնտեսական օրենսդրության ներդաշնակեցմանը եվրոպական չափանիշներին։ Իսկ սա իր հերթին կարող է որոշակի նպաստ բերել հայ-եվրոպական ընդհանուր տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։ 
  
Համաժողովից հետո ստորագրվեց Հայաստանի եւ Իտալիայի միջեւ փոքր եւ միջին ձեռներեցության ասպարեզում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ 
   
Նշենք, որ վաղը մեր երկրի ղեկավարը կմեկնի Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի հետ։ Մինչ այդ տեղի կունենան նաեւ հանդիպումներ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՖԱՕ-ն եւ Իֆադը։ Մասնավորապես Իֆադում նախատեսվում է, որ պետք է ստորագրվի վարկային 20 միլիոն դոլարանոց ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ։ 
   
Վաղը Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ Այնուհետեւ Հայաստանի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Հռոմից կմեկնեն Վենետիկ։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Հռոմ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: