ՀԱՅԱՍՏԱՆ - ՖԻՆԼԱՆԴԻԱ. նոր հարաբերությունների սկիզբ
26.09.2006. Ոլորտի խրախուսման ձԵՎերից մեկը
27 Սեպ 2011  

Հռոմի Պապի այցը Հայաստան

2001 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդի հրավերով  քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Հայաստան  էր ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հռոմի պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդի առաջին հանդիպումը կայացել էր 1999թ. մարտի 25-ին Վատիկանում: Այդ օրը Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում բացվել էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված "Հայաստան-Հռոմ. 2000 տարվա հարաբերություններ" խորագրով ցուցահանդեսը:

Հայաստանում գտնվելու երկրորդ օրը,  առավոտյան Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը քաղաքավարական այց է կատարել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տեղի է ունեցել կաթոլիկ եկեղեցու քահանայապետի եւ Հանրապետության նախագահի առանձնազրույցը, որի վերջին հատվածին միացել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Հանդիպումից հետո հանդիսավոր արարողության ընթացքում, որին մասնակցել են Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր հայրերը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին ներկայացվել են Հանրապետության Նախագահի ընտանիքի անդամները:  Կատարվել է նաեւ նվերների փոխանակում. նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապին նվիրել է Էդվարդ Շախիկյանի "Խորհրդավոր ընթրիք" բրոնզե քանդակը, իսկ կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Հանրապետության նախագահին` Հիսուս Քրիստոսի պատկերով խճանկար:

Հարգելի այցելու,

Նկատի առնելով, թե քաղաքական, հոգևոր ու մշակութային  ինչ հսկայական նշանակություն ուներ  մեր տասնամյա անկախ հանրապետության  համար համաշխարհային Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան, ներկայացնում ենք վերոհիշյալ այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները իտալական "Ավվենիրե" թերթի հարցերին,  ինչպես նաև` ՀՀ նախագահի ելույթները Ն. Ս. Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան Քահանայապետի դիմավորման ու ճանապարհման ժամանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱԽԱՆՆԵՐԸ ԻՏԱԼԱԿԱՆ "ԱՎՎԵՆԻՐԵ" ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ԱՅՑԻ ՆԱԽՕՐԵԻՆ

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, այս օրերին Հայաստանը նշում է քրիստոնեության 1700-ամյակը: Ի±նչ նշանակություն ունի այդ տոնը պետության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը կարեւորագույն իրադարձություն է հայ ժողովրդի եւ պետության կյանքում: Քրիստոնության ընդունմամբ Հայաստանում սկիզբ դրվեց հոգեւոր-մշակութային նոր զարթոնքի, ստեղծվեց գիր ու գրականություն, ճարտարապետության, պատմագրության, փիլիսոփայության փայլուն օրինակներ, որոնք հարստացրեցին համաքրիստոնեական արժեքների գանձարանը:
Մենք` հայերս, հպարտ ենք, որ քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարներն առաջինն ընդունեցինք եւ խրախուսեցինք պետականորեն:
 
Քրիստոնեության 1700-ամյա տարելիցն այսօր մեր պետության համար եւս մեկ առիթ էª գնահատելով անցյալը, հավաստել անկախ Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը քրիստոնեական համամարդկային արժեքներին: Այն միայն տուրք չէ անցյալին, այլ նաեւª համայն հայության հոգեւոր միասնության տոն է, որով մենք ամրացնում ենք հավատն ազատ ու բարգավաճ Հայրենիք կերտելու ճանապարհին:

ՀԱՐՑ - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապը կայցելի Հայաստան: Ի±նչ զգացմունքներով ու սպասելիքներով եք պատրաստվում դիմավորել նրան:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան, անկասկած, կարեւորագույն իրադարձություն է մեր երկրի եւ հոգեւոր-մշակութային, եւ քաղաքական կյանքում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ այցելում է Հայաստան, եւ մենք սպասում ենք այդ պատմական իրադարձությանն ուրախությամբ եւ ամենաջերմ զգացումներով: Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ` մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման ջատագով:

ՀԱՐՑ - 1915թ. դեպքերն արդեն որակվել են Վատիկանի կողմից որպես ցեղասպանություն: Կարծում եք` կարեո±ր է, որ Պապը նորից անդրադառնա դրան այստեղ` Հայաստանում: Ի±նչ ազդեցություն դա կարող է ունենալ միջազգային հանրության վրա: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք ողջունում ենք Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հայոց ցեղասպանության վերաբերյալ անցած տարի ընդունած համատեղ կոմյունիկեն: Սա համամարդկային արժեքներին Վատիկանի անվերապահ նվիրվածության վկայությունն է: Առանց պատմական ճշմարտության վերականգնման անհնարին է ազատվել անցյալի վերքերից, եւ Վատիկանն այդ ուղղությամբ շատ կարեւոր քայլ կատարեց:

Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ` քաղաքներ ու նահանգներ ընդունել են հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր եւ որոշումներ: Սա ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ քաղաքակիրթ մարդկության խնդիրն է եւ ունի միջազգային եւ բարոյական, եւ քաղաքական նշանակություն: 

Աշխարհն արդեն հասցրել է քաղել նման հանցագործությունները լռության մատնելու դառը պտուղները` ի դեմս նմանատիպ նոր ոճիրների£ 
Կարծում եմ, Հայաստանում գտնվելու օրերին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւս մեկ անգամ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը կհրավիրի անցած դարի այդ ոճրագործությանը` այլեւս երբեք նման դաժանություններ թույլ չտալու խորհրդով:

ՀԱՐՑ - Հովհաննես Պողոս Երկրորդի այցը համընկնում է ՀՀ անկախության 10-րդ տարեդարձի հետ: Այդ տասը տարիները նշանավորվեցին ռազմական կոնֆլիկտով, տնտեսական ճգնաժամով եւ զանգվածային արտագաղթով դեպի արտասահման: Կարծո±ւմ եք Ձեր ազգակիցները որեւէ պատճառ ունե±ն տոնելու այդ տարեդարձը: 

ՊԱՏԱՍԽԱՆ- Անկախության ճանապարհը դժվարին է բոլորի համար, եւ դեռեւս ոչ մի ժողովրդի չի հաջողվել խուսափել այդ դժվարություններից: Մենք դրսեւորելով հավաքական կամք, հաղթահարում ենք այդ դժվարություները: Անկախության առաջին տարիներին մեր ժողովուրդը ստիպված եղավ հիմնականում լուծել գոյության խնդիրներ` ղարաբաղյան պատերազմ, շրջափակում, տնտեսական անկում եւ կարողացավ պատվով դուրս գալ այդ փորձությունից: Այսօր դանդաղ, բայց վստահ մենք հասնում ենք տնտեսական զարգացման նորմալ տեմպերի: Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ ու ապահով, քան նախորդները: Մեր ժողովուրդը հնարավորություն է ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով` ապահովելու համար իր ընտանիքի բարօրությունն ու երջանկությունը: Ավելին, համոզված եմ, որ երկրից դուրս եկած մեր քաղաքացիներից շատերը վերադառնալու են տուն` այստեղ գտնելու համապատասխան աշխատանք եւ կենսապայմաններ:

Այո, մեր ժողովուրդը պատճառ ունի տոնելու իր անկախ պետության տասնամյա տարեդարձը, քանի որ այդ տասը տարիների ընթացքում բազմաթիվ դժվարությունների հետ մեկտեղ, մենք ունենք ակնառու հաղթանակներ ու ձեռքբերումներ, որոնք վստահություն են ներշնչում, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է: 

ՀԱՐՑ - Արցախում պատերազմն ավարտվել է 1994թ., բայց դեռ խաղաղություն չկա: Որքա±ն ժամանակ կպահանջվի որեւէ լուծման հասնելու համար: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ, այդպիսի հարցերում ժամկետ նշել, կանխատեսումներ անել ճիշտ չէ: Միայն կասեմ, որ մենք շարունակում ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

ՀԱՐՑ - Հայաստանն, ի տարբերություն մի շարք նախկին խորհրդային երկրների, ամրապնդում է իր կապերը Ռուսաստանի հետ: Դա ունի միայն պաշտպանողական նշանակություն, թե կան նաեւ այլ դրդապատճառներ: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Ռուսաստանը Հայաստանի ավանդական դաշնակիցն է, եւ երկու երկրների հետաքրքրությունները բազմաթիվ առումներով մոտ են կամ համընկնում են: Առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջեւ: Հայ-ռուսական հարաբերությունները հարստացնում են նաեւ մեր համատեղ պատմությունը, երկու ժողովուրդների միջեւ խորը հոգեւոր եւ մշակութային կապերը: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը, ապա Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում լուրջ կայունացնող դեր է խաղում:

ՀԱՐՑ - Երրորդ հազարամյակի Հայաստանը դեռ համարում է իրեն իբրեւ արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ` Իսլամի առաջխաղացման:

ՊԱՏԱՍԽԱՆ - Նախորդ բոլոր հազարամյակների Հայաստանը երբեք իրեն չի համարել արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ Իսլամի առաջխաղացման:
 
1915թ. Օսմանյան կայսրությունում իսլամական ծայրահեղականության վայրենի դրսեւորումները, մենք երբեւէ չենք շփոթել Իսլամի իրական արժեքների հետ, որոնց հետ կողք-կողքի ապրում ենք արդեն երկար դարեր: Մենք ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունենք իսլամական շատ պետությունների հետ. հայկական հոծ գաղութներն իրենց կրոնական ու ազգային ինքնությունը պահպանում են Իրանում, Մերձավոր Արեւելքի երկրներում: Այսօր քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում, մենք պաշտպանում ենք համաձայնության եւ համընդհանուր բարեկամության գաղափարը:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Ն.Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Հարգարժան հյուրեր,

Մեզ համար մեծ պատիվ է եւ ուրախություն հայոց հողում հյուրընկալել Հոհաննես Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետին: Հռոմի Պապի այցելությունն իրադարձություն է յուրաքանչյուր երկրի կյանքում, բայց այն մեզ համար ունի առանձնահատուկ արժեք ու նշանակություն: Սուրբ Աթոռի ողջ պատմության մեջ սա հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան: Քրիստոնեության պատմությունը, որ ուղղակիորեն կապված է մարդկային քաղաքակրթության նվաճումների հետ, մեր ընդհանուր պատմությունն է: 17 հարյուրամյակների ընթացքում բազում փորձությունների միջով անցած մեր ընդհանուր հավատն ու արժեքները գրավականն են մեր հարաբերությունների ամրության եւ ջերմության: Ահա` ինչու մենք լիահույս ենք, որ այս այցը պատմական է լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի գործակցության զարգացման ու խորացման առումով:

Ձերդ Սրբություն,

Դուք կանգնած եք եղել ակունքներում այն մեծ գործընթացների, որ տեղի ունեցան Արեւելյան Եվրոպայում` նշանավորելով մարդու եւ ժողովուրդների ազատության նոր դարաշրջան: Ձեր գործունեության համամարդկային ընդգրկումը, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Ձեր ջանքերը ոգեւորիչ են նաեւ մեզ համար:

Հայաստանի եւ Վատիկանի միջեւ արդեն ձեւավորվել են գործակցության ամուր հիմքեր: Հիշում եմ արձագանքը Վատիկանում բացված "Հայաստան-Հռոմ" ցուցահանդեսի, որի կազմակերպման ու հաջողության մեջ մեծ լումա ունեցաք Դուք, Ձերդ Սրբություն:

Մենք մեծ խորհուրդ ենք տեսնում այն փաստի մեջ, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700ամյակի տոնակատարությունների ընթացքում, երբ մեր ողջ ժողովուրդը վերակոչում է իր երախտավոր նախնիների հավատն ու կատարած մեծ գործերը: Գործեր, որոնք, հոգեւոր վերածնունդ բերելով հայ ժողովրդին, միաժամանակ հարստացրին համաքրիստոնեական մշակութային գանձարանը:
 
Քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարները, նրանց հոգեւոր ու բարոյական հզոր լիցքերը կենսունակ են բոլոր ժամանակներում: Արդի աշխարհում, երբ մարդկությունը վկան է դառնում ատելության հրեշավոր դրսեւորումների, առավել քան թանկ են մեզ համար բարու, գեղեցիկի, եղբայրական սիրո համամարդկային արժեքները:

Տասը տարի առաջ վերածնվեց մեր անկախ պետականությունը, եւ այս օրերին նշում ենք մեզ համար այդ մեծ հոբելյանը: Նոր դարաշրջանում մենք պետականորեն վերաիմաստավորում ենք մեր պատմամշակութային ողջ ժառանգությունը եւ արժեքային համակարգը, որոնք խորապես ներթափանցված են քրիստոնեությամբ: Ավանդական արժեքների արդիական ընկալումը մեզ բերել է նույն հիմքերի վրա բարձրացած եվրոպական արժեքների որդեգրման: Չափանիշներ, որ պաշտպանն են աստծո մեծագույն պարգեւի` մարդու եւ ազգի ազատության:
 
Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ մենք միշտ գտնվել ենք կրոնների եւ քաղաքակրթությունների շփման գծում: Այս իրողությունը եւ հայոց Սփյուռքի առկայությունը մեր առջեւ բացել են աշխարհաճանաչման նոր հորիզոններ, թելադրել լայնախոհ հայացք: Մենք հարստացրել ենք մեզ համերաշխության, հանդուրժողականության եւ համաձայնության բարի պտուղներով:

Ձերդ Սրբություն,

Մենք ողջունում ենք Վատիկանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների սերտացումը, որ հիմնված է քույր եկեղեցիների փոխհարստացնող կապերի բազմադարյան ավանդույթների վրա: Մեզ հուսավառում է նաեւ այդ հարաբերություններում իշխող էկումենիկ ոgին:

Բիբլիական Արարատի հովանու ներքո կրկին ողջունում եմ Ձեզ, Ձերդ Սրբություն: Դուք Ձեր ներկայությամբ առանձնահատուկ շուք եք հաղորդում Հայոց Մեծ Դարձի հոբելյանական տոնակատարություններին:

Բարի գալուստ: 

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Ն.Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ձերդ Սրբություն,
Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Հարգարժան հյուրեր,

Հովհաննես Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան մոտենում է իր ավարտին: Բայց արդեն կարող ենք արձանագրել, որ այցը ունենալու է պատմական նշանակություն: Այն իր մեծ ու դրական ազդեցությունն է գործելու Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման ողջ ընթացքի վրա: Չենք կասկածում, որ այս այցը նոր ու զորեղ ազդակ կլինի նաեւ Վատիկանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու գործակցության սերտացման համար: 

Ձերդ Սրբություն,

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Հայաստանում Քրիստոնեության 1700ամյակի եւ Հայաստանի անկախության 10րդ տարեդարձի տոնակատարությունները Ձեր ներկայությամբ պատվելու համար: Մենք զգացված ենք մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ցուցաբերած Ձեր ջերմ զգացմունքներից: Կարող եք վստահ լինել, որ այդ զգացումները փոխադարձ են:

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է վերելքներ եւ կորուստներ, տեսել է նաեւ ամենասարսափելին: Ձեր կատարած քայլերը վկայությունն են, որ մենք մենակ չենք պատմական արդարության վերականգնման մեր ջանքերում: Այս իրողությունը մեր սրտերը լցնում է երախտագիտությամբ: Ի դեմս Վատիկանի եւ Սուրբ Աթոռի սպասավորների մենք տեսնում ենք խաղաղության, արդարության ու մարդասիրության պաշտպանի:
 
Ձերդ Սրբություն,

Հայաստանի 10ամյա անկախությունը մեր ժողովրդի համար եղավ հզոր ազդակ` իր հոգեւոր ակունքներին վերադառնալու: Այսօր Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում մենք մեծապես կարեւորում ենք հասարակության բարոյական եւ հոգեւոր առողջությունը: Մեզանում խորը արմատներ ունեցող քրիստոնեական ավանդույթն իր ազդեցությունն է գործում մեր նոր քաղաքականության վրա£ Դրա հիմքում անհատի եւ ժողովրդի ազատությունն է` լավագույն ինքնարտահայտման նախապայմանը: 

Աշխարհում այս վեհ արժեքների արմատավորման գործում առանձնահատուկ է Ձեր դերակատարությունը, որ մենք շատ բարձր ենք գնահատում: 

Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը մտադիր են ազգերի միջազգային ընտանիքի անդամների հետ միասին` իրենց համեստ լուման բերել աշխարհում խաղաղության ու բարգավաճման գործին:
 
Այս պայծառ հավատով է, որ մենք մաղթում ենք Ձեզ բարի ճանապարհ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: