Աղետի գոտուց զարգացման գոտի
Հետահայաց գնահատական
11 Դեկ 2012  

Ժամանակի հարց

Այս շաբաթվա մեր հերթական վերլուծությունն այնքան էլ հերթական չէ, քանի որ այս անգամ այն գրելու շարժառիթն, ի տարբերություն նախորդների, ոչ թե մեր մամուլն է, այլ այն նյութերի բովանդակությունը, որը պատրաստվում ենք ներկայացնել առաջիկա օրերին: Անկեղծ ասած, սա չի նշանակում, թե զանգվածային լրատվամիջոցները այս շաբաթ առիթ չեն տվել, որ կրկին մի հայացք գցենք իրենց վրա: Նրանց մեծ մասը թեև առաջվա պես լի են անմտություններով,  բայց արդեն կրկնում են իրենք իրենց, և կարծես թե նախագահական ընտրարշավից առաջ մի տեսակ թուլացել ու հաճույքի են սպասում: Այնպես որ մեզ համար իսկապես կարևոր էին այլ հանգամանքներ, որոնց մասին էլ ուզում ենք զրուցել մեր այցելուների հետ, կամ ուղղակի բարձրաձայն մտորել:

Այդ մտածումների առիթ տվեց  նախ "Голос Армении" և "Հայոց աշխարհ" թերթերին երկրորդ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 11-ին տված հարցազրույցը: Այն մեր կայքէջում կարող եք վերընթերցել չորեքշաբթի օրվանից, իսկ մեզ համար հարցազրույցը հետաքրքիր ու կարևոր էր այն տեսակետներով, որոնք Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է պաշտոնը թողնելուց շուրջ երեքուկես տարի անց: Մի փոքր ավելի ուշ կանդրադառնանք դրանց, բայց ասենք, որ մեր այցելուներին անակնկալ է սպասվում նաև շաբաթ օրը: Երևանի քաղաքապետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի նախկին վարչության պետ Անժելա Մարտիրոսյանը, մեր խնդրանքով, մեզ է տրամադրել 2007թ.-ին  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության կողմից նկարահանված տեսաֆիլմը, որը Երևանի քաղաքապետարանի 2006-2007թթ. աշխատանքի հաշվետվությունն է և այսօր էլ ուշագրավ տարրեր է պարունակում  Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի մայրաքաղաքում կատարված մեծ իրագործումների վերաբերյալ: 

Մենք բազմիցս կայքէջում հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիները մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցան: Վերընթերցելով ներկայացվելիք հարցազրույցն ու հատկապես դիտելով տեսաֆիլմը, համոզվեցինք, որ ավելի արդարացի է այն պնդումը, ըստ որի քոչարյանական նախագահության տասնամյակի արդյունքներն ավելի շատ արդիական քաղաքական գործոններ են, քան պատմություն: Այդ նյութերին ծանոթանալուց հետո դուք էլ վստահաբար համամիտ եք լինելու այս տեսակետի հետ: Ինչպես հապա բնութագրել այդ արդյունքները, թե ոչ արդիական քաղաքական գործոն, եթե դրանք այսօր էլ դիտարկվում են որպես ձգտելիք նպատակ ու նախընտրական խոստում: Նախագահ Քոչարյանի գործունեության ցուցանիշներին հասնելն այսօր դարձել է ծրագրերի ու գործունեության բաղձալի գագաթնակետ: Ընդ որում, ցուցանիշ ասելով նկատի չունենք միայն տնտեսություն և տնտեսական առաջընթացի թվեր ու գործակիցներ, այլ նաև` իրավիճակ: Օրինակ` Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական իրավիճակը: Որպեսզի շատ բան չասենք, միայն նշենք, որ այսօր միջնորդները հսկայական ջանքեր են գործադրում կողմերին գոնե բանակցային գորընթաց վերադարձնելու համար:

Արտաքին քաղաքական խնդիրներից մի պահ դառնանք ներքին հարցերին: Երբ այսօր կոչ են անում ու հայտարարում, թե ամեն գնով պիտի պայքարել արտագաղթ կոչվող չարիքի դեմ, ոչ մեկը նկատի չունի, թե երկրից դուրս եկողների թիվը զրոյական է լինելու: Ամենազարգացած երկրներն էլ միգրացիոն պրոցեսները կարգավորելու խնդիրներ ունեն, և ոչ միայն ներգաղթի, այլ նաև` արտագաղթի: Պարզապես հեռացողների թիվը չի սպառնում այդ երկրի ժողովրդագրական վիճակին ու հետևաբար` երկրի անվտանգությանը: Ասել կուզի, թե մեր երկրի համար իդեալական կլիներ հասնել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների թվերին, երբ հեռացողների թիվը տարեկան մի քանի հազարի էր հազիվ հասնում: Իրավիճակ-ցուցանիշ ասելով հենց սրանք նկատի ունենք: 

Մի քանի օր առաջ Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցն էր: Այս առիթով էլ մի դիտարկում անենք: Հայտնի փաստ է, որ մինչ Քոչարյանի նախագահ դառնալը երկրի պետական բյուջեից ոչ մի լումա չէր հատկացվել աղետի գոտու վերականգնմանը: Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Աղետի գոտի արտահայտությունը արագորեն վերացնելու իր մտադրության մասին ու պետությունն սկսեց լայնածավալ շինարարություն իրականացնել, մարդիկ տեսան, որ պետությունը մտադիր է վերականգնել բնական արհավիրքից կործանված բնակավայրերը, իրենք էլ սկսեցին սեփական միջոցներով իրենց տները կառուցել: Ուրեմն իրավիճակ ասելով այս հոգեբանական վերելքն ու լավատեսությունը նկատի ունենք: Դե, իսկ տնտեսական ցուցանիշների մասին գիտեն բոլորը, քանի որ բոլորն են իրենց առօրյայում զգացել երկրի զարգացումը: Լինենք անկեղծ. Ռոբերտ Քոչարյանն ուներ երկրի ապագայի իր տեսլականը, որն ինչ-որ առումով անավարտ մնաց:

Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհը, փորձը, կապերը, գիտելիքները, ինչպես նաև հենց հանրապետության ապագայի մասին այն պատկերացում-տեսլականը, որի մասին արդեն հիշատակեցինք, հուշում են, որ նա դեռ անելիք ունի և դերակատարություն է ունենալու երկրի կյանքում: Անավարտ մնացած ծրագրերն են այդ պարտադրելու: 

Օրեր անց կսկսվի նախագահի ընտրության քարոզչական շրջանը, և մի ավելորդ անգամ էլ կհամոզվենք, որ թեկնածուներն իրենց խոստումներով չեն գերազանցելու այն ցուցանիշները, ինչին մի անգամ արդեն հասել էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ նա եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Եվ ամենևին կարևոր չէ, որ մենք ենք այդպես ուզում, ու էլի շատ շատերը: Ավելի կարևոր է, որ իրողություններն են դա պատադրելու: Նա չի վերադառնա, եթե միայն ինքը չուզենա: Չուզենա հերթական անգամ ստանձնել ծանր պարտականություն ու գլուխը ցավի տակ դնել: Սակայն դա էլ իր հերթին կնշանակի, որ նա անտարբեր է մնում երկրի ապագայի նկատմամբ, ինչը քիչ է հավանական, քանի որ հարիր չէ Ռոբերտ Քոչարյան մարդու, քաղաքական ու պետական գործչի նկարագրին: Ուրեմն նրա անխուսափելի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է: Եվ այս համոզմանը մի անգամ էլ հանգեցինք  մեր կայքում առաջիկա օրերին ներկայացվելիք նյութերին ծանոթանալու ընթացքում:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: