27.10.2005. ՀՀ Նախագահի շրջայցը վերանորոգված մարզադպրոցներ
Նշվեց Աբովյան քաղաքի 42-ամյակը
29 Հոկ 2011  
29.10.2011  |  12:23   |   Թերթեր և ամսագրեր

Մեծ շինարարությունը կշարունակվի

857 միլիոն 700 հազար դրամի շինարարական աշխատանք եւ հիմնովին վերանորոգված երեւանյան հինգ խոշոր մարզօջախներ։ Այսպիսին է Հայաստանի նախագահի հանձնարարականով եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող երկփուլ ծրագրի այս տարվա արդյունքը։ Ծրագրի 2,5 մլն դոլար արժողության երկրորդ փուլը նախատեսվում է սկսել 2006թ. մարտի 1-ից։ Իսկ մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ասում են, տեղում գնահատեց կատարվածը։ 
   
Երկրի ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ մնաց կատարված աշխատանքների ծավալից եւ որակից։ Մարզակառույցների այցելությունը սկսվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանից։ Մարզակրթօջախի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը, մարզիչներն ու մանկավարժները հպարտությամբ եւ երախտագիտությամբ էին ցույց տալիս նորովի տեսք ստացած լուսավոր եւ ջեռուցվող մարզադահլիճները, որոնք դեռեւս անցյալ տարի կիսաքանդ եւ անհրապույր վիճակում էին տարիների տեխնիկական մաշվածության պատճառով։

Ռ.Քոչարյանին, նրան ուղեկցող պաշտոնատար անձանց եւ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներին յուրաքանչյուր մարզաձեւի դահլիճում ցուցադրական ելույթներով ողջունեցին ըմբիշները, բռնցքամարտիկները, ձյուդոյիստները եւ կանանց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։ Բռնցքամարտիկների առանձնակի հպարտությունն է հրաշալի ռինգը, որը, ինչպես տեղեկացանք, հատուկ պատվերով պատրաստվել է Հայաստանում։ Ռինգը վերեւից լուսավորվում է լուսարձակով։ Այստեղ Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը ցուցադրական մենամարտ անցկացրեց մրցակցի հետ, որի անունը եռուզեռի մեջ, ցավոք, չհասցրինք ճշտել։ 
   
Ուսումնարանում մարզումային պայմաններից բացի, նաեւ վերականգնման հնարավորություններ են ստեղծված մարզիկների համար. ցնցուղարան, շոգեբաղնիք։ Մաքրությունից փայլում էին նաեւ հանդերձարանները։ Կարեւոր է նաեւ, որ կաթսայատները ցրտին ջերմացնելու են դահլիճները, ինչի շնորհիվ ձմռանը մարզումները չեն ընդհատվի։ Առաջ անցնելով, նշենք, որ նույն պատկերն էր նաեւ «Աշխատանք» եւ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունների եւ «Հայաստան» ՄՄ «Սպարտակ» համալիրի դահլիճներում, որոնք եւս ընդգրկված էին երեկվա այցելության ծրագրում։ Հատկապես աչք է շոյում նաեւ «Սպարտակի» թեթեւատլետիկական մանեժը, որի վազքուղիները պատված են շվեդական «Նորդիկ» ընկերության սինթետիկ ծածկույթով։ 
   
Օլիմպիական հերթափոխի ուսումնարանում նախագահին եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ընդունելությունը պսակվեց բացօթյա հաճելի արարողությամբ։ Դ.Գաբրիելյանն իր կոլեկտիվի անունից մարզական հաղթանակների խորհրդանիշ-գավաթ նվիրեց Ռ.Քոչարյանին, որի տրամադրությունն ավելի բարձրացրեց հանդիպումը սամբոյի իր առաջին մարզիչ Յուրի Բաբայանի հետ։ ՀՀ վաստակավոր մարզիչը հատուկ հուշամեդալով պարգեւատրեց նախկին սանին։ Դատելով Դ.Գաբրիելյանի` «տեսե՛ք, թե ինչ է» բացականչությունից, դա ինչ-որ արտասովոր մեդալ էր, որը, ցավոք, մոտիկից տեսնել չհաջողվեց։ Ուսումնարանի տնօրենը հիշեցնելով, որ մարզիկները ջենտլմեն են, վարդերի գեղեցիկ փունջ նվիրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանին, չմոռանալով իր շնորհակալական խոսքում հիշել աշխատանքի իրագործմանը նպաստած բոլոր մասնակիցներին։ 
   
Նկատենք, որ, հայտնվելով մարզասարքերի դատարկ սենյակում, Ռ.Քոչարյանը անմիջապես խոստացավ օգնել այն անհրաժեշտ գույքով հագեցնելու հարցում։ Ավելի ուշ, Դ.Գաբրիելյանը հայտնեց, որ նախագահը հանձնարարական է տվել գալիք տարի վերանորոգել նաեւ ուսումնարանի ուսումնական ննջարանային եւ ճաշարանային մասնաշենքերը, իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հանձնարարել է աջակցել տարածքի բարեկարգման հարցում։ Ավելին՝ մտադրություն կա ուսումնարանի տարածքում կառուցել նաեւ ֆուտբոլի մարզադաշտ եւ լողավազան` վերածելով այն ամփոփ մարզահամալիրի։ 
   
Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ նախագահը հրահանգել է սկսել ծրագրի 2-րդ փուլի մշակումը։ «Արդեն որոշել ենք մյուս տարվա ծրագրում ընդգրկված մարզակառուցները։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում կկառուցվի 10 մարզադպրոց եւ ավելի քան 15 մարզադահլիճ»,- նշեց Ի.Զաքարյանը, հիշեցնելով, որ նմանատիպ ծրագիր, բայց արդեն մարզերում, իրականացնում է նաեւ կառավարությունը։ Ըստ դրա, այս եւ մյուս տարի կվերանորոգվի եւս 20 մարզային մարզադպրոց։ Սպորտի պետական կառույցի ղեկավարի խոսքերով, մինչեւ 2008թ. վերջը Հայաստանը կունենա մոտ 50 վերանորոգված եւ նորակառույց մարզօջախներ։ Միայն այս տարի կառավարությունը պետբյուջեից 1,2 մլրդ դրամ է հատկացրել այդ նպատակներին։ Հաջորդ տարի գումարը քիչ ավելի կլինի։ 
   
Ինչ վերաբերում է Երեւանում իրականացված նախագահական ծրագրի ֆինանսական արտահայտմանը, ապա այն այսպիսին է. օլիմպիական ուսումնարանի հիմնանորոգման վրա ծախսվել է 393 մլն, «Սպարտակ» համալիրի՝ 189 մլն, «Հայաստան» ՄՄ ըմբշամարտի եւ բռնցքամարտի մարզադպրոցների՝ 134 մլն, «Աշխատանքային հերթափոխի» մարզադպրոցի՝ 102 մլն եւ ըմբշամարտի հանրապետական դպրոցի՝ 36 մլն դրամ։ 
   
Դեռեւս ուսումնարանի բակում Ռ.Քոչարյանը նկատեց, որ սպասում է օլիմպիական մեդալների տեսքով փոխհատուցման։ Այդ միտքը նախեւառաջ հասցեագրված էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին։ 
   
Արդեն "Աշխատանքային հերթափոխ"-ում Ռ.Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ աշխատանքները նոր թափով շարունակվելու են հաջորդ տարի։ Միակ բանը, որ դուր չի եկել նախագահին, այն է, որ մեր մարզակառույցները հիմնականում ծվարած են գլխավոր փողոցներից հեռու, շենքերի բակերում։ "Հիմա փորձում ենք լուծումներ գտնել եւ մտածում ենք նոր շինարարություն ձեռնարկելու մասին",- նշեց երկրի նախագահը։ Ռ.Քոչարյանի կարծիքով, Հայաստանի մարզական գերակայությունները չպետք է սահմանափակվեն մենապայքարային մարզաձեւերով, այլ պետք է զարգացվեն նաեւ խաղային ձեւերը, թեթեւ ատլետիկան, լողը, առագաստանավայինը, իսկ Ծաղկաձորում կատարված աշխատանքներից հետո, նաեւ ձմեռային մարզաձեւերը։ "Սպորտը պետք է մատչելի լինի բոլորի համար",- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: