15.12.2005. Երեվանում բացվեց առաջին բացօդյա սահադաշտը
14.12.2011. Հասարակությունը սպասում է
14 Դեկ 2011  
14.12.2011  |  13:09   |   Թերթեր և ամսագրեր

15.12.2005. Մշակույթի եվ ժամանցի նոր օջախ մայրաքաղաքի կենտրոնում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Յուրաքանչյուր ձմեռ երեխաներն օպերայի տարածքում գտնվող տներից դույլերով ջուր էին բերում Կարապի լճի դատարկ ավազան` գիշերվա ընթացքում գոյացած սառույցի վրա առավոտյան սահելու համար: Այսօրվա ավագ սերնդի համար սրանք մանկության հիշողություններ են: Մերօրյա մանուկները հնարավորություն ունեն չմուշկներով սահել սովորելու պրոֆեսիոնալ սահադաշտում: Ջրավազանով թե սառցադաշտովՙ թամանյանական ճարտարապետության գլուխգործոց եւ մայրաքաղաքի այցեքարտ Կարապի լիճն այսուհետեւ գրավիչ կլինի տարվա բոլոր եղանակներին:

Շուրջ 7 ամիս տեւած շինարարությունից հետո երեկ հանդիսավորությամբ բացվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած եւ քաղաքապետարանի տրամադրած 450 մլն դրամով կյանքի կոչված մշակույթի եւ ժամանցի նոր օջախը: Սառույցի ընդհանուր մակերեսը 1033 քմ է, գործելու է նոյեմբերից մարտ, մինչեւ 15 աստիճան ջերմության դեպքում: Սահադաշտից օգտվելն անվճար է: Ցանկացողները կարող են կա՛մ վարձել չմուշկներ, կա՛մ էլ եթե ունենՙ տնից բերել: Սառցադաշտին կից կգործեն սրճարան եւ բուժկետ:

Բացման արարողությանը ներկա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեւանցիների անունից շնորհակալություն հայտնեց, իսկ տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը նվիրեց մարզազգեստ եւ չմուշկներ, որպեսզի երկրի ղեկավարն օգտագործի ազատ ժամանակն ու ճաշակի սահքի հաճույքը: Կարեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ձմեռային մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ կլինի, համապատասխան պայմաններ կստեղծվեն, սառցադաշտ կունենա մայրաքաղաքի յուրաքանչյուր համայնք: Ֆեդերացիան էլ իր հերթին կփորձի միջազգային ասպարեզում հաղթանակներ ապահովել:

Նոր սահադաշտի համար ուրախ էին նաեւ հոկեյի Հայաստանի պատանիների հավաքականի անդամները: Գրիգոր Մավյանն ու Հարություն Փանոսյանը պարծանքով նշեցին, որ այս տարի Թուրքիայում կայացած մրցաշարում Հայաստանի պատանիների հավաքականը գրավել է երրորդ տեղը: 

Պարծենալու հիմք ունի նաեւ 17-ամյա գեղասահորդ Գեղամ Վարդանյանը: Միջազգային բազմաթիվ մրցույթներին մասնակցած պատանին, որը, ի դեպ, միշտ պատվով է ներկայացնում մեր երկիրը, նշեց, որ ամենապատասխանատուն իր համար այսօրվա ելույթն էՙ հանրապետության նախագահի առջեւ: Մարզիկը թերեւս, կդառնա ձմեռային Կարապի լճի մշտական այցելուներից:

Նոր սահադաշտը փորձարկելու պատիվը պատանի հոկեյիստներինն ու գեղասահորդներինն էր: Մինչ նրանք ելույթ էին ունենում պաշտոնյաների եւ երեւանցիների առջեւ, գեղասահքի մարզիչ Ալինա Բադալյանի հետ խոսեցինք մարզաձեւում առկա խնդիրների մասին: Նա ցավով նշեց, որ այսօր գեղասահքի զարգացման համար պայմանները բավարար չեն, կան բազմաթիվ օժտված երեխաներ, որոնք ստիպված են լինում թողնել մարզաձեւը: Նա եւս հույս հայտնեց, որ առաջիկայում գեղասահքի նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ կլինի:
Այսուհետեւ Կարապի լիճը մարզադաշատ կլինի բոլոր եղանակներին:

Մ. Հ.
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: