

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 19-22-ը պաշտոնական աշխատանքային այցով կայցելի Ճապոնիա:
Ինչպես հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից, դեկտեմբերի 20-ին Հայաստանի նախագահին կընդունի կայսր Ակիհիտոն, որը նույն օրը կայսերական պալատում ճաշ կտա ի պատիվ Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրի: Նախատեսվում են Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները նաեւ Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի հետ:
"Ճապոնիայի կառավարությունը սրտանց ողջունում է Հայաստանի նախագահի առաջիկա այցը` այն համարելով կարեւոր իրադարձություն Ճապոնիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին", - ասված է դեսպանության մամլո հաղորդագրության մեջ:
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ