Նոր տարում նոր եռանդով
ՀՀ նախագահի առաջին այցը Գերմանիա
17 Հուն 2012  

Նախագահի մրցանակներ աշխատանքային առաջին օրերին

Որպես ավանդույթ, ամանորյա տոներից հետո Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամեն տարի այս օրերին հանդիպում և մրցանակներ էր հանձնում արվեստի և գրականության ներկայացուցիչներին: Պատահական ընտրությամբ կանգ առանք 2002 և 2006 թվականների վրա և համոզվեցինք, որ մրցանակակիրների մեջ չկան անուններ, ում տաղանդն ու վաստակը կասկած կհարուցեն: Օրինակ 2002-ին հունվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանը մրցանակներ ու պետական բարձր պարգևներ  է հանձնել`

- երաժշտության բնագավառում` Ռուբեն Ալթունյանին, "Օրհներգ 1700-ամյակի" կոնցերտների շարքի համար

- կերպարվեստի բնագավառում` Ռուբեն Ադալյանին, 2000 թ. Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսի համար

- կինոարվեստի բնագավառում` Ալբերտ Մկրտչյանին /սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր/, Ռուդոլֆ Վաթինյանին /բեմադրող օպերատոր/, Անահիտ Քոչարյանին /գլխավոր դերակատար/, "Ուրախ ավտոբուս" կինոնկարի համար

- ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում` Ստեփան Քյուրքչյանին /նախագծի հեղինակ/, Յուրի Դալլաքյանին /ճարտարապետ/, Վազգեն Պողոսյանին /շինարարական աշխատանքների ղեկավար/, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու համար:

Շնորհավորելով նրանց, Հանրապետության Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. 

"Շնորհավորում եմ մեր դափնեկիրներին` այդ բարձր պարգեւին արժանանալու համար: Պետական մրցանակների հիմնումն առաջին հերթին ուղղված է արվեստի եւ գրականության զարգացմանը, ձեր ստեղծագործական ակտիվության խրախուսմանը: Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովի բոլոր անդամներին: Գիտեմ, որ հեշտ գործ չէ որոշել հաղթողին: Համոզված եմ, որ ձեր գործը լավ եք կատարել: Առաջիկայում պետք է փորձենք կատարելագործել նաեւ հանձնաժողովի աշխատանքը, որպեսզի նվազագույնի հասցվեն սուբյեկտիվ գործոնները: 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մրցանակակիրներին: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են երկրում ստեղծել այն տրամադրությունը, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Մենք բավական զգացմունքային ժողովուրդ ենք, եւ լավ տրամադրության ու ոգեւորության պայմաններում շատ բան կարող ենք անել, իսկ առանց ձեզ, առանց արվեստի գործիչների դա ուղղակի հնարավոր չէ: 

Շնորհակալություն, հաջողություններ եմ ցանկանում մեզ` բոլորիս:"

Իսկ, օրինակ, 2005 թվականի մրացնակակիրները, ովքեր պետական պարգևներ են ստացել 2006 թվականի հունվարի 18-ին, ՀՀ նախագահի նստավայրում, հաճելիորեն զարմացած էին, որ մի քանի անվանակարգերում չկային հաղթողներ, ինչը հուշում էր, որ մրցույթն անցկացվում էր բարձր գեղարվեստական չափանիշի ձգտման, ոչ թե ինչ որ մի ստեղծագործողի այսպես թե այնպես մեդալ հանձնելու տրամաբանությամբ: Այս անգամ ևս մրցանակակիրների արժանիությունը երկմտանքի տեղ չէր թողնում:

Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի էին արժանացել Հենրիկ Էդոյանը` "Երեք օր առանց ժամանակի" բանաստեղծությունների ժողովածուի, երաժշտության ոլորտում` Հրաչյա Մելիքյանը "Եռակոնցերտ" ստեղծագործության եւ կերպարվեստի ոլորտում` Գետիկ Բաղդասարյանը "Համո Սահյան" հուշարձանի համար:

Քաղաքաշինության, թատրոնի եւ կինոարվեստի ոլորտներում մրցանակակիրներ չեն եղել:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնելով մրցանակները` ասել է, որ այդ բարձր պարգեւը արվեստագետների աշխատանքային եռանդի, տաղանդի եւ ապրումների արդյունքն է եւ հույս է հայտնել, որ այն կխթանի նրանց ստեղծագործական նոր որոնումները: "Արվեստի, մշակույթի բնագավառի յուրաքանչյուր աշխատանք, հատկապես ճանաչում ձեռք բերած, մեր բոլորի նվաճումն է: Պետական մրցանակը հասարակության գնահատականն է ձեր ստեղծագործություններին, եւ ես որպես նախագահ ընդամենը վավերացրել եմ փաստացի կատարվածը", - նշել է երկրի ղեկավարը: 

Իսկ երկու անվանակարգերում մրցանակակիրների բացակայության առիթով նախագահն ասել է, որ դա վկայությունն է այն բանի, որ պետական մրցանակների բաշխման մասնագիտական հանձնաժողովները խստապահանջությամբ, մեծ պատասխանատվությամբ եւ օբյեկտիվությամբ են աշխատել, հակառակ դեպքում պետական մրցանակի գաղափարը կարող է արժեզրկվել:

Մրցանակների հանձնման արարողության ընթացքում հնչել են առաջարկներ պետական մրցանակաբաշխության ներկայացված ոլորտներում նոր անվանակարգեր ներառելու մասին:

Ռոբերտ Քոչարյանը մասնագիտական հանձնաժողովներին առաջարկել է քննարկել այդ հարցը եւ հիմնավորումներով ներկայացնել համապատասխան լուծումներ` դրանց շուրջ վերջնական որոշում կայացնելու համար:

Ավելացնենք, որ իսկապես ավելացան ոչ թե անվանակարգերը, այլ այն բնագավառները, որոնց ներկայացուցիչներն այդուհետ կարող էին հավակնել Նախագահի մրցանակին: Այդպիսի բնագավառներից էին հայագիտությունը, նորագույն տեխնոլոգիաները և այլն:   

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: