

2008 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՌԴ նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը` գագաթնաժողովին մասնակցելու համար, ինչը նաեւ լրացուցիչ առիթ է հանդիպելու, զրուցելու համար: Վլ. Պուտինը հույս է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահի առաջին այցելություներից մեկը Ռուսաստան կլինի, եւ ՀՀ նախագահի միջոցով իր հրավերը փոխանցել է Սերժ Սարգսյանին:
Վլ. Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` նշելով. "անցած տարիներին Ձեր անմիջական մասնակցությամբ շատ բան է արվել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ` ինչպես տնտեսական, այնպես էլ` քաղաքական ոլորտում":
Ռ. Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար. "Եթե գնահատելու լինենք անցած ճանապարհը, ապա, իրոք, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց են արձանագրել: Այդ տարիներն առանձնացել են իրենց արդյունավետությամբ թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, եւ այդ ամբողջությունը հանգեցրել է հայ-ռուսական առանձնահատուկ հարաբերությունների", - ընդգծել է Ռ. Քոչարյանը:
Նա ավելացրել է, որ Հայաստանում գնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ "կարծում եմ, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ տնտեսական համագործակցությունը դարձել է բազային բաղադրիչ` երկկողմ հարաբերությունների լոկոմոտիվը":
ՀՀ նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների մակարդակով պայմանավորված` մեծ է նաեւ քննարկվող հարցերի օրակարգը, եւ միշտ դրանց քննարկման անհրաժեշտություն է առաջանում:
Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական գործակցության հարցերին եւ պայմանավորվել են, որ դրանց ավելի մանրամասն քննարկման նպատակով մոտ ժամանակներս պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: