29.04.2005. ԱՌՈՂՋ ԵՂԵՔ. ավելի շատ սպորտ, ավելի քիչ լոտո
05.11.2005. Սպորտի համար ճիշտ երկիր ենք
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:35   |   Թերթեր և ամսագրեր

15.12.2005. Փոքրիկ կարապի պարը սահադաշտում

Երեւանցիների սիրելի զբոսավայր համարվող Կարապի լճում սովորաբար տարվա այս սեզոնին ձմեռային անդորր է։ Սակայն բոլորովին այլ պատկեր էր երեկ։ Լիճը վերածվել էր սահադաշտի։ Այսուհետ այդպես կլինի նոյեմբերից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում։

Այս մտահղացման ակունքներում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած։ Գաղափարը նախագահինն է եղել, իսկ Երեւանի քաղաքապետարանը իրականացրել է այն։ Բնականաբար սահադաշտի կարմիր ժապավենը կտրելու պատիվը երեկ տրվեց Ռ.Քոչարյանին։

Դեռեւս ամիսներ առաջ "Երեւաննախագիծ" ինստիտուտի գլխավոր ճարտարապետ ԱԼԲԵՐՏ ՇԱՔԱՐՅԱՆԸ պնդում էր, որ այս կառույցն անհրաժեշտություն է, քանզի երեւանցիները ձմռանը կունենան հրաշալի հանգստավայր։ Իսկ ինչո՞ւ է սահադաշտի համար ընտրվել Կարապի լիճը։ Պատճառը թերեւս քաղաքի կենտրոնում գտնվելն է։ 

Երեւանի քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ ՖՐՈՒՆԶԵ ԲԱՍԵՆՑՅԱՆԻ հավաստմամբ, Կարապի լճի տեսքը չի փոխվել եւ չի փոխվելու։ Ավելին՝ այն բարեկարգման կարիք ուներ, քանզի վերջին 15 տարիներին ոչինչ չէր արվել այդ ուղղությամբ եւ սահադաշտի վերածելու գաղափարը մի տեսակ լրացուցիչ ազդակ եղավ բարեկարգելու լիճը։ Սահադաշտի հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել է Երեւանի քաղաքապետարանի միջոցներով. ծախսվել է շուրջ 450 մլն դրամ։

"Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է. այն կառուցված է նմանատիպ կառույցներին հատկանշական բոլոր չափանիշները պահպանելով։ Տեխնիկական մասը կառուցել է մոսկովյան "Էսկառեստ" կազմակերպությունը, որը սահադաշտեր կառուցելու մեջ մասնագիտացված կազմակերպություն է, իսկ սարքավորումները բերվել են Ֆրանսիայից"։ Ի դեպ, Ֆ.Բասենցյանը տեղեկացրեց, որ այս ձմեռ սահադաշտում սահելը անվճար կլինի։ 

Իսկ քաղաքապետ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ, շնորհավորելով մայրաքաղաքի բնակիչներին Կարապի լիճ-սահադաշտի շահագործման առթիվ, նկատեց. "Կարապի լիճը երեւանցիների սիրելի վայրն է եւ ամառվա շոգ օրերին այստեղ մարդաշատ է, բայց ձմեռվա պայմաններում այն անգործ է, կարծես մեռած լինի։ Սահադաշտն ունի 100 մարդու անմիջական, միանգամյա մասնակցության եւ սահելու հնարավորություն, եւ այն կարող է գործել օդի 15 աստիճանի պայմաններում"։

Ի դեպ, սահադաշտին կից ստեղծվել է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, նաեւ բժշկական մաս՝ համապատասխան սարքավորումներով։ Ընդհանուր առմամբ, սահադաշտի շինարարությունը տեւեց 7 ամիս եւ ճիշտ ժամանակին, ցրտերն ընկելուն պես, այն բացվեց երեւանցիների առջեւ։ Հետաքրքիր է, ուրիշ ի՞նչ ծառայություններ կլինեն ձմեռային Կարապի լճում։ Պարզվում է՝ չմուշկների կետից, բուժկետից, հանդերձարանից ու տեխնիկական ծառայությունից զատ, այստեղ կգործի սրճարան, ուր չմշկորդները կարող են տաք սուրճ եւ թեյ ըմպել։ Սահադաշտի սպասարկման ոլորտում կաշխատի 40 մարդ։ 

Մի ուշագրավ փաստ եւս. սահադաշտում սահելու համար տարիքային սահմանափակում չկա, բայց կա ժամանակային սահմանափակում. մեկ ժամից ավելի չի կարելի գտնվել սառույցի վրա։
   
ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՀԱՃՈՒՅՔ

Տափօղակով հոկեյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երեկ անթաքույց ոգեւորությամբ էր գնահատում սահադաշտի իրողությունը. 

"Այսօր մեզ համար տոն է, ուրախ ենք, որ մեր երկրի նախագահը, քաղաքապետը արդեն մեծ ուշադրություն են դարձնում ձմեռային մարզաձեւերին։ Համոզված ենք, որ այս նվերը չի լինի վերջինը, որ մեր քաղաքի յուրաքանչյուր համայնք կունենա նմանատիպ սահադաշտ։ Սահելը մի աննկարագրելի հաճույք է, մարզման եւ առողջ ապրելակերպի միջոց"։

Թերեւս այս պատճառով նաեւ առողջ ապրելակերպի ջատագով նախագահ Ռ.Քոչարյանին տափօղակով հոկեյի հանրապետական ֆեդերացիայի նախագահը մարզական համազգեստ նվիրեց, ցանկանալով, որ նա իր ազատ ժամանակն օգտագործի "սահքի հաճելի պահերը ճաշակելով"։

Ա.ԱՐՄԵՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: