

Տիկնայք եւ պարոնայք,
Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Բրազիլիայի ղեկավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի պատվիրակության նկատմամբ ցուցաբերած հյուրընկալության համար։ Իմ գործընկեր՝ պարոն Կարդոզոյի հետ պաշտոնական զրույցների ժամանակ մենք նախանշել ենք այն առաջնային ուղղությունները, որոնք պետք է նոր բովանդակություն հաղորդեն մեր հարաբերություններին։ Մեր ընդհանուր նպատակն է ընդլայնել մեր հասարակությունների մասնակցությունը հայ-բրազիլիական երկկողմ համագործակցությանը։
Ես մեծ հույսեր ունեմ, որ Բրազիլիայի գործարար համայնքի հետ այսօրվա հանդիպումը Հայաստանում բիզնեսով զբաղվելու հետաքրքրություն կառաջացնի։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք այստեղ գալու եւ մեզ հետ ձեր տեսակետները կիսելու հրավերը եւ նաեւ հուսով եմ՝ մեր երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։
Տիկնայք եւ պարոնայք,
Իմ բացման խոսքին կհաջորդի մանրամասն պրեզենտացիա՝ Հայաստանի տնտեսական եւ առեւտրային հնարավորությունների մասին։ Իսկ ես կնկարագրեմ Հայաստանի ընդհանուր տնտեսական մթնոլորտն ու այդ առումով մեր կառավարության առաջնահերթ խնդիրները։
Հայաստանն անցումային շրջանում գտնվող մի երկիր է. տնտեսական բարեփոխումների նպատակն է ամրապնդել շուկայական հարաբերություններն ու ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ։
Ժողովրդավարական Եվրոպայի չափանիշներին Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ իրավական համակարգերի համապատասխանեցումը մենք դիտում ենք որպես հզոր լծակ երկրի զարգացումն ապահովելու համար։ Հաշվի առնելով մեր տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների ներկայիս արդյունքները, քաղաքական կայունության եւ օրենքի իշխանության մակարդակը, մենք վստահ ենք, որ Հայաստանը կդառնա տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը։ Կառավարությունը հավատարիմ է մնում տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումներ ներգրավելու իր քաղաքականությանը։ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ աշխատելու ընթացքում մենք արդեն զգալի օրենսդրական փաթեթ ենք ընդունել առեւտրի ազատականացված ռեժիմ ու կառավարության կողմից չմիջամտելու քաղաքականություն ապահովելու համար։
Բարեփոխումների շարունակումը, տնտեսական գործունեության համար անհրաժեշտ օրենքների եւ չափանիշների համապատասխանեցումը եվրոպական նորմերին շարունակում է մնալ ՀՀ կառավարության ամենակարեւոր առաջնություններից մեկը։
Կառավարությունը շարունակելու է իր զգալի ներդրունմ ունենալ եւ խրախուսել կապիտալ ներդրումները ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհների, ավիացիայի, ոռոգման համակարգերի, հեռահաղորդակցության եւ էներգետիկայի ոլորտների հետագա զարգացման համար։ Մենք մասնավոր կապիտալը դիտում ենք որպես ավիացիայի, հեռահաղորդակցության եւ էներգետիկայի համակարգերի արդիականացման հիմնական միջոց։ Մասնավոր սեկտորն արդեն Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է հանդիսանում։ Ներկայումս մեր համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ 75 տոկոսն արտադրվում է մասնավոր սեկտորում։
Աշխարհով մեկ սփռված մեծաթիվ հայկական Սփյուռքը անգնահատելի հարստություն է Հայաստանի համար։ Սփյուռքը միշտ կարեւորագույն կամուրջ է եղել Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։ Ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցներից շատերը ձեռք են բերել օրինապահ քաղաքացիների, աշխատասեր մարդկանց եւ հաջողակ գործարարների համբավ։ Կասկած չկա, որ եթե հայերը կարող են հաջողության հասնել այլ երկրներում, ապա նրանք կկարողանան դա անել նաեւ իրենց սեփական երկրում։ Մեր հայրենակիցներից շատերն արդեն զգալի գումարներ եւ ռեսուրսներ են հատկացրել Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Հայաստանի նկատմամբ նրանց հավատը եւ ներկայությունը մեր երկրում լրացուցիչ վստահություն է ներշնչում մեզ հետ գործակցել ցանկացողներին։
Կառավարությունն ամենայն վճռականությամբ մտադիր է հաջողությամբ իրականացնել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի համապարփակ մի ծրագիր։ Ծրագիրը ներառում է օրենսդրական եւ գործնական միջոցառումներ քաղաքացիական ծառայության համակարգը բարեփոխելու, հարկային եւ մաքսային վարչարարությունը կատարելագործելու եւ սոցիալական ապահովության ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար։
Տիկնայք եւ պարոնայք,
Հայաստանի հասարակության մեծ մասը պաշտպանում է երկրում իրականացվող փոփոխությունների բնույթն ու ուղղությունը։ Ժողովրդավարության եւ ազատ տնտեսության արժեքները արմատացած են Հայաստանում։ Սա մեր երկիրը միջազգային համայնքի հուսալի եւ կանխատեսելի գործընկեր է դարձնում։
Ավարտելով խոսքս, կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ավանդաբար լավ հարաբերությունները մոտ ապագայում էլ ավելի կամրապնդվեն դրանցում մեր գործարար համայքների զգալի մասնակցության շնորհիվ։
Շնորհակալություն: