Հերթական սուտը
Վ.Սողոմոնյան. "Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր
18 Նոյ 2012  
18.11.2012  |  13:00   |   Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը

Վերջին շրջանի քաղաքական խմորումները, հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնությունը բնականորեն լայն արձագանք գտան թե հասարակության մեջ և թե մամուլում: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանին` պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ առընչությունն ունի այդ քննարկումների նախաձեռնության հետ, և հենց գրասենյակից էլ այսօր առավոտյան ստացանք հետևյալ պատասխանը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում:

Պարոն Քոչարյան, այն պահից, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես եկավ Հայաստանում կառավարման պառլամենտական համակարգի անցման հնարավորությունների քննարկումների նախաձեռնությամբ /խորհրդարանի ընտրություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, նախագահի իրավասությունների կրճատմամբ և այլն/, սկիզբ առան խոսակցություններ, որ այդ նախաձեռնության հեղինակը Դուք եք: Ինչքանո՞վ են այդ պնդումները համապատասխանում իրականությանը, և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պետական կառավարման այդ համակարգի նկատմամբ:

Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության  հասունության:

Ի դեպ, սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իսկ իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց: 

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում /օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք/:

Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:

Այժմ խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին: 
 
Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր "ֆորա" ունենալ միամանդատ ընտրատարածքներով:

Ես համաձայնեցի այս փոքրիկ հարցազրույցը տալ և հստակ արտահայտել այդ կարևոր հարցի նկատմամբ իմ վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ:

Հատկապես այն "խելամիտներին", այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը:

***

Հարցազրույցի ռուսերեն տարբերակը այստեղ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: