

Ինչպես աշխարհի ավելի քան 100 պետություններում, այնպես էլ Բելառուսում, հայեր ապրում են։ Բելառուսը բազմազգ երկիր է, հայերը քանակային առումով զբաղեցնում են վեցերորդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո։ Բելառուսահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր այցելությունների պարտադիր բաղադրիչ է տվյալ պետության հայ համայնքի հետ հանդիպումը, անկախ նրանից` այդ երկրում երկու թե երկու հարյուր հազար մեր հայրենակիցներ են բնակվում։
Բելառուսում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է 30 հազար հայ, պաշտոնապես գրանցված է չորս հայ համայնք` Մինսկում, Մոգիլեւում եւ երկուսը` Բոբրույսկում։ Մայրաքաղաք Մինսկում 1991 թ. գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1998 թ.-ից` "Էրեբունի" ազգագրական խումբը։ Մինսկի հայ համայնքի ղեկավար Գ. Եղիազարյանը միաժամանակ նախագահում է Բելառուսի ազգային կազմակերպությունների խորհուրդը, ինչը, Բելառուսում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի ասելով, խոսում է այս երկրում հայ համայնքի հանդեպ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի մասին։
Հայերը Բելառուսում ապրում են այնպես, ինչպես մյուս երկրներում, ավելի կոնկրետ` վատ չեն ապրում։ Քիչ չեն հաջողված եւ հանրապետական մակարդակի հայ ձեռներեցները։ Օրինակ, Ռուստամ Չոբանյանը երեք տարի անընդմեջ ճանաչվում է Բելառուսի լավագույն եւ բարեխիղճ գործարար։
Բելառուսում հայկական եկեղեցի չկա։ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ համայնքի հանդիպման ընթացքում խոսվեց եկեղեցի կառուցելու անհրաժեշտության մասին, անշուշտ, պետք է կառուցվի տեղի հայ գործարարների նվիրատվություններով։ Ակնկալվում է Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքի պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կտա ստանալ համապատասխան տարածք Մինսկում` եկեղեցու կառուցման համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ դեսպան Սուրեն Հարությունյանի հանդիպումից հետո Մինսկի քաղաքային ղեկավարությունը հրահանգ է ստացել հողատարածքի հատկացման վերաբերյալ։ Ի դեպ, դեսպան Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելում Բելառուսի պետական շրջանակներում, ինչը մի քանի անգամ տարբեր առիթներով շեշտեց Լուկաշենկոն։
Մինսկի հայ համայնքի ջանքերով Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել Հայոց ցեղասպանության եւ 1998 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։
Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բավականաչափ հետաքրքրական էր, բացի վերոհիշյալ հարցերից նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսությանը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մինսկ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: