Երկրի բարգավաճման ցուցանիշներից ԵՎս մեկը
"Կուզեմ հենց հիմա էլ ինքը լինի"
06 Փետ 2012  

Շատ ավելի "կարգին" շաբաթ

Մեր նախորդ վերլուծականը իրոնիայով վերնագրել էինք "Կարգին շաբաթ", նկատի ունենալով այն ծիծաղելի տեսակետները, պնդումները, վարկածներն ու եզրահանգումները, որոնք վերաբերում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին գործուն քաղաքականություն, բայցևայնպես ոչ մի առնչություն չունենալով ոչ իրականության և ոչ էլ հատկապես Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս շաբաթ այդպիսի, և ոչ միայն այդպիսի հրապարակումներն էլեկտրոնային ու հատկապես տպագիր մամուլում կրկնապատկվել էին, եթե չասենք, թե եռապատկվել ու քառապատկվել էին: Դատեք ինքներդ, ընդդիմադիր թերթն իր մեկ համարում երեք հոդված է հրապարակում Ռ. Քոչարյանի  մասին, երկու այլ հոդվածում շոշափում այսօր այդքան արդիական դարձած քոչարյանական վերադարձի թեման, մեկ հոդվածում էլ ուղղակի հիշատակում նրա անունը:  

Բոլոր այս հրապարակումների ընդհանուր համապատկերում մի ուղղվածություն է փոխվել: Այլևս ոչ մեկը չի տարակուսում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի վերադարձի մեծ ռեսուրսներ: Միայն էլի Արամ Սարգսյանն է, որ իր հերթական հարցազրույցում, մտահոգված հայոց քաղաքական դաշտի բազմակուսակցականության հեռանկարով, պնդում է, թե այն կուսակցությունը, որն իր նախընտրական ցուցակում կներառի Ռ. Քոչարյանի և Վ. Օսկանյանի անունները, շատ բան կկորցնի, ըստ Արամ Սարգսյանի, ընդհուպ մինչև կկործանվի ու կվերանա: 

Բայց ինչո՞ւ է առաջացել տարբեր կուսակցությունների մասին այս մտահոգությունը: Բանն այն է, որ մի վերլուծաբան իմաստակություն ցուցաբերելով` Ռոբերտ Քոչարայանի "պատգամավորական" հավակնությունները ԲՀԿ նախընտրական ցուցակից տեղափոխել է ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղ: Դե գիտեք, թե ինչպես է հին առակում. "Մի հիմար քարը գցեց ջրհորը, տասը խելոք չկարողացան հանել": Իսկ եթե նկատի ունենանք, որ քարը հանել փորձողներն այս դեքում այնքան էլ խելոք չեն, ապա պարզ է, թե ողջ շաբաթվա ընթացքում ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղի թեման ինչքան այդ ջրհորից ջուր հանեց: Իսկ ավելի ստույգ, ուղղակի ջուր ծեծեց: Բայց գոնե այնքան խելք ունեցան, որ Ռոբերտ Քոչարյանի տեղը ՀՀԿ ցուցակում չգցեցին, ասենք Սամվել Նիկոյանից հետո, դե, ենթադրենք 8-ից 16-րդ տեղերում: Միայն շաբաթվա վերջում տպագիր թերթերից մեկի հոդվածագիրը եզրահանգում արեց. "Ռոբերտ Քոչարյանն ամենապատվաբեր ձևով անգամ խորհրդարանի պատգամավոր դառնալուց կհրաժարվի":

Երկրորդ նախագահին վերաբերող թեմաները կրկնապատկվեցին նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանի հայտնի հայտարարությունից հետո: Մի տեսակ անհեթեթ ու անիմաստ բան է ստացվում: Հայտարարություն է անում Օսկանյանը, մեր մամուլը այն վերագրում է Ռ. Քոչարյանին, մոռանալով սակայն, որ երբ Ռոբերտ Քոչարյանը կարիք է ունենում ինչ որ բան հայտարարել, ոչ մեկից չի վախենում, քաշվում ու ամաչում: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ Օսկանյանի` ԲՀԿ-ի ցուցակում իր անունի հայտնվելը չբացառող հայտարարությունը այնպիսի վայնասուն բարձրացրեց արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն արտահայտող մամուլում, ասես մեր քսանամյա անկախ պետականության հաջողությունների հետ վերջինս ոչ մի առնչություն չունի, իսկ ձախողումների մեղավորը միայն հենց Օսկանյանն է, որ կա: Ի՞նչ 20 տարի: Քիչ մնաց նրան մեղադրեն նաև մեր բազմադարյա պատմության բոլոր կորուստների մեջ: Ինչո՞ւ էին այդքան "կատաղած": Պարզ պատճառով: Քանի որ արդեն հայտարարել են, թե Օսկանյանի բերանով Քոչարյանն է խոսում, ուրեմն Օսկանյանին հարվածելով, իրենց կարծիքով, հարվածում են Քոչարյանին:

Այս թյուրիմացությունն սկսվեց այն պահից, երբ թերթերից մեկը հայտնեց, թե  Ռ. Քոչարյանին "մոտ կանգնած աղբյուրներից" տեղեկացել է, որ երկուշաբթի երկրորդ նախագահը կարևոր հայտարարություն է անելու: Իսկ երբ պարզվեց, որ այդ աղբյուրն այնքան էլ մոտ կանգնած չէր, կարգին աղբյուր էլ չէր, այլ Հեղնար աղբյուրի պես մի բան, ստիպված տարակուսած հարց տվեց ինքն իրեն. "Բա ինչո՞ւ էր Ռ. Քոչարյանի շրջապատը ինֆորմացիայի այդպիսի արտահոսք բաց թողել", և հաջորդ օրն իսկ գտավ ելքն ու հայտարարեց. "Վերջին պահին Ռոբերտ Քոչարյանը փոշմանել է և իր փոխարեն հորդորել է հայտարարություն անել նախկին արտգործնախարարին": Ինչո՞վ չի այս ամենը կարգին հաղորդում, կամ` շաբաթ: Բայց ամենաթունդ պահերը դեռ առջևում են: Ամենաթունդ կամ ամենաթույն պնդումների թոփ տասնյակն այս շաբաթ գլխավորում է այն հոդվածագրի տեսակետը, ըստ որի չի բացառվում Ռոբերտ Քոչարյան-Լ.Տ.Պ. համագործակցությունն ընդդեմ Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի: Այս վարկածի համար վերլուծաբանին բավարար հիմք է թվացել առաջին նախագահի ամիսներ առաջ, հանրահավաքի ամբիոնից ԲՀԿ կուսակցությանը հղած համագործակցության առաջարկը:

Բայց այս հրապարակման հետ նույն թերթում, այլ ստորագրությամբ, սակայն չի բացառվում, որ նույն "հնարագետ" վերլուծաբանի գրչով ճիշտ հակառակ համոզմունքն է արտահայտվում: ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղն առաջարկելով Ռոբերտ Քոչարյանին, ըստ այդ հոդվածի, գործող իշխանությունը պառակտում է մտցնում երկրորդ նախագահի ու ԲՀԿ-ի միջև: Բացի այդ, մտնելով հանրապետականների ցուցակ, երկրորդ նախագահը ստիպված կլինի շուտ խոսել, ինչն ըստ "հանճարեղ" մեկնաբանի, ամենակարևորն է գործող նախագահի համար: Քոչարյանի խոսել-չխոսելու, հայտարարություն անելու թեման նոր չի սրվել մեր մամուլում, բայց անհամբերության նոպաներ է դրսևորում Ռ.Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վ.Սողոմոնյանի այն պարզաբանումից հետո, թե մինչ խորհրդարանական ընտրություններ երկրորդ նախագահն անպայման հանդես է գալու հայտարարությամբ: Ի՞նչ կա այստեղ զարմանալի: Միթե՞ տասը տարի երկիրը ղեկավարած նախագահը, ով անտարբեր չէ երկրի ճակատագրի նկատմամբ, համապետական կարևորագույն ընտրությունների առընչությամբ ասելիք չի կարող ունենալ: Ի՞նչն է մարդկանց այդքան զարմացրել, ի՞նչու են այդքան նյարդայնացած: 

Ի վերջո, շաբաթն ամփոփվեց նոր "տեսլականով": Այս անգամ մեր թերթերը առաջ են քաշում վարկածը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի անունը  կլինի նախընտրական ցուցակում, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասնական ցուցակով գնան ընտրությունների: Այս վարկածի համար "չափազանց լուրջ" կռվան է, որ պատգամավորներից մեկը արել է իր հերթական իմաստուն արտահայտությունը. "Ոչինչ չի բացառվում":

Եվ ամենավերջում, վերոհիշյալ թերթի վերոհիշյալ Հեղնար աղբյուրի պնդման համաձայն, Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա և այնտեղ կմնա շատ երկար ժամանակ: Որ "Սիստեմայի" տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Ռոբերտ Քոչարյանն իսկապես Մոսկվա է մեկնել, ճիշտ է, բայց, որ թերթը այս լուրով խորամանկաբար ակնարկում է երկրորդ նախագահի խաղից դուրս գալու մտադրության մասին, դա արդեն զուտ իր ու իր ֆինանսավորողների անձնական երազանքն է:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: