Ավելի քան 360 հազար բաժանորդ
Պետականության խորհրդանիշ միջոցառում
05 Ապր 2013  

Շնորհավորանքներ մայրության ու գեղեցկության տոնի առիթով

Այսօր ապրիլի 7-ն  է: Մայրության ու գեղեցկության տոնը: Ինչպես ժողովուրդն է ասում, մարտի 8-ից սկսվում և այդ օրն ավարտվում է կանանց տոնի մեկամսյակը: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավանդույթի համաձայն այդ օրը շնորհավորական ուղերձ էր հղում հանրապետության բոլոր կանանց ու մայրերին: Սակայն, դեռ մինչ այդ, իր ուղերձով Ռոբերտ Քոչարյանը շնորհավորում էր կանանց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահության շրջանում: Ավանդույթ էր դարձել նաև նախագահական պալատում տիկին Բելլա Քոչարյանի կողմից տոնի առիթով կազմակերպված ընդունելությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի մի ընդունելության տեսագրությունը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի երկու համանման ուղերձներ` հղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընդ որում, վերջինս հայտանաբերել ենք մեր ձեռք բերած պահոցում, "ԼՂ Հանրապետություն" թերթի համարներից մեկում:

***

ԼՂՀ նախագահի դիմումը Արցախի կանանց

Թանկագին հայրենակցուհիներ,

Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս գարնանային տոնի առթիվ և մաղթել խաղաղություն ու բարօրություն Ձեր ընտանիքներին:
 
Դուք՝ Արցախի թանկագին կանայք, արիաբար հաղթահարում եք այն բոլոր փորձություններն ու կորուստները, որոնք մեր սերնդին բաժին են ընկել ազատ և անկախ Լեռնային ղարաբաղի հանրապետության կայացման ճանապարհին: Ակտիվ մասնակցություն ունենալով հայրենիքի պաշտպանությանը, պատերազմից ավերված տնտեսության վերականգնմանը, հանրապետությունում սկիզբ առած սոցիալ-տնտեսական վերափոխումների գործընթացին, ձեր փխրուն ուսերին դուք միաժամանակ կրում եք ընտանեկան օջախի պահպանման և Արցախի ապագայի՝ երեխաների դաստիարակության հոգսերի բեռը:

Համոզված եմ՝ այն կենսահաստատ ոգին, որը ներհատուկ է հայ կնոջը, կօգնի մեր ժողովրդին հասնել առաջադրված նպատակին:
Շնորհավոր ձեր տոնը:

ԼՂՀ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան

***

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը՝ մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Բոլոր մայրերին մաղթում եմ արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ: Նաեւ մաղթում եմ, որ Հայաստանի կանայք ավելի մեծ ակտիվություն դրսեւորեն եւ ավելի լիարժեքորեն ընդգրկվեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: