

2006 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ, հասարակական գործիչ Շարլ Ազնավուրին:
Մեծանուն երգիչը Հայաստան է ժամանել ֆրանսիական "Air France" ավիաընկերության առաջին չվերթով:
Ջերմորեն ողջունելով Շարլ Ազնավուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ նա տարվա ընթացքում առնվազն մեկ-երկու անգամ անպայման պետք է այցելի Հայաստան, լինի ոչ միայն Երեւանում, այլեւ` մարզերում, ճանաչի ողջ Հայաստանը:
"Ուրախ եմ տեսնել, որ երկրում կյանքն առաջ է շարժվում", - նշել է մեծանուն երգիչը:
Հանրապետության նախագահը եւ Շարլ Ազնավուրը քննարկել են հումանիտար խնդիրներ, անդրադարձել են "Ազնավուրը` Հայաստանին" հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին եւ նոր ձեռնարկներին: Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ֆրասիական կողմի հետ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներն ընդգրկող բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր: