Այց Ծաղկաձոր ԵՎ Աբովյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում
03 Նոյ 2011  

Ուսանողների հետ, ավանդույթի համաձայն

2005 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն հանդիպել էր ԵՊՀ իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ավանդույթի համաձայն, երկրի ղեկավարը մեր պետության համար կարևորություն ունեցող հարցերը մշտապես քննարկել է ուսանողության հետ: Այս անգամ առիթը Սահմանադրական բարեփոխումներն էին: Մենք չենք ուզում կրկին անդրադառնալ այն խնդրին, թե ինչ հսկայական նշանակություն ունեցան այդ բարեփոխումները մեր պետության համար: Սակայն այդ օրը Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ կիսել է Սահմանադրական բարեփոխումների հետ կապված իր մտորումներն ու տեսակետները: Այնուհետև, շուրջ երկու ժամ տեւած հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ուսանողների երկու տասնյակից ավելի հարցերի, որոնք վերաբերել են գլխավորապես ՀՀ սահմանադրության փոփոխություններին:

Ներածական խոսքում, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին առնչվող երեք հիմնական հարցադրումների, որոնց շուրջ են հիմնական հետաքրքրությունները, նաեւ շահարկումները:

"Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ: Ասեմ, որ այս անգամ հանդիպման վայրը ես եմ որոշել: Սովորաբար ուսխորհուրդների հետ բանակցություններից հետո է որոշվում: Տրամաբանությունը շատ պարզ է` արդիական հարցն այսօր իրոք սահմանադրական բարեփոխումներն է, եւ ում, եթե ոչ ապագա իրավաբանների հետ արժե քննարկել այս հարցը: Բայց, ինչպես միշտ, ուսանողների հետ հանդիպման օրակարգն ազատ է, եւ կարող եք հարցեր ուղղել ցանկացած ոլորտից: Հուսով եմ, կունենանք շատ ազատ, անկաշկանդ, ինտերակտիվ շփում: Կարծում եմ, երիտասարդության հետ հաղորդակցվելու միայն այս ոճը կարող է հաջողություն ունենալ: 

Անդրադառնալով Սահմանադրության բարեփոխումների գործընթացին, կցանկանայի առանձնացնել երեք կարեւոր կետեր: Առաջին` ընդհանրապես ինչպե±ս է ծնվել եւ որտեղի±ց է գալիս սահմանադրական բարեփոխումների գաղափարը, քանի որ կարծիքներ կան, թե սա իշխանությունների գլխին փաթաթված մի գաղափար է: Տրամաբանությունը հետեւյալն է` իշխանությունները երբեք չէին գնա այդ քայլին , եթե պարտադրվեծ չլինեին: 
Երկրորդ` ի±նչ կկատարվի, եթե հանրաքվեն չանցնի: Արդյո±ք սա հարված է իշխանություններին, եւ ինչքանո±վ է արդարացված ընդդիմության կողմից կիրառվող թեզը, թե "ոչ" ասելով Սահմանադրությանը` "Ոչ" է ասվում իշխանություններին: Եւ երրորդ` ի±նչ կկատարվի, եթե հանրաքվեն հաջողվի: Փորձեմ բացել այս երեք կարեւոր կետերը:

Հիշեցնեմ, որ դեռ 1998 թ. իմ նախընտրական ծրագրում կար սահմանադրական բարեփոխումների խոստում: Այն ժամանակ մենք չէինք անդամակցում Եվրախորհրդին, ընտրություններն արտահերթ էին, եւ ժամանակ չկար այս հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ծավալելու, բայց սահմանադրական բարեփոխումների հրամայականը արդեն գոյություն ուներ: Այն ժամանակ, ընտրություններից անմիջապես հետո, ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որն սկսեց աշխատել: Եթե հիշում եք, Պարույր Հայրիկյանն էր այդ հանձնաժողովի առաջին նախագահը: Ուրեմն ասել, թե այստեղ մեր գլխին ինչ-որ բան փաթաթեցին` ուղղակի անհեթեթ է: Եվրախորհդին անդամակցության ընթացքում մենք ստանձնել ենք բազմաթիվ պարտավորություններ բարեփոխումների խորոցման ուղղությամբ, եւ այդ բարեփոխումների մի մասը ուղղակի կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: Առանց սահմանադրական փոփոխությունների` այդ բարեփոխումները պարզապես հնարավոր չէ իրականացնել: Մեզ ոչ ոք չի ստիպել անդամակցել Եվրախորհրդին, դա մեր գիտակցված ընտրությունն է եղել եւ այն պայմանավորված է եղել համոզմունքով, որ պետք է խորացնել բարեփոխումները երկրում, պետք է ժողովրդավարացման գործընթաց եւ մեր միջազգային ներգրավվածության ընդլայնում: Առանց Եվրախորհրդին անդամակցելու, մենք այդ առումներով բավականին լուրջ կորուստներ կունենայինք:
 
Եւս մի կարեւոր հանգամանք: Եվրախորհրդին անդամակցել է ոչ թե նախագահը, այլ անդամակցել է Հայաստանի Հանրապետությունը` երկիրը: Ի դեպ, Եվրախորհրդին անդամակցելու բանաձեւը եւ ձեւաչափը շատ հետաքրքիր է. Եվրախորհրդին նամակով դիմել եմ ես` որպես նախագահ, դիմել է Ազգային Ժողովի նախագահը, դիմել է այն ժամանակ պաշտոնավարող վաչապետը: Եվ Եվրախորհրդի պարտադիր պայմանն էր, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները ստորագրեն մի հատուկ դիմումի տակ` վերահաստատելով, որ երկիրը պատրաստ է լիովին կատարել բոլոր պարտավորությունները, որոնք բանակցային այդ գործընթացում ձեւավորվել էին: Դա արվում է նրա համար, որ հետագայում կարող է ընտրությունների ընթացքում իշխանություն փոխվել, եւ որ ընդդիմությունը գալով իշխանության` չկարողանա ասել, թե, գիտեք, մենք փաստաթուղթ չեն ստորագրել, հետեւաբար պարտավորություններ չենք ստանձնել: Կստեղծվեր մի վիճակ, որը բավականին լուրջ հետեւանքներ կարող էր ունենալ: 
 
Կրկնում եմ, հիմնական բարեփոխումների փաթեթը ենթադրում էր շատ լուրջ սահմանադրական փոփոխություններ: Մենք պարտավորվել էինք այս քայլերն անել Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Հանրաքվեի դրվելիք նախագիծը պետք է համապատասխան մասնագիտական եզրակացություն ունենա: Եզրակացությունը եղել է, նախագիծը դրել ենք հանրաքվեի, եւ մարդիկ, ովքեր ստորագրել են այդ փաստաթղթերի տակ, այսօր ակտիվ քարոզարշավ են սկսել այս նախագծի դեմ: Ընդհանրապես, եթե մեկը մի բան է պարտավորվում, բայց հետո չի կատարում, մեր ժողովուրդն ինչպե±ս է որակում նման մարդկանց... ժողովրդական լավ բառ կա, սակայն չեմ ուզում այն կիրառել: Ամեն դեպքում, վիճակը սա է:
Ի±նչ է լինելու, եթե սահմանադրական բարեփոխումները չանցնեն: Միանգամից ասեմ, որ աշխարհը փուլ չի գա: Հաստատ: Եւ ես, որպես նախագահ, տեր եմ լինելու եւ "Այո"-ին, եւ "Ոչ"-ին: Բայց պետք է հաշվի առնենք նաեւ հետեւյալը, որ չկա մի երկիր, որի Սահմանադրությունը բազմաթիվ անգամ փոփոխությունների ենթարկված չլինի: Եւ այդ փոփոխությունները սովորաբար պայմանավորված են երկրի զարգացմամբ եւ տարբեր գլոբալ գործընթացներով: Ուրեմն, Սահմանադրությունը պետք է լինի փոփոխվող, կատարելագործվող փաստաթուղթ, որը պետք է միշտ համահունչ լինի ժամանակին: Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունը այդ առումով հնացել է, եւ կարիք կա շատ լուրջ բարեփոխումների: Երբ մենք ստանձնում էինք այդ պարտավորությունը, եւ մինչեւ պարտավորություն ստանձնելը, քաջ գիտակցում էինք, որ Սահմանադրության մեջ կան կետեր, որ որեւէ այլ եվրոպական սահմանադրության մեջ ուղղակի չկան: Օրինակ` որեւէ Սահմանադրության մեջ չկա կետ, որով նախագահը կարող է արձակել Ազգային Ժողովը խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: Բոլոր սահմանադրություններում հստակ նշված է, թե երբ կարող է նման բան լինել, իսկ այդ "երբ"-ը նշանակում է, որ Ազգային ժողովը կաթվածահար վիճակում է եւ ի վիճակի չէ աշխատելու: Ավելի պարզ օրինակներ բերեմ: Չկա մի երկիր, որտեղ դատախազին նշանակի նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Դասական տարբերակն է, երբ Ազգային ժողովն է նշանակում` կամ նախագահի առաջարկությամբ, կամ էլ` ըստ այլ մոդելների, սակայն Ազգային ժողովի մասնակցությունը կա բոլոր դեպքերում: Չկա մի երկիր, որտեղ Սահմանադրությամբ մայրաքաղաքը զրկված է համայնք լինելու կարգավիճակից:
 
Կարող եմ տասնյակ նման օրինակներ բերել: Սա խոսում է այն մասին, որ այս Սահմանադրությունը իսկապես փոխելու անհրաժեշտություն ունի: Եվ դրա համար ենք այդ որոշումը կայացրել: Եւ այդ որոշումը դարձավ մեր Եվրախորհրդին անդամակցության գործընթացի փաթեթի մի մասը: Թեպետ` այս Սահմանադրությունով էլ կարելի է ապրել: Ես ասացի, որ աշխարհը փուլ չի գա, եթե չանցնի, բայց այսպիսի համեմատություն անեմ` դա նման կլինի հին մեքենայով ճամփորդելուն` հզորությունն այն չէ, աղմուկը շատ է, յուղ է վառում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ կարող ես օգտվել: Այդ մեքենայով կարող ես ինչ-որ տեղ հասնել, բայց հարցն այն է, թե այդ տեղը ինչ ես պատկերացնում: Ասենք, Մինչեւ Սեւան կհասնես, մի քիչ հեռու կգնաս` "բուքսիրով" հետ կգաս... Որոշումը մերը պետք է լինի, թե հիմա ինչ ենք ուզում: Ընտրությունը, իհարկե, պետք է լինի ժողովրդինը: 

Հիմա այն հարցի վերաբերյալ, թե սահմանադրական բարեփոխումների ձախողումը հարված է լինելու իշխանություններին: Ես ուղղակի համոզված եմ, որ սա հարված է ոչ թե իշխանություններին, այլ երկրի վարկանիշին: Տեսնենք ինչ է կատարվում: Ձախողման դեպքում իշխանությունը մնալու է նույն լիազորություններով: Օրինակ, ես որպես նախագահ մնում եմ իմ լիազորություններով, բայց նաեւ ցույց եմ տալիս, որ ժողովրդավարությունը խորացնելու համար պատրաստ եմ այդ լիազորությունները զիջել: Համաձայնեք, որ շատ շահավետ վիճակ է, երբ դու ունես այն, ինչ ունեցել ես, բայց նաեւ ցույց ես տալիս, որ կառչած չես քո լիազորություններից: Վատ չէ: Իսկ ինչու± պետք է երկրի վարկանիշը այստեղ տուժի, քանի որ բոլորի կարծիքը հետեւյալն է լինելու` ժողովուրդը, հասարակությունը չքվեարկեց ավելի առաջադեմ նախագծի օգտին: Սա ինչ է նշանակում, եթե ոչ այն, որ հասարակությունը պատրաստ չէ լիարժեք ժողովրդավարության: Ես սա վիրավորական եմ համարում եւ երկրի, եւ ժողովրդի համար, եւ չեմ կարծում, որ վիճակն այդպիսին է: Ովքեր ՙՈչ՚ են քարոզում` քարոզում են մի բանի համար, որը իրոք վիրավորական է, եւ որը վատ անկյան տակ կներկայացնի աշխարհին մեր երկիրը, մեր ժողովրդին: Դրանով կստեղծվի մի վիճակ, ըստ որի իշխանություններն ավելի առաջ են անցել երկրի ժողովրդավարացման իրենց պատրաստակամության տեսանկյունից, քան հասարակությունը: Մենք ուղղակի իրավունք չունենք նման իրավիճակ ստեղծել մեր ապագայի համար: 

Այս բոլոր պատճառները ի մի բերելով, ուղղակի կառաջարկեի, որ այլ բանաձեւ կիրառենք` ոչ թե ի±նչ է կորցնելու երկիրը, երկիրը շատ բան չի կորցնելու, համենայնդեպս` եղածից, այլ թե ի±նչ հնարավորություն է բաց թողնելու, ի±նչ ձեռք չի բերելու: Այստեղ, կարծում եմ, ցանկը բավական մեծ կարող է լինել:

Ի±նչ կստանա երկիրը, եթե սահմանադրական բարեփոխումները հաջողվեն: Առաջին հերթին զարգացման նոր հնարավորություններ: Բարեփոխումների թեկուզ հաջող ընթացքի դեպքում առնվազն երկու տարվա քրտնաջան աշխատանք է պահանջվելու ամբողջ օրենսդրությունը նոր Սահմանադրուիթյանը համապատասխանեցնելու համար: Մեծ աշխատանք է պահանջելու: Մենք չունենք, նավթ, գազ, մեծ բնական պաշարներ... Մեր ներուժը մարդկային գործոնն է, մարդկային ներուժը, որի բացահայտման լավագույն ճանապարհը արմատական բարեփոխումներն են: 

Բարեփոխումներ, որի ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա դրսեւորվել իր ընդունակություններին համապատասխան: Սա է մեր երկրի տնտեսական զարգացման երաշխիքը: Այն հանգամանքը, որ մենք այսօր աճում ենք բավական արագ տեմպերով, գալիս է հենց սրանից: Սա ենք մենք ստանալու սահմանադրական բարեփոխումների հաջող ավարտի պարագայում: Երկրի կայուն վարկանիշ, որպես երկիր եւ ժողովուրդ, որը նվիրված է ժողովրդավարական եւ ազատական արժեքներին: Այսօր սա չափազանց կարեւոր է հատկապես մեր տարածաշրջանում: Եւ եթե այս ամենը լինի, անկասկած կամրանան մեր դիրքերը միջազգային ասպարեզում, այլ երկրների հետ հարաբերություններում, որովհետեւ Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալման առումով դառնալու է Հարավային Կովկասում առաջատար երկիրը` դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով: Սա է մոտավորապես այն` ինչ մենք կարող ենք ստանալ:
 
Այսքանը, որպես ներածական խոսք եւ առաջարկում եմ մնացած ժամանակը տրամադրենք ձեր հարցերին: Կրկնեմ, որ թեմաների շրջանակը բաց է":

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: