09.02.2006. Սփյուռքի հետ միասին
03.07.2007. Կազմակերպված եւ զարգացող համայնք
13 Սեպ 2011  
13.09.2011  |  13:59   |   Թերթեր և ամսագրեր

01.02.2005. Վենետիկի հայկական շունչը

Անկասկած էր, որ Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկրորդ քաղաքը, ուր մեկնելու էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լինելու էր Վենետիկը։ Եւ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանը եւս ընդգծեց այդ հանգամանքը, նշելով, որ դա պայմանավորված է Վենետիկի հետ հայերի դարավոր առնչության եւ այստեղ հայության վաղեմի ներկայության իրողություններով։ 

Պետք է նկատել, որ անհաշիվ ջրանցքների հրաշակերտ քաղաքը Հայաստանի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորեց իր ողջ շքեղությամբ։ Բանն այն է, որ հենց այս օրերին այնտեղ վենետիկյան հանրահայտ կառնավալն է՝ պերճաշուք դիմակներով ու դիմակահանդեսային զգեստներով համաժողովրդական, թատերականացված մի տոն, որ վենետիկցիները նշում են մեծ պասն սկսելուց առաջ։

Հունվարի 29-ին նախագահը եւ պաշտոնական պատվիրակության անդամները նախ այցելեցին Սուրբ Մարկոս հանրահայտ եկեղեցին եւ եղան Դոժերի պալատում, որն այժմ արվեստի գործերի չափազանց հարուստ եւ ճոխ հավաքածու ունեցող թանգարան է դարձել։ Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Վենետիկի քաղաքապետ Պաոլո Կոստայի հետ, իսկ քիչ անց, մոտորանավակով մեկնեց Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարան, որը հիմնադրվել է 1836 թվականին։ Այս վարժարանի հայտնի սաներից մեկն էլ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանն է եղել։

Սակայն, ինչպես տեղեկացրեց Մխիթարյան միաբանության ընդհանուր մատակարար հայր Մեսրոպ Սյուլահյանը, 1998 թվականից ի վեր, այս հանրահայտ վարժարանը չի գործում, ինչը պայմանավորված է ե՛ւ տնտեսական դժվարություններով, ե՛ւ սաների թվի նվազմամբ։ Բացի այդ, Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքը վերանորոգման կարիք է զգում, ինչը բազմամիլիոն եվրոներ պահանջող գործ է։ Եւ ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքերով, նախատեսում են այստեղ Մխիթարյան միաբանության կողմից ղեկավարվող հայկական միջազգային մշակութային կենտրոն ստեղծել։ 

Պետք է նկատել, որ վարժարանի շենքին մերձակա պալատում արդեն իսկ նման մի կենտրոն գործում է։ Ինչպես նշեց հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի երաժշտական բաժնի ղեկավար Մինաս Լուռյանը, իրենք զբաղվում են օտար շրջանակներում հայկական մշակույթի՝ արվեստի, ճարտարապետության, երաժշտության տարածման ու քարոզչության խնդիրներով, հրատարակում գրքեր, թողարկում հայկական երաժշտության ձայնասկավառակներ։ 

Ուշագրավ էր, որ Հայաստանի պատվիրակության այցելության մասին իմանալով, այստեղ էր եկել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ եւ Վենետիկի գրասենյակի տնօրեն Մարի-Պոլ Ռուդիլը։ Օգտվելով առիթից, նա մեր երկրի ղեկավարին հայտնեց, որ իրենք ցանկություն ունեն առավել խորությամբ զբաղվել Կովկասով, մասնավորապես սերտորեն համագործակցել Հայաստանի հետ, հայկական մշակութային հուշարձանների վերանորոգման եւ հաշվառման հարցերում։

Մուրադ-Ռաֆայելյան վարժարանից նախագահ Ռ.Քոչարյանն ուղեւորվեց Վենետիկի «Կանթեղների նրբանցքում» գտնվող Հայոց Սուրբ Խաչ եկեղեցի, որը կառուցված է 1434 թվականին, եւ այդ շրջանից Իտալիայում պահպանված հայկական ամենահին եկեղեցին է։ Ի դեպ, եկեղեցի տանող ճանապարհն անցնում է Վենետիկի «Հայերի նրբանցք» փողոցով, որը տակավին այդպես է կոչվում։

Ընդհանրապես Վենետիկը հայության համար պատմականորեն արժանահիշատակ քաղաք է։ Թեկուզ հենց այն պատճառով, որ 1512 թվականին այստեղ է Հակոբ Մեղապարտը լույս ընծայել առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Սակայն հայ-վենետիկյան առնչությունների մասին ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 6-7-րդ դարերին։ Իսկ միջպետական առումով այդ հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում, հայ առեւտրականների, նավաստիների ու նավաշինարարների շնորհիվ։ 

Ու առավել եւս խորհրդանշական էր, երբ հաջորդ օրը, այցելելով հայկական Սուրբ Ղազար կղզին (Վենետիկի քարտեզի վրա այն այդպես էլ նշված է՝ "S.Lazzaro degli Armeni"), առաջինը, ինչ տեսանք փոքրիկ ծովախորշում, մեր "Կիլիկիա" նավն էր։ 

Ինքնին հուզիչ ու անմոռանալի է լինել մի վայրում, որ յուրօրինակ լուսապսակ ունի ասես ցանկացած հայի համար, քանզի այս կղզում են ապրել ու մեր մշակույթը, գիր-գրականությունը, հայագիտությունը զարգացրել ազգի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Մխիթար Սեբաստացի աբբահայրը, Ղեւոնդ Ալիշանը, "Բազմավեպի" հիմնադիր-խմբագիր Գաբրիել Այվազովսկին եւ բազում այլք։ Այստեղ է նաեւ մի որոշակի շրջան ապրել եւ հայերեն սովորել Բայրոնը։ 

Եւ այդ ամենի մասին վկայությունները մինչ այժմ էլ խնամքով պահվում են Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ներկայիս վանականների կողմից։ Սուրբ Ղազարի Մխիթարյան թանգարանն ամփոփում է անգնահատելի նմուշներ, որոնցից առավել հուզիչը Կիլիկիո Լեւոն Զ թագավորի թուրն է՝ պատրաստված Սիսում, 1366 թվականին։ Ոչ պակաս ճոխ է միաբանության պատկերասրահը՝ Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Գառզու, իսկ ձեռագրատանը պահվում են շուրջ հինգ հազար մագաղաթյա նմուշներ, բացի այդ, Մխիթարյան հրատարակության բազմահազար հատորներ։ 

Սակայն, ինչպես նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց աբբահայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, միաբանությունը ներկայումս որոշակի աջակցության կարիք ունի՝ իր գործունեությունը նույն ոգով շարունակելու տեսանկյունից։ Պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը եւս կարեւորեց այդ հանգամանքը։ Նախագահը մասնավորապես ընդգծեց, թե ամեն ինչ պետք է անել պահպանելու համար Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանությունը, որպեսզի հանկարծ չկրկնվի Մադրասի պատմությունը, ուր եւս հայությունը հսկայական արժեքներ է ունեցել, բայց ժամանակի ընթացքում դրանք կորստյան են մատնվել։ 

Ռ.Քոչարյանը միաժամանակ Մխիթարյան միաբանությանը փոխանցեց Հայկական հանրագիտարանի նվերը՝ իրենց իսկ հրատարակած նոր գիրքը Ղարաբաղյան ազատագրական պատերազմի մասին։

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: