08.09.2004. Լեհաստանի դերը կարեվորվում է
29.09.2006. Կեցցե~ Հայաստանը. այս շաբաթվա վերջին կմեկնարկի Հայաստանի
14 Հուլ 2011  
14.07.2011  |  15:06   |   Համացանց

"Ոսկե Ծիրան"-ի համառոտ հանրագիտարան

Հայաստանում շատ քիչ փառատոններ կան, որոնք սիրված են եւ կայացած: Եզակիների թվում է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է մեր երկրի մայրաքաղաքում: Ամենամյա կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, սակայն այն ժամանակ քչերն էին հույսեր կապում նրա հաջողության հետ: Երբ առաջին անգամ կիսաձայն բարձրացվեց Երևանում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարը, ճնշող մեծամասնությունը անլուրջ վերաբերվեց դրան: Հեռանկարը չէին տեսնում ոչ միյան լայն շրջանակները, այլև մշակույթի ոլորտի պատասխանատուները: Աստեղ կարեւորել է պետք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը, որի միանշանակ կարծիքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել իներցիայի եւ բյուրոկրատության անհաղթահարելի թվացող պատնեշը: 

Փառատոնի հիմնադիրներն են "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան: Իսկ առաջին կինոփառատոնի ծիրանի խորհրդանիշը եւ աֆիշները ձեւավորել է հոլիվուդյան հայտնի դիզայներ, ազգությամբ հայ Վահե Ֆաթալը։ Անպայման պետք է ընդգծել, որ առաջին կինոփառատոնին արդեն ներկայացված էր Փառատոնի 121 ֆիլմ։ Արդեն հեռավոր 2004-ին, երբ փառատոնի կազմակերպիչները հայտարարում էին, որ այն ավանդական է դառնալու, շատերը թերահավատորեն քմծիծաղ էին տալիս: Այսօր, երբ մեկնարկել է 8-րդ կինոփառատոնը, կարող ենք արձանագրել, որ այն կայացել է, եւ արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ այն ավանդական է:

"Ոսկե ծիրանը" ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։ Փառատոնի կայացվածության եւ սիրված լինելու մասին է վկայում այն փաստը, որ այն վերջին տարիներին Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Խորհրդանշական է նաեւ, որ փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեքը։

Փառատոնի ֆիլմերի հիմնական մասն ամեն տարի ցուցադրվում են "Մոսկվա" եւ "Նաիրի" կինոթատրոններում։ Այս տարի, ցավոք, պետք է արձանագրենք, որ "Նաիրի" կինոթատրոնն այլեւս չի մասնակցի այս գեղեցիկ փառատոնին:
 
Փառատոնի կազմակերպիչներն ընդգծում են, որ "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր "Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ" է, որն ընտրված է Հայաստանի եւ աշխարհի միջև մշակութային կապերի եւ երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ "Ոսկե ծիրան" գլխավոր մրցանակ եւ մեկ հատուկ մրցանակ: Փառատոնի "Հայկական համայնապատկեր" անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տեւողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով: Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում: 

"Ոսկե ծիրանը" ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ Հիշեցնենք, որ անցած տարի փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահել է իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիկսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ "Հայկական համայնապատկեր" անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ եւ պրոդյուսեր Արմեն Մեդվեդեւը։

Հիմա, երբ արդեն ընթանում է 8-րդ կինոփառատոնը, ավելորդ եւ ծիծաղելի են թվում առաջին կինոփառատոնից հետո հնչած այն կարծիքները, որ Հայաստանում չի կարող ավանդական կինոփառատոն տեղի ունենալ: Պարզվեց` կարող է: 

"Փառատոնը միայն բացում եւ փակում չէ։ Ֆիլմերը ցուցադրվում էին դատարկ դահլիճներում։ Ճիշտ չէր աշխատանքը լրատվամիջոցների հետ։ Նախապես հասարակությանը պիտի տեղեկացվեր ցուցադրվելիք ֆիլմերի ցանկի մասին, պետք է ապահովվեր որոշակի դաշտ",- ասում էին որոշ կինոսիրողներ։ Առաջինն ամենադժվարն է լինում: Հետո ամեն ինչ աստիճանաբար իր տեղն ընկավ: Ոմանք նույնիսկ հեգնելով, ասում էին, թե պետք չէ միջազգային կոչել փառատոնը եւ այն անցկացնել միայն հայկական ֆիլմերի շրջանակներում։ 

Չնայած դժգոհություններին, համընդհանուր ներողամտություն կար: Չէ՞ որ առաջինն էր եւ մեկտեղ էին հավաքվել հայեր, որոնցից ոմանք Հայաստանում առաջին անգամ էին։ 

Ինչեւէ, առաջին փառատոնը կայացավ եւ խաղարկային ֆիլմերի համար սահմանված "Ոսկե ծիրան" գլխավոր մրցանակը շնորհվեց Ատոմ Էգոյանի (Կանադա) "Արարատ" ֆիլմին։ Հատուկ մրցանակ ստացավ "Տեղ երկրի վրա" ֆիլմը, ռեժիսոր` Արթուր Արիստակեսյան (Ռուսաստան)։Կարճամետրաժ ֆիլմերի ժանրում, որը, ի դեպ, հայ ռեժիսուրայի նվաճումներից է, քանի որ այս բնագավառում հայաստանցիներն ասելիքի առումով առաջնային են, "Ոսկե ծիրանը" ստացավ Ստեֆան Էլմաջյանը (Ֆրանսիա)` "Freedub 1" ֆիլմի համար։ Հատուկ մրցանակը շնորհվեց Կոմս Շահբազյանի (Բելգիա) "Y.U.L." ֆիլմին։ Փաստագրական ֆիլմաշարում ժյուրիի մրցանակ ստացավ Գեորգի Փարաջանովը (Ռուսաստան)` "Ես մահացել եմ մանուկ հասակում" ֆիլմի համար: 

"Ոսկե ծիրան" երեւանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Ընդ որում, նա ժամանել է իր ռեժիսորական աշխատանքներով: Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր կներկայանա փառատոնին իր նկարահանած երկու ֆիլմերով` "Մոխիր եւ արյուն" եւ կարճամետրաժ "Բացակա երազներ" ("Сhimeres absentes"):

Այն, որ մեր "Ոսկե ծիրանը" կայացել է, վկայում է նաեւ այն փաստը, որ այս տարի աշխարհի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը: Կարծում ենք, սա արդեն լուրջ հաջողություն է: Իսկ 8-րդ "Ոսկե ծիրանի" մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները: Այս անգամ խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ "The Guardian"-ի եւ "London Evening Standard"-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի մյուս անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-Չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը: "Կորիզ" անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) եւ Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Երեւանյան պրեմիերաների շարքում այս տարի "Ոսկե ծիրանը" կներկայացնի Կաննի կինոփառատոնի երեք մրցանակակիրներին` Թերենս Մալիքի "Կենաց ծառը" ("Ոսկե արմավենու ճյուղ"), Նուրի Բիլգե Ջեյլանի "Մի անգամ Անատոլիայում" ("Գրան պրի"), Լարս ֆոն Թրիերի "Մելանխոլիա" ("Լավագույն դերասանուհի" Քիրսթեն Դանսթ): Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաեւ Բրեյդեն Քինգի "Այստեղ", Պավել Կոստոմարովի "Ես քեզ սիրում եմ" եւ Սերժ Ավետիքյանի "Շների պատմությունը" ֆիլմերը:

Արժե նշել նաեւ, որ հատուկ տեղ է հատկացված նաեւ երիտասարդական կինոյին, ինչը եւս կնպաստի փառատոնի կայացմանը եւ զարգացմանը:

Հասմիկ Մարգարյան
TopNews.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: