Պատասխանատվության ծառայելու ճանապարհը
03.04.2007. Կայացավ Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացումը
12 Ապր 2012  
12.04.2012  |  14:10   |   Համացանց

03.04.2007. Երեւան քաղաքի պատմության թանգարանն այսուհետ կգործի նոր տարածքում եւ նոր ցուցադրությամբ

Երեւանի քաղաքապետարանի շենքում այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ վերաբացվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Այն 75 տարվա գոյության ընթացքում հինգ անգամ տեղափոխվել է, 56 տարի գործել է Երեւանի Կապույտ մզկիթում: 

Քաղաքապետարանի նոր շենքի կառուցման ժամանակ թանգարանին տարածք է հատկացվել: 2005թ-ից այն ներկայանում էր միայն ժամանակավոր, թեմատիկ ցուցադրություններով, այսօր` "Երեւանը հնագույն ժամանակներից մինչ այսօր" խորագրով ցուցադրությամբ: 

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը բացման խոսքում նշեց, որ այժմ թանգարանը գտել է իր վերջնական եւ մշտական հանգրվանը: Պահվող 87 հազար նմուշները վկայում են Երեւանի ու բնակչության բազմադարյա պատմության մասին: Թանգարանի հնագույն նմուշը 80 հազար տարեկան է: 

Ե.Զախարյանի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության տրամադրած 71 միլիոն դրամի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Հնարավոր է եղել ամբողջությամբ կահավորել եւ ձեւավորել բոլոր ցուցասրահները: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին ու կառավարությանը մշտական ուշադրության եւ գործուն աջակցության համար, նաեւ թանգարանի աշխատակազմին, որ վատագույն պայմաններում կարողացել է պահպանել ցուցանմուշները: 

"Բոլորն այսուհետ պարտավոր են ուշադիր լինել թանգարանի հանդեպ, պահպանել այն ու հասցնել սերունդներին", - ասաց Ե.Զախարյանը:

ՀՀ ԳԱ ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով` փաստելով Երեւանի 2788-ամյակը` անհրաժեշտ է ունենալ դրա փաստական նյութը: Այդ իմաստով, ըստ նրա, շատ ցավալի էր, որ հնամյա Երեւանը տասնամյակներ շարունակ ըստ արժանվույն չուներ թանգարանային շենք: Իսկ այսուհետ քաղաքապետարան այցելող արտասահմանյան հյուրերը եւս կծանոթանան հնամյա քաղաքի կենսագրությանը: 

Ա.Մելքոնյանի գնահատմամբ` թանգարանում հին շրջանը շատ հարուստ է ներկայացված, քանի որ քարեդարի ժամանակաշրջանից Երեւանի տարածքում հնավայրեր են եղել: Նա ցավալի համարեց, որ վաղ միջնադարյան ժամանակաշրջանն աղքատ է, որովհետեւ պատմության այդ հատվածում քաղաքների զարգացումն անկում է ապրել: Ներկայանալի նյութ կա նաեւ 10-13-րդ դդ-ից, ուշ միջնադարի շրջանից: Նոր եւ նորագույն շրջանը ներկայացնում է մերօրյա Երեւանի ողջ պատկերը:

Թանգարանում շրջելուց հետո ՀՀ նախագահը գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում: "Հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին վայել թանգարան է: Վստահ եմ, որ շարունակաբար հավաքելով մեր մայրաքաղաքի պատմության վկայականները` այն լինելու է Երեւանի ամենաշատ այցելու ունեցող կենտրոններից մեկը", - գրեց Ռ.Քոչարյանը:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ ՀՀ նախագահին շատ են հետաքրքրել 80 հազար տարվա պատմություն ունեցող նյութերը: Ռ. Քոչարյանն արժեքավոր է համարել քաղաքաշինության հետ կապված նմուշները, քաղաքի հին լուսանկարները, խեցեղենը, Կարմիր բլուրի 3 հազարամյա կարասը, հնամյա գորգերը, տարազները: 

Ա.Սարգսյանը վստահություն հայտնեց, որ թանգարանն իր նոր, ներկայանալի տարածքով եւ ցուցադրությամբ մեծ հետաքրքրություն կառաջացնի զբոսաշրջիկների մոտ: Այս տարի ծրագրվում է վերականգնել վնասված ցուցանմուշները: 

Ա.Սարգսյանը ՀՀ նախագահին նվիրեց թանգարանի 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի զեկույցների ժողովածուն:

Թանգարանը հիմնադրվել է 1931թ-ին, եւ առաջին նվիրատվությունները կատարել են մշակույթի մեծերը` Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը: Երբ հավաքվել է 800 ցուցանմուշ, թանգարանին փոքրիկ մասնաշենք է տրամադրվել: 

Իրանահայ Հուսիկ Բուդաղյանը թանգարանի վերաբացման կապակցությամբ նվիրել է 1919թ-ի երաժշտական թանկարժեք գործիքներ: 

www.armradio.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: