Եռօրյա պաշտոնական այց
Լավագույն կենտրոններից մեկը
08 Նոյ 2013  

Այն ինչ արվում է ՀՕՖ-ի կողմից, արվում է հոգով

2000 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Ամերիկայի Հայ Օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներին, որոնք Հայաստան էին ժամանել խորհրդի ժողովին մասնակցելու նպատակով:

Գոհունակություն արտահայտելով կազմակերպության այդպիսի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան այցելության առթիվ, հանրապետության նախագահն ընդգծել է, որ ՀՕՖ-ի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բոլոր ծրագրերի ընթացքի մեջ են եւ հաջողությամբ իրականացվում են: Նրա խոսքերով, կազմակերպության միջոցներով Հայաստանում կատարվող ծրագրերը բարձր են գնահատվում եւ ժողովրդի, եւ իշխանությունների կողմից: Ռոբերտ Քոչարյանը հիշատակել է ՀՕՖ-ի իրականացված մի գեղեցիկ ձեռնարկի՝ Գյումրիում բացված դպրոցի մասին, որն, իսկապես տպավորիչ էր թե կատարված աշխատանքի, թե ժողովրդի վերաբերմունքի առումով: Նշելով, որ արդեն տասնմեկ տարի է, որ Հայ օգնության ֆոնդն իր ազգանվեր գործունեությունն է ծավալել հայրենիքում՝ իրականացնելով եւ մարդասիրական, եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր, Նախագահը վստահություն է հայտնել, որ կազմակերպության ակտիվ գործունեությունն այսուհետեւ եւս կշարունակվի՝ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի: «Այն, ինչ արվում է ՀՕՖ-ի կողմից, արվում է հոգով, սրտով եւ հավատով, ինչն առանձնակի ջերմություն է հաղորդում մեր հարաբերություններին»,-շեշտել է հանրապետության նախագահը:

Ըստ ՀՕՖ-ի ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամները պարբերաբար այցելել են Հայաստան, բայց առաջին անգամն է, որ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի պաշտոնական ժողովը գումարվում է Երեւանում: Իրենց նպատակն է հնարավորինս օգտակար լինել հայրենիքին, քննարկել նոր ձեռնարկներ եւ նախանշել բարեգործական առաքելության հետագա շարունակման հիմնական ուղղությունները:

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է ՀՕՖ-ի կողմից «Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի» հիմնումը: Նա կազմակերպությանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել երկրաշարժի գոտու վերականգնման աշխատանքներին: Նախագահի խոսքերով, անթույլատրել է, որ երկրաշարժից տասներկու տարի անց դեռեւս գոյություն ունի աղետի գոտի հասկացությունը: Նա առաջնահերթ խնդիր է համարել նաեւ ԼՂՀ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը: Ռոբերտ Քոչարյանը նաեւ տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Հայաստանում մշտապես գործող երիտասարդական կենտրոնի ստեղծման աշխատանքները: Կենտրոն, որտեղ կանոնավորապես կանցկացվեն բոլոր գաղթօջախներից եկած երիտասարդների հավաքներ:

ՀՕՖ անդամներն իրենց առաջիկա ծրագրերի շարքում նշել են, որ մտադիր են իրականացնել գիտության զարգացմանը, մասնավորապես երիտասարդ գիտնականների խրախուսմանն ուղղված ձեռնարկներ, ինչպես նաեւ մի շարք այլ մարդասիրական ծրագրեր:

Ավելացնենք, որ պաշտոնավարման հետագա տարիներին նախագահ Քոչարյանն էլի հանդիպումներ է ունեցել ՀՕՖ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես, ասենք` 2007 թվականին, և դարձյալ զրույցը եղել է կառուցողական ` թե իրականացված ծրագրերի գնահատման և թե գալիք ձեռնարկումների խրախուսման իմաստով:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: