

Ութը տարի առաջ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին հայոց նորագույն պետականության շինարարության մեջ տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն, որի նշանակությունը մինչ այսօր դեռևս ամբողջապես ըմբռնված ու գիտակցված չէ: Երկրում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, հանրաքվե, որի նախաձեռնողը հենց նախագահ Քոչարյանն էր:
9/11 ընտրատեղամասում քվերկելուց հետո երկրի ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ առաջին հերթին ակնկալում է լավ կազմակերպված գործընթաց` անկախ քվեարկության արդյունքից. «Ինչպիսի՞ արդյունք կլինի` չեմ ուզում կանխագուշակել. սպասենք մինչեւ երեկո: Երկու ընտրությունն էլ, անկասկած, կհարգեմ»,- նշել է նախագահը:
Երկու օր անց, երբ արդեն պարզ էին հանրաքվեի արդյունքները, նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ հղեց Սահմանադրության մեջ հանրաքվեով փոփոխություն կատարելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ընթացքում միանշանակ եւ վճռական «Այո» ասելու կապակցությամբ: Սա մի մեծ հաղթանակ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրում:
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չգտնվեցին երկրի ապագայի նկատմամբ եւ ակտիվ մասնակցեցին հանրաքվեին: Կարծում եմ, որ այս հանրաքվեում չեն կարող հաղթողներ եւ պարտվողներ լինել: Սահմանադրությունը բոլորինս է, եւ այժմ ժամանակն է աշխատել միասին` սահմանադրական դրույթները կյանքի կոչող իրավական ակտերի մշակման եւ ընդունման համար:
Կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին բարեփոխված Սահմանադրություն ունենալու կապակցությամբ: Ժողովրդի «Այո»-ն վկայեց երկրում բարեփոխումներն ավելի խորացնելու հասարակական պահանջի առկայության մասին: Բարեփոխված Սահմանադրությունը հարթում է Հայաստանը 21-րդ դարի ծաղկուն երկիր դարձնելու ուղին»:
Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս հանրաքվեին, և առհասարակ պետական համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների այն բարեփոխումներին, որոնք իրականացվեցին նախագահ Քոչարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ութը տարի առաջ նույնիսկ արմատական շատ ընդդիմադիրներ խոստովանեցին, որ Սահմանադրական բարեփոխումներն իսկապես սահմանափակում են նախագահի լիազորությունները և ավելացնում խորհրդարանի ու վարչապետի իրավասությունները, ինչը հնարավորություն է տալիս ունենալ հակակշռումների ու զսպումների գործուն համակարգ:
Միանգամայն այլ հարց է, թե ինչ կիրառություն գտան այդ փոփոխությունները պրակտիկայում և ինչպիսին են այդ հակակշռումներն այսօր: Սակայն այն արդեն սահմանադրական ուժ ուներ: Ըստ բարեփոխված Սահմանադրության վերացվեց նախագահի` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու իրավունքը: Վերացվեց կառավարության կառուցվածքը սահմանելու, նրա որոշումները վավերացնելու ՀՀ նախագահի իրավունքը: Բարեփոխված Սահմանադրությամբ կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում առանց հանրապետության նախագահի վավերացման: Այդուհետ նախագահը կարող է միայն կասեցնել կառավարության որոշումները մեկ ամսով և այդ ընթացքում դիմել Սահմանադրական դատարան: Վերացվեց նաև` վարչապետին ազատելու նախագահի լիազորությունը: ՀՀ նախագահն այլևս չէր նախագահում Արդարադատության խորհուրդը: Սահմանափակվեցին նախագահի բազմաթիվ այլ լիազորություններ ևս` սկսած վարչապետի նշանակումից մինչև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը, էլ չասած` ԱԺ-ը ցրելու իրավունքի մասին: Սահմանափակվեց նաև նախագահի կողմից, ասենք` Հեռուստետեսության հանրային խորհրդում, կամ օրինակ` ԿԸՀ-ում նշանակվելիք անդամների թիվը: Ստեղծվեց Վերահսկիչ պալատը, որի նախագահին թեև նշանակում է ԱԺ-ը, սակայն պալատը չի ենթրկվում ոչ ԱԺ-ին, ոչ էլ նույնիսկ հանրապետության նախագահին: Սահմանադրական փոփոխությունների դրական քայլերից էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների երկարացումը, բարդացվեց համայնքների ղեկավարներին պաշտոնանկ անելու գործընթացը: Երևանի կարգավիճակը մարզից փոխվեց համայնքի, քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ դարձավ ընտրովի: Սահմանադրական փոփոխությունների ձեռքբերումներից էր նաև երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումը:
Սահմանադրական փոփոխությունները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Դատական համակարգում ընթացող բարեփոխումները նույնպես նոր հնարավորություններ ստացան: հստակեցվեցին քաղաքացու իրավունքներն ու մարդու իրավունքները:
Կարելի է դեռ երկար թվարկել բարեփոխումների ենթարկված ոլորտների ու իրավասությունների շարքը, սակայն դեռ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում ու զգուշացնում էր, որ սահմանադրական բարեփոխումները շարունակական գործընթաց պետք է լինեն, և երբեք չպետք է հանգստանալ ձեռք բերածով ու կարծրացնել օրենքները: Բայց նոր բարեփոխումների համար նախ պետք է կյանքի կոչել ու գործնականորեն կիրառել արդեն բարեփոխված դրույթները:
Ներկայացնում ենք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Սհամանդրության ընդունման տասնամյակի կապակցությամբ: